Վերջերս լույս է տեսել «Վերապրեցի, որքան հասցրի» փաստավավերագրական գիրքը, որի հեղինակը երիտասարդ արցախցի Անահիտ Արզումանյանն է։ Hraparak.am-ի հետ զրույցում հեղինակը պատմում է գրքի ստեղծման մասին․ հերոսը նրա պապն է, ով եղել է Արցախի Տող գյուղի հայտնի ուսուցիչներից մեկը։ Գիրքը հիմնված է պապի պատմած պատմությունների վրա։
Գիրքը պատմում է օկուպացված Արցախի Տող գյուղի մասին։ Անահիտը պապի հիշողություններից նշում է, որ Տող գյուղը առանձնացել է նրանով, որ գյուղը ԽՍՀՄ շրջանում եղել է ադրբեջանական քոչվոր ցեղերի վերաբնակեցման վայր։ Ի տարբերություն հարակից գյուղերի` Տողը ադրբեջանական քոչվոր ցեղերին ընդունել է առանց ընդդիմանալու։ Անահիտն ասում է, որ պապը, հատկապես սկսեց գյուղից պատմություններ հաճախակի անել 44-օրյա պատերազմի հետո, երբ գյուղն օկուպացվեց, ստիպված դուրս եկան այնտեղից և հաստատվեցին Ստեփանակերտում։ Կարոտը գյուղի հանդեպ հաճախ ստիպում էր պապին պատմել գյուղի կյանքից և իր հիշողություններից։
Մի անգամ, երբ պապը սկսեց պատմություններ պատմել, Անահիտը հիշում է, որ այդ պահին համակարգչով աշխատում էր, և որոշեց գրի առնել պատմությունները համակարգչի օգնությամբ, որոնք հետագայում դարձան նրա գրքի հիմքը։
«Սա Տողի մասին երկրորդ գիրքն է, առաջինը Գեղամ Աթայանի հեղինակածն է։Վերնագիրը պատահական չէ ընտրված․ գիրքը գրելուց մի քանի ամիս անց պապս մահացավ։ Եվ ես, փաստորեն, հավաքեցի այնքան ինֆորմացիա, որքան հասցրի», – ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով պապի պատմությունների արժեքն ու պահպանելու կարևորությունը։
«Ես որոշեցի այս պարտականությունը իմ վրա վերցնել, հատկապես հիմա, առավել ևս՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Տող գյուղը հայկական է, և հնարավորինս ինֆորմացիա տրամադրել։Ուշագրավ է, որ Տողի մասին համացանցում գրեթե ինֆորմացիա չկա, ընդամենը մի քանի նախադասությամբ է գյուղը ներկայացված»։ Գիրքը յուրահատուկ հուշապատում և ուսումնասիրություն է․ այն ներառում է ոչ միայն լուսանկարներ, որոնք Անահիտն ինքն է արել իր ձեռքով, այլև ազգագրական տվյալներ ու փաստեր, որոնք պատկերում և փաստացի ներկայացնում են Տող գյուղի հայկական ինքնությունը։ Անահիտն ասում է, որ գիրքն այնքանով է արժեքավոր, որ կարող է հետագայում հանդիսանալ հետագա ուսումնասիրողների և պատմաբանների համար հենակետ և կարևոր աղբյուր։
Բացի այդ, գիրքը ցույց է տալիս Տող գյուղի պատմական դերը, թե ինչպես է գյուղը դեռս 9֊րդ դարում դիմակայել արաբական ասպատակություններին։ «Ես շատ կուզեի, որ իմ օրինակով նաև գրվեին Արցախի մյուս գյուղերի ու բնակավայրերի պատմությունները», – ասում է Անահիտը՝ ընդգծելով իր ցանկությունը` պահպանել և ներկայացնել Արցախի ողջ հայկական ժառանգությունը։
«Քանի, որ մեր օրերում այնպիսի փաստարկներ են շրջանառվում, որոնք փորձում են ցույց տալ, թե Արցախը հայկական տարածք չէ, շատ կուզեի, որ գիրքը մեծ արձագանք ունենար։ Այսօր, երբ Արցախ անունը ավելի շուտ հնչում է որպես անցյալի հիշատակ, որոշ ուժեր փորձում են մեր միջից հանել իրական գիտակցությունը, հատկապես երիտասարդների շրջանում, որոնք իրենց կյանքը ավելի թեթև ապրելու են ձգտում, կուզեի, որ բոլորը տեղեկացված լինեին», – նշում է նա։
Ի դեպ, ըստ հեղինակի պրպտումների, Տող գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է հույն պատմիչ ու փիլիսոփա Պտղոմեոսը, և ըստ պատմական հետազոտությունների՝ Տողը հիմնադրվել է յոթերորդ տարում։
Անահիտը վստահ է, որ եթե պապը կենդանի լիներ, կհպարտանար, որ իր ապրածով և տեսածով կարողացել է հետագա սերունդների համար փաստեր ստեղծել և նման պատմական արժեք է թողել որպես ժառանգություն։ Պատահական չէ, որ գրքի առաջին էջում հենց տողեցի պապի դիմանկարն է։ Արցախցի աղջիկը գիրքը հրատարակել է սեփական ջանքերով։ Պատմում է, որ շուրջ մեկ տարի դադարից հետո, երեք տարվա աշխատանքն, ի վերջո, վերածել է գրքի։
