«Հրապարակ»-ի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել։
Ըստ լուրերի` նա աշխատանքի է անցնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ օրեր առաջ նախարար է նշանակվել իր ընկերը` Արսեն Թորոսյանը։ Լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետարանից, մեզ ասացին` ճշտեն, կպատասխանեն։
Նշենք, որ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչեւ 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Հավելենք նաեւ, որ Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես ունի Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը:
Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաեւ զբաղեցրել է Սեւանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը:
Նա եղել է նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օգնականը։ Ըստ տեղեկությունների՝ Գրիգորյանին են պատկանում մի քանի ձկնաբուծական ընկերություններ եւս։