Քաղաքականություն

Խմբագրական առօրյա (իրապատում)

Խմբագրական առօրյա (իրապատում)

Լինում է, չի լինում, մի գլխավոր խմբագիր է լինում: Մի օր էս գլխավոր խմբագիրն իր ֆոտոթղթակցին կանչում է ու ասում.

-Վռամիկ, էս կողմերում Քպստան անունով մի երկիր կա: Ահագին լավ նյութ ունենք այդ երկրի մասին, բայց լուսանկարներ չկան: Վաղը կգնաս Քպստան, մի քանի հատ ֆոտո կանես, կբերես:

-Աչքիս վրա, գլխավոր ջան,- ասում է Վռամիկն ու գնում ճանապարհի պատրաստություններ տեսնելու:
Հաջորդ իսկ առավոտյան ճամփա է ելնում: Մի քիչ որ գնում է, հանկարծ միտքն է գալիս, որ էդ անտեր Քպստանի տեղը չգիտի: Բա ի՞նչ անի, հո հետ չի գնա… Վերջը՝ հարցուփորձ անելով գտնում է էդ Քպստանը: Մտնում է ներս, ի՞նչ տեսնի… Ճանապարհները քարուքանդ, մարդիկ` ավտոները կանգնեցրած, էշով են երթևեկում: Սկսում է նկարել այդ էկզոտիկ տեսարանները… Չըխկ, չըխկ, չըխկ… Այդպես մի 100-ի չափ քպստանցու է նկարում: Սրանք նեղվում են, շրջապատում Վռամիկին, թե խի՞ ես մեզ նկարում: Վռամիկն էլ, ինչպես գլխավոր խմբագիրն էր ասել՝ դուզ-դուզ պատմում է ամեն ինչ՝ թե բա ձեր երկրի մասին ահագին լավ նյութ ունենք, նկարներ են պետք, որ դրանք տպենք:
-Բայց մեր նկարներից մեզ կուղարկե՞ք,- հարցնում է ավանակից հենց նոր իջած մի քպստանցի:
-Կուղարկեմ, իհարկե, բոլորիդ էլ կուղարկեմ,- պատասխանում է Վռամիկն ու ճանապարհ ընկնում դեպի խմբագրություն:

Տեղ հասնելուն պես, չիպը հանում է ֆոտոխցիկից, միացնում համակարգչին, որ նկարները դզրտի, տեսնում է ի՞նչ… Բոլոր նկարներն աղավաղված են, մի նկար է միայն պահպանվել, էն էլ՝ Քպստանի առաջնորդի էշով նկարը: Բա ինչ անեմ… Անհարմար բան ստացվեց, հիմա այդ մարդիկ իրենց նկարներին են սպասում: Վռամիկը, սակայն, դեռ Քպստանում էր նկատել, որ քպստանցիք իրար շատ նման են: Իսկույն այդ միակ լուսանկարից մի 100 հատ տպում է, մտնում գլխավոր խմբագրի մոտ ու խնդրում, որ մի անգամ էլ իրեն գործուղի Քպստան՝ նոր լուսանկարներ անելու: Խմբագիրը համաձայնում է: Վռամիկը դարձյալ ճանապարհ է ընկնում դեպի Քպստան: Սահմանը նոր էր անցել, որ քպստանցիք շրջապատում են սրան ու պահանջում իրենց լուսանկարները: Խնդրեմ, խնդրեմ՝քաղաքավարի տոնով ասում էր Վռամիկն ու բաժանում մոտի լուսանկարները: Քպստանցիք էլ ուրախ-ուրախ վերցնում ու հեռանում են: Նրանցից մեկը, սակայն, ոտքը կախ է գցում ու հարցական հայացքով նայում Վռամիկին:
-Հը՞, ինչո՞ւ ես այդպես նայում, նման չի՞ քեզ…
-Չէ, նմանը՝ նման ա, բայց ոնց որ էշը իմը չի…
-Հա՜, երևի էշի ռակուրսը լավ չեմ բռնել,- տեղում կողմնորոշվում է Վռամիկը,- նստիր էշը, մի հատ էլ նկարեմ…

Հ.Գ. Սիրելի մեծահասակ թոռնիկներ, հասկացա՞ք ինչի մասին էր հեքիաթը… Ա՜յ շատ ապրեք: Հեքիաթն իսկապես հնարամիտ Վռամիկի և «էշդոմփող» քպստանցիների մասին էր: Եվ ուրեմն, երկնքից երեք խնձոր է ընկնում՝ մեկը պատմողին, մեկը Վռամիկին, մեկն էլ ականջ դնողին…Բա գլխավոր խմբագրի՞ն… Գլխավոր խմբագրի համար դարդ մի արեք: Ամենքս մեր խնձորի կեսը տանք՝ ծով ա…

Էդո պապի   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image