Հասարակություն

Էդիկ Մինասյանը հասկանո՞ւմ է, թե ինչ է փոխհրաձգությունը

Էդիկ Մինասյանը հասկանո՞ւմ է, թե ինչ է փոխհրաձգությունը

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի երթին մասնակցելու կոչին, մեզ հետ զրույցում նշեց․ «Բնական է, կան մարդիկ, որոնք մինչ այժմ չեն մասնակցել Մարտի 1-ի երթերին, այդ օրը կմասնակցեն։ Միշտ էլ Հայ ազգային կոնգրեսն է զբաղվել, ամեն տարի երթեր են անցկացրել։ Իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել, ընկել հունի մեջ։ Սպասում ենք Մարտի 1-ի գործով դատաքննությանը, ամեն մեկը պետք է ստանա իր արժանի պատիժը։ Դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, թե մեկ ուրիշը»։

ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008թ․ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 
«Մեզ համար առաջնահերթը գումարային փոխհատուցումը չէ, առաջնահերթը մեզ համար Մարտի 1-ի գործով արդյունքներն են»,- նշեց մեր զրուցակիցը։

Վաչագան Ֆարմանյանն անդրադարձավ նաեւ պատմաբան Էդիկ Մինասյանի հեղինակած պատմության դասագրքերին, որտեղ նա նշել է, թե իբր Մարտի 1-ին եղել է փոխհրաձգություն։
«Ինքը հասկանո՞ւմ է, թե ինչ է փոխհրաձգությունը։ Իր եղբայրը՝ Արծվիկ Մինասյանը մի անգամ չի՞ հարցրել, թե այն, ինչ գրում է, հասկանալո՞վ է գրում։ Պատմությունը պետք է այնպես գրվի, որ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության գլուխ, ով կլինի դատախազ, վարչապետ, ճիշտ ու հավաստի փաստեր ներկայացնի, ոչ թե ամեն ինչ աղավաղի»,- հարցնում է Վաչագան Ֆարմանյանը։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ին, ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու ընդդիմության տասնօրյա ընդվզումից հետո իշխանությունները հրահանգեցին զենքի ուժով ցրել ցուցարարներին։ Այդ օրը զոհվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image