«Ղարաբաղյան շարժումն ինքը չի սկսել, որ ինքն էլ վերջացնի»,- ասում է Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ, հասարակական գործիչ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած այն մտքին, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի:
«Ուղղակի, սովորության համաձայն, ինքը ոչ թե պատասխանատվությունը վերցնում է իր վրա, այլ դա տեղափոխում է մեկ այլ տեղ՝ այդ պատասխանատվությունը դնելով ժողովրդի ուսերին․ ժողովուրդն արդյո՞ք ուզում է շարունակել արցախյան շարժումը, թե՞ ոչ»,- ասում է Պետրոսյանն ու նկատում, որ նման ձեւակերպումն այնքանով է վտանգավոր, որ երկրի ղեկավարը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի ստանձնում։
Ավելին․ «Չի բացառվում, որ իր բերած խաղաղության օրակարգը տապալվի, եւ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ սանձազերծի։ Այս դեպքում ինքը մեղավոր նշանակելու է հենց Արցախի ժողովրդին, այն առումով, որ մենք Արցախի հարցը փակելով՝ ուզում էինք խաղաղություն բերել այս երկրին, բայց դուք նորից այդ փակված հարցը բացում եք, դրա համար էլ պատերազմ տեղի ունեցավ։ Այսինքն՝ պատասխանատվությունն ու մեղավորությունը տեղափոխում է ուրիշների վրա, փոխարենը ինքն անձամբ ստանձնի այդ պատասխանատվությունը։ Մինչդեռ ղեկավարի ու առաջնորդի միջեւ տարբերությունն այն է, որ առաջնորդը միշտ իր վրա է պատասխանատվությունը վերցնում, առաջնորդում, իսկ ղեկավարը պատասխանատվությունը դնում է այլ մարդկանց վրա։ Հիմա մեղավորության սլաքներն ինքն ուղղում է արցախցիների վրա, այսինքն՝ ինչ վատ բան կա, կարվի, ու մեղավորությունը կդրվի արցախցիների ուսերին։ Ժողովրդի վրա երբեք պատասխանատվությունը չպետք է գցես, ժողովուրդը ոչ մի բան էլ չպետք է որոշի, ժողովուրդն ինքը չի որոշում՝ ինչ-որ շարժո՞ւմ է սկսում կամ չի սկսում, կամ շարունակում է-չի շարունակում։ Ժողովրդի մեջ պետք է ծնվեն մարդիկ, առաջնորդներ, որոնք ժողովրդին կուղղորդեն իրենց երազանքի երկիրը եւ իրենք կորոշեն՝ շարունակո՞ւմ են շարժումը, թե՞ չեն շարունակում։ Ժողովուրդը նրա համար չէ, որ որոշում ընդունի, ժողովուրդը նրա համար է, որ կարողանա ճիշտ առաջնորդ ընտրի եւ իրեն հետեւի»։ Պետրոսյանը նկատում է․ մեծ հաշվով, Փաշինյանը դա որպես հռետորական հարց է ձեւակերպել։
Զրուցակիցս ասում է, որ իշխանական ու մերձիշխանական ուժերը հանրահավաքից հետո ատելություն գեներացրին արցախցիների նկատմամբ՝ հայաստանաբնակների շրջանում․ «Դա վառ երեւում է հանրահավաքից հետո արված բազմաթիվ գրառումներից, որոնք արվեցին սոցիալական ցանցերում, իբր թե արցախցիները հայաստանաբնակների հաշվին են ապրում եւ այլն, եւ այլն՝ փորձելով սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիներին մեղադրել հայաստանաբնակ հայերի սոցիալական խնդիրների մեջ»։
Արցախի հայաթափումից հետո, այս տարվա մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն ամենամեծն էր, որին մասնակցում էր մի քանի հազար արցախցի․ «Ինչ վերաբերում է նրան, թե արցախցիներն ինչու են նոր զարթնել կամ չզարթնել, այստեղ արցախցիների զարթնելու խնդիր չկա։ Արցախցիները հայրենազրկվելուց, մայր Հայաստանում ապաստան գտնելուց հետո մի շարք խնդիրների են բախվել, եւ իրենց համար առաջնահերթություն դարձան իրենց հանապազօրյա հացը, երեխաների խնդիրները, սոցիալական բեռը եւ ժամանակի ընթացքում, երբ որոշ մարդիկ կարողացան ոտքի կանգնել ու մտածել ավելի բարձր արժեքների մասին, սկսեցին փորձել՝ նորից ժողովրդին արթնացնել՝ հիշեցնելով, որ մենք կորցրած հայրենիք ունենք եւ այստեղ ենք ժամանակավոր՝ հետագա վերադարձի հույսով, ու եկեք այդ հույսը չսպանենք։ Մեկը ես եմ, որ այդ հույսը պահում եմ ու այստեղ «Վերադարձ» անունով ակումբ եմ հիմնել, եւ այդպես՝ շատերը։ Ու եթե մի սոցիալական հարց լուծելով պիտի լռեցնեն արցախցիներին, ապա ավելի լավ է՝ ոչ մի հարց էլ չլուծեն»։
Ա․ Պետրոսյանն ասում է՝ ինքը շատ բաների հետ համաձայն չէ, հենց մեկը՝ կազմակերպված վերջին հանրահավաքի խոսույթի հետ․ «Իմ կարծիքով, այն չպետք է կրեր միայն սոցիալական բնույթ, այսինքն՝ չպետք է հավաքվեին ու պահանջեին միայն այն, որ տրվող նպաստները շարունակվեին, այլ նաեւ Արցախի հարցի, մեր վերադարձի իրավունքի հարցերը պետք է գերակա դեր կատարեին, եւ սոցիալական հարցերն էլ բերեին, դրա շուրջ հավաքեին, որ այստեղ մնալու համար մենք պետք է ունենանք մինիմալ սոցիալական ապահովվածություն, ու եթե իշխանությունը ստանձնի այդ պատասխանատվությունը, դա թույլ կտա, որ արցախցիները մնան Հայաստանում, եւ այդ գործոնն օգտագործվեր՝ հետագայում մեր վերադարձի իրավունքի ապահովման համար»։
Արցախցիների մեծամասնությունը չի ուզում արտագաղթել, քանի որ, ինչպես Պետրոսյանն է նկատում, արտագաղթելը հենց այս իշխանությունների երազանքն է․ «Արցախցիների գաղթելով իրենք միանգամից 2 խնդիր են լուծելու․ 1-ինը՝ ընդհանրապես փակում են արցախցիների հարցը, որովհետեւ, եթե Հայաստանում չապրեն, մնացած տեղերում վերադարձի հույսը չի լսվելու ոչ մեկի կողմից։ 2-րդ․ իրենք դրանով ձերբազատվում են իրենց հակաքաղաքական ուժերի ընտրազանգվածից, որովհետեւ արցախցիների ճնշող մեծամասնությունը, բնականաբար, լինելու է այն ճամբարներում, որոնք դեմ են այս քաղաքական ուժին, մենք գիտենք, որ 2026-ին սպասվում են ընտրություններ, իսկ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն տեղ չէ, որ իշխանությունը կարողանալու է հարց լուծել, որովհետեւ դժգոհություններ առաջանում են նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր ժամանակին ողջունել են այս իշխանություններին»։
Հանրահավաքից հետո արդեն որոշակի գործընթացներ տեղի ունեցան՝ մեկնարկեց նստացույց, տեղի ունեցան արցախցի մայրիկների ակցիա, կառավարության մոտ բողոքի ցույցեր։ «Նման գործընթացները պետք է լինեն, բայց որպեսզի հենց նույն արցախցիների շրջանում դժգոհություններ չառաջանան, այդ ակցիաներում, հանրահավաքներում չպետք է ղեկավարեն ու մասնակցեն այնպիսի մարդիկ, ովքեր ժամանակին ողջունել են հեղափոխությունը, նաեւ կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի հայտնի հանրահավաքն Արցախում, ժամանակին մեղադրել են բոլոր այն ուժերին, ովքեր դեմ էին ՀՀ իշխանություններին, իսկ հիմա ներկայանում են որպես հականիկոլականներ, մինչդեռ նախկինում Նիկոլի անձի պաշտամունքի քարոզն էին տանում Արցախում։ Ես բազմաթիվ անգամ ելույթներ եմ ունեցել եւ ցանկություն հայտնել, որ նման մարդիկ չմասնակցեն, որպեսզի չհիասթափեցնեն մնացած արցախցիներին»,- ասում է Պետրոսյանն ու հավելում, որ նման հանրահավաքները պետք է շարունակական լինեն․ «Համոզված եմ, որ այդ ժամանակ մեր հայաստանաբնակ հայրենակիցները միանալու են մեզ»։