ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականն ինչ-որ առումով անսպասելի էր։ Ճիշտ է, Զեյնալյանին դեռ նշանակման սկզբից էլ քննադատում էին համակարգում բարեփոխումների հարցում ոչ շտապողականության, ոչ հեղափոխական մոտեցումներ ցուցաբերելու համար, սակայն դա չխանգարեց, որ նա պաշտոնավարի նաեւ անցյալ տարի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո։ Զեյնալյանն իր հրաժարականի մասին հանրությանն իրազեկելիս չի տեղեկացնում պատճառների մասին, ինչն էլ ընթերցողին մղում է ենթադրությունների դաշտ։
Դժվար է ասելը, թե Արտակ Զեյնալյանը մինչեւ նախարար նշանակվելը չէր պատկերացնում, թե ինչ խնդիրների առջեւ է կանգնելու, քանի որ երկար տարիներ զբաղվել էր իրավապաշտպանությամբ եւ ծանոթ էր, թե նախորդ ռեժիմի օրոք ինչ բարքեր, ավանդույթներ են ձեւավորվել քրեակատարողական հիմնարկներում, արդարադատության համակարգում, ինչպիսի կարծրատիպեր են գործում, եւ որքան բարդ է դրանք ջարդելը։ Արտակ Զեյնալյանի հրաժարականից օրեր առաջ մշակույթի փոխնախարարի պաշտոնից ազատվեց մինչեւ նախարարությունների միավորումը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ Իսկ նախարարությունների միավորումից հետո նա, ի տարբերություն այլ փոխնախարարների, չվերանշանակվեց նույն պաշտոնում։
Նազենի Ղարիբյանի ընդունած որոշումների, բարեփոխումների մտադրության շուրջ գրեթե օր չէր լինում, որ աղմուկ չբարձրանար։ Ակնհայտ է, որ նախկին նախարարների գործունեությունը «մանրադիտակով» նման զննության չէին արժանացնում մեր մշակույթի գործիչները։ Ի տարբերություն Արտակ Զեյնալյանի՝ Նազենի Ղարիբյանը պաշտոնից ազատվելը բացատրել էր հետեւյալ կերպ․ «Ես մի բան տեսա, որ թատրոնների այդ ամբողջ բողոքներն ու մնացած բաները կազմակերպվում են մեկ կետից, դա մի հոգի է կազմակերպել, եւ նա այսօր իշխանության անդամ է»։ Նազենի Ղարիբյանն, իհարկե, չէր գաղտնազերծել, թե ով է իր դեմ բողոքները կազմակերպած իշխանության անդամը։ Նախարարների հրաժարականը, պաշտոնանկությունը կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում գուցե շատերի համար են տարակուսելի։ Կարող են հարցեր հնչել սկսած եւ անավարտ թողած ծրագրերի, պատասխանատվության մասին։ Նախարարների հաճախակի փոփոխությունն, ի վերջո, ազդում է նաեւ համակարգի գործունեության արդյունավետության, կադրային տեղաշարժերի վրա։ Մյուս կողմից, սակայն, նկատվում է, որ նոր կառավարության օրոք չկա ճահճացում, ջարդվում է այն ավանդույթը, որ պաշտոնյան կարող է տասնամյակից ավելի պաշտոնավարել եւ ոչ մի պատասխանատվություն չկրել իր ձախողումների համար, քամահրանքով վերաբերել իր դեմ բողոքներին ու քննադատություններին։ Իսկ այդ ամենը հասարակության, պետական կառավարման համակարգի առողջացման մասին է վկայում։