Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 11-ից Ճապոնիայում նոր դեսպան ունի: Նախագահականի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի, Մոնիկա Սիմոնյանին նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»:
Մենք ուսումնասիրեցինք նորանշանակ դեսպանի կենսագրությունը: Մոնիկա Սիմոնյանը ծնվել է 1981 թվականին, Երեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերենի եւ քաղաքագիտության ֆակուլտետը։ 2018-2019 թվականներին եղել է Դանիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, հյուպատոսի պաշտոնակատար, 2019-2021 թվականներին՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության 2-րդ, իսկ ապա՝ նաեւ առաջին քարտուղար: Այնուհետեւ եղել է ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության ԵԱՏՄ բաժնի վարիչի պաշտոնակատար, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, մշտական ներկայացուցչի տեղակալ:
Ամեն դեպքում, սա դեսպանի պաշտոնում նրա առաջին աշխատանքն է, իսկ Ճապոնիայում, որպես կանոն, փորձառու դիվանագետներ են միշտ նշանակվել: «Հրապարակը» փորձեց հասկանալ, թե ինչ արժանիքների համար է տիկին Սիմոնյանը նշանակվել Ճապոնիայի դեսպան: Դիվանագիտության մեջ դեսպան նշանակվելու համար բավական երկար ճանապարհ է պետք անցնել, սակայն վերջինիս ծառայողական ցուցակն այնքան էլ տպավորիչ չէ դեսպանի պաշտոնին հավակնելու համար: Մոնիկա Սիմոնյանի նախկին գործընկերներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դիվանագիտական ոլորտում այդքան արագ բարձրացում չի լինում, եթե, իհարկե, դա ուղղորդված չէ որեւէ ծանրակշիռ անձի կողմից: Ժողովրդական լեզվով ասած` պետք է թիկունք ունենալ՝ նման սրընթաց դիվանագիտական վերելքի համար, որովհետեւ մասնագիտական վերելքը դիվանագիտության մեջ երկար տարիների փորձառություն է պահանջում, իսկ ԱԳՆ-ում երկարամյա աշխատողներից շատերն այդպես էլ ողջ կյանքի ընթացքում նման բախտի չեն արժանանում:
«Մեր աշխատողներից է եղել, բայց չեմ կարող ասել, որ աչքի ընկնող աշխատակից է եղել: Ինքը դեսպան Ալիկ Արզումանյանի պրոտեժեն է: Երբ Արզումանյանը Դանիայում դեսպան նշանակվեց, հնարավոր եւ անհնարին ամեն ինչ արեց, որպեսզի Մոնիկա Սիմոնյանին տանի իր մոտ: Սա՝ այն դեպքում, երբ Մոնիկան առաջնային աշխատող չէր: Ինը տարի չանցած՝ արդեն խորհրդական էր իր մոտ, այդպես չի լինում մեր ոլորտում»,- ասաց մեր զրուցակիցը: Սիմոնյանի մեկ այլ գործընկեր եւս հաստատեց, որ այդքան արագ բարձրացում չի լինում ԱԳՆ-ում, եթե թիկունքին որեւէ մեկը կանգնած չի լինում: «Միջին ունակություններ ունի` ցածր չէ, անխելք չէ, բայց դեսպանի համար թեկնածու չէ: Սակայն, հաշվի առնելով, որ մենք ունենք Լիլիթ Մակունց ու բազում նման դրսեւորումներ, այնպես որ՝ ինքն այդ շարքում ամենաահավոր նշանակումը չէ, նույնիսկ կասեի, որ մյուսների համեմատ գուցե ավելի լավ նշանակում է»,- ասաց մեր զրուցակիցը: