Թրամփի նախագահության «մեղրամիսն» աչքի ընկավ հնչեղ որոշումներով. քաղաքական բնույթի հրամանագրերից զատ, ուշագրավ է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության USAID-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Օրերս նա հրամանագիր ստորագրեց այլ երկրներին տրամադրվող օգնությունն 90 օրով դադարեցնելու մասին, պատճառաբանելով, թե այդ ծախսերն արդյունավետ չեն եղել եւ չեն համապատասխանել ամերիկյան քաղաքականությանը:
Մեծ հաշվով՝ Սպիտակ տան առաջնորդն ազդարարեց USAID-ի «դարաշրջանի փակման մասին». կառույցի վաշինգտոնյան կենտրոնակայանը փակվեց, ցուցանակը հանվեց, կայքն անջատվեց, հազարավոր աշխատակիցներ ուղարկվեցին հարկադիր արձակուրդի, ոմանց նկատմամբ սահմանափակումներ մտցվեցին, իսկ գործակալության ժամանակավոր ղեկավար նշանակվեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Գործակալությանը մեղադրեցին անհնազանդության եւ երկրի ազգային շահերի հետ հաշվի չնստելու մեջ։ Մինչ այս Թրամփը հայտարարել էր, որ USAID-ն ենթարկվելու է ԱՄՆ արտաքին գործերի նախարարությանը՝ նշելով, որ կառույցը ղեկավարել են «խելագար արմատականները»:
Միլիարդատեր Իլոն Մասկն էլ, որը ղեկավարում է ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), հայտարարեց, թե ինքն է ազդել Թրամփի որոշման վրա, եւ նշեց, որ USAID-ն պետք է մահանա՝ կառուցին մեղադրելով կենսազենքի հետազոտությունը ֆինանսավորելու մեջ։ Բացի այդ, անցած հանգստյան օրերին նա քայլեր է ձեռնարկել՝ գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Վերահսկողություն է հաստատվել նաեւ գործակալության համակարգչային համակարգերի վրա: Ամերիկացիները գուցե «խելագար» են` մարդկանց օգնելու լավ իմաստով, բայց որ սիրում են հաշվել իրենց փողերն ու գնահատել դրանց արդյունավետությունը՝ կասկածից վեր է: Նշենք, որ Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ գործակալությունն անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի ֆինանսավորում: Իրոք ահռելի գումար է:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը թվարկել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ամենաանհեթեթ ծախսերը, որոնց փակման կողմնակից է նախագահ Դոնալդ Թրամփի թիմը։ Նրա խոսքով, USAID-ն չարաշահել է իր լիազորությունները եւ «խելագար շահեր» ուներ հարկատուների միջոցներն օգտագործելու հարցում:
Թրամփի խոսնակը նշել է, որ գործակալության տրամադրած օժանդակության շրջանակում անհեթեթ ծախսեր են արվել:
Այսպես․
1. 1,5 միլիոն դոլար է ծախսվել՝ Սերբիայում DEI-ի (Բազմազանություն, հավասարություն եւ ներառականություն) գաղափարը խթանելու համար
2. 70 հազար դոլար՝ Իռլանդիայում DEI մյուզիքլի բեմադրության համար
3. 47 հազար դոլար՝ Կոլումբիայում տրանսգենդերային օպերայի բեմադրության համար
4. 32 հազար դոլար՝ Պերուում տրանսգենդեր կոմիքսի համար եւ այլն, եւ այլն:
Սրանք միայն պաշտոնական թվեր են, իրականում՝ ցանկն անվերջ է: Գործակալությունը հովանավորում էր նաեւ գյուղատնտեսական աշխատանքներն Աֆղանստանում՝ անտեսելով, որ արդյունքներն օգտագործում են թմրանյութ արտադրողները: Բացի այդ, ԱՄՆ-ի միջոցների մի մասն ուղղվել է սիրիացի զինյալներին։
Թե որքան արդյունավետ են եղել USAID-ի կողմից Հայաստանին տրամադրված կլորիկ գումարները, այդքան էլ էական չէ, բայց որ հայաստանյան կազմակերպությունները «յուղոտ պատառներ» են ստացել ամերիկյան գործակալությունից՝ կարելի է դատել նրանց բարձրացրած «վաշ-վիշից»: Հայկական այն կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են USAID-ի հետ, տարակուսած են, թե ինչ ճակատագիր կունենան իրենց բազմաթիվ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին գործակալության տրամադրած միջոցներով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, օրինակ, նշել է, որ ԽԱՊԿ-ն եւս օգտվում էր USAID-ի ծրագրերից, հունվարի 25-ին Internews-Հայաստանից նրանց տեղեկացրել են, որ ծրագիրը սառեցվել է 90 օրով, եւ որ ոչ մի ծախս չի իրականացվելու, մինչեւ նոր հրահանգներ չլինեն: USAID-ի «մահվան բոթը» շատ ցավագին է ընդունել «Անի» հայկական հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:
Արձագանքելով Թրամփի որոշմանը՝ լրագրողը հայտարարել է, որ դա բարդ իրավիճակ է ստեղծել հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների համար: Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը կարող է ժամանակավորապես օժանդակել իրենց կառույցներին, մինչեւ հասկանալի դառնա, թե որն է լինելու ամերիկյան նոր վարչակարգի քաղաքականությունը. «Դա չպետք է ընկալվի քաղհասարակության եւ մեդիայի՝ Հայաստանի իշխանությունների կողմից վերահսկողություն հաստատելու փորձ, քանի որ պետբյուջեի գումարները մեր բոլորինն են, իսկ քաղհասարակությունը եւ մեդիաները նախորդ երեք տասնամյակներին հսկայական հարկեր են մուծել պետական բյուջե: Եվ սա այն ոլորտն է, որը միշտ աշխատել է թափանցիկ եւ վճարել բոլոր հարկերը»:
CivilNet-ի տեղեկություններով՝ նախագծերի համար Պետքարտուղարությունից գումարներ են ստանում Հայաստանում ԶԼՄ-ների զարգացմամբ եւ կրթական ծրագրերով զբաղվող մի շարք լրատվամիջոցներ եւ ՀԿ-ներ։ Դրանց թվում է «Հետք Մեդիա գործարանը», նաեւ CivilNet–ը, Factor.am-ը, «Ազատությունը», fip.am-ը։ 2023-ին ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գործարկել է 15 մլն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիր։ Դա էլ է դադարեցվել։ Ամերիկյան դրամաշնորհների սառեցումը խնդիրներ է ստեղծել նաեւ Factor TV-ի համար, որն իրականացնում էր watchdog journalism ծրագիրը (այն ուղղված է հաշվետվողականությանը եւ թափանցիկ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ապատեղեկատվության հոսքերին հակազդելուն)։ Հավելենք, որ USAID-ն ստեղծվել է 1961 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում եւ այլուր։ Հայաստանում սկսել է գործել 1992-ից, մինչեւ 2005-ը միայն մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Պետության հետ անմիջական համագործակցությունը սկսվել է 2013-ից։