Քաղաքականություն

«Ինտերնացիոնալի» բառերը սովորեք, շուտով երգելու ենք

«Ինտերնացիոնալի» բառերը սովորեք, շուտով երգելու ենք

Նորմալ իշխանությունները ձյան առատ տեղումների պայմաններում քաղաքացիներին բահեր կբաժանեին եւ կհանեին փողոցներ: Դե հիմա՝ տեխնիկան չի հերիքում, ի՞նչ անեն, երկինքը պատռվել է, ձյունը չի կանգնում, պիտի ամեն ինչ անել, որ կյանքը կանգ չառնի: Խնդրեմ, դպրոցներն արդեն չեն աշխատում, վաղը հերթը կհասնի հիվանդանոցներին, որովհետեւ շըապօգնություն չկա, բոլոր մեքենաները լռված են խցանումների մեջ, իսկ քաղաքային տրանսպորտի կոլապսի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Մինչեւ ժողովուրդը ոտքի չկանգնի, ձյունը չի կտրվելու, ավելի է ուժեղանալու, եւ ավելի վատ վիճակ է լինելու: Խոսքն էլ միայն Երեւանի մասին չէ: Մարզերն այնպես են կտրվել մայրաքաղաքից, որ թուրքը մտնի, Երեւանում չեն էլ իմանա:

Ես ուզում եմ իմանալ, թե մեր իշխանություններն ինչու ժողովրդին չեն զինում բահերով եւ փողոց չեն հանում: Մեր ժողովուրդն ինչո՞վ է տարբերվում, օրինակ, գերմանացիներից կամ ամերիկացիներից, որոնք ամեն ձյան հետ փողոց են դուրս գալիս եւ մաքրում, որը՝ իր շենքի բակը, որը՝ իր խանութի մայթը… Անգամ իրենց քաղաքապետարանների ու կառավարության տների շրջակայքն են մաքրում: Ի դեպ՝ նրանց մեծամասնությունը սեփական բահեր ու քերիչներ ունի եւ չի էլ սպասում, որ քաղաքապետը թիակներ բաժանի, որ գործի անցնեն: Այդ մեր աշխատավարձը չի ներում, որ բերաններիցս կտրենք ու մի բահ առնենք նեղ օրվա համար: Բայց մի՞թե վատ կլիներ, որ Տիգրան Ավինյանը մեր շենքի ժողովրդին անհրաժեշտ գործիքներ բաժաներ եւ կարգադրեր մաքրել կառավարական ամառանոցի ներսն ու դուրսը:

Պարոն Ավինյան, գործիքներն ու կարգադրությունը՝ քեզնից, կազմակերպելը՝ ինձնից: Այնպես կազմակերպեմ, որ ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլեւ կառավարության բերանը բաց մնա: Մի ամբողջ շենք ժողովուրդ՝ բահով, փոցխով, եղանով, գերանդիով, լոմով, քլունգով, կես ժամում իջեցնեմ կառավարական ամառանոցներ: Այլապես էս ի՞նչ վիճակ է… Էն խեղճ վարչապետը ձյան պատճառով չի կարողանում իր փայլուն գաղափարները հասցնել կառավարության տուն, որ այնտեղից տարածի աշխարհով մեկ: Ենթադրենք, այդ մարդը «իզմ»-եր չունի, բայց որոշակի գաղափարներ հո ունի՞, որոնք պետք է կյանքի կոչել: Սահմանադրություն պետք է փոխենք… «Ջիպը», հրեն, բուքսավատ է անում… Այս տեմպերով կհասցնե՞նք: Մինչդեռ մենք մեր հարվածային դեսանտով կգանք, մի ժամվա գործ է, ամառանոցն ու շրջակայքը կմաքրենք, զիբիլը կթափենք ու կգնանք մեր գործին: Մեզ իսկի տրանսպորտ էլ պետք չէ, ոտքով կգանք, երգելով կգանք… Ելի՛ր, ում կյանքը անիծել է, Ով ճորտ է, մերկ է եւ ստրուկ…
Մի բան էլ ասեմ: Երբ դուք վախենում եք մեր ժողովրդին փողոց հանել՝ ձյուն մաքրելու, ես մտածում եմ, որ դուք լուրջ կասկածներ ունեք, թե նորմալ իշխանություններ եք:

Նորմալ իշխանություններն առանց որեւէ կասկածի կդիմեին ժողովրդին, օգնություն կխնդրեին: Մինչդեռ դուք, այսպես ասած, երկմտում եք… Բա որ ժողովուրդը բահով, փոցխով, եղանով, գերանդիով, լոմով, քլունգով դուրս գա փողոց ու այլեւս տուն չգնա՞… Հո միայն կառավարության ամառանոցը չէ: Այնտեղ դեռ ԱԺ կա, նախագահի նստավայր կա, կառավարության 3-րդ մասնաշենք կա, ՆԳՆ կա, ԱԱԾ կա, դատախազություն կա, հակակոռուպցիոն մարմին կա, ՊԵԿ կա… Բոլոր տեղերը պետք է մաքրել: Մինչդեռ ամեն տեղ մի ոչխար կա նստած, որից զզվում են մարդիկ… Բա որ սկսվի՞… ՄԻՊ-ը ո՞ր մի ոչխարի իրավունքները հասցնի պաշտպանել:

Պարոն Ավինյան, խնդրում եմ մի փոքր ավելի արագ մտածեք: Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն է քեզ հեռու պահում այդ մտքից, բայց առաջարկս վատը չէ: Մեկ էլ եսիմ երբ քեզ կառաջարկեն ձրի մաքրել մայրաքաղաքը: Այնպես պլպլացնենք, որ Գլենդելի քաղաքապետը նախանձի: Մի տես, թե ինչ օրն ես ընկել՝ աղ չկա, ավազ չկա, ձմեռային անվադող չկա, տեխնիկան չի հերիքում, ձյունը չի կտրվում, Թիֆլիսից օգնություն ենք սպասում… Բա քեզ սազո՞ւմ է: Դու, ախր, էն տղեն ես, որ քաղաքապետ ես դարձել Սուրմալուի դաժան ավերակների վրա նկարվելով: Ինձնից էլ լավ գիտես, որ ռիսկը գործի կեսն է: Բահեր բաժանիր եւ՝ երգով առաջ: Դրանից հետո դու կորոշես արդեն՝ ԵՄ գնանք, թե՞ Երրորդ մաս, սահմանադրությունը փոխե՞նք, թե՞ չփոխենք, Կենտրոնի թաղապետն ադրբեջանցի լինի՞, թե՞ ապարանցի, վերջապես՝ Նիկո՞լը քեզ SMS գրի, թե՞ դու՝ Նիկոլին:

ՀԳ. Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանին․ պարոն Սուրենյան, կարծես իշխանափոխության գործ է կպել, ոտքդ գազին դիր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image