Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում մեկնարկում է նրա անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումը։
Մրցույթին այս տարի մասնակցում է նախնական փուլում ժյուրիի կողմից ընտրված 18 դիրիժոր՝ աշխարհի 12 երկրից (Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա)։
Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։
Ժյուրին նախագահում է անվանի դիրիժոր Վասիլի Սինայսկին, որը ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերն ու օպերային թատրոնները, ինչպես նաեւ՝ զբաղեցրել կարեւոր պաշտոններ հեղինակավոր երաժշտական հաստատություններում։
Նշենք, որ մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգեւատրման արարողության եւ գալա համերգի ընթացքում։