Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են աշխատել ԱՄՆ նոր վարչակարգի հովանու ներքո՝ հանուն Ուկրաինայում խաղաղության: Նիկոլի աթոռապաշտության մասին են լեգենդներ պտտվում, բայց, ինչպես տեսնում ենք, Նիկոլից ոչ պակաս մի պաշտոնամեռ էլ Ուկրաինայում կա: Թվում է՝ Սպիտակ տանն իր հետ պատահածից հետո նա ուղղակի պետք է հեռանար քաղաքական ասպարեզից, բայց… ոչ` կարծես գտավ ռուս-ամերիկյան բանակցությունների սեղանի մոտ իր ներկայությունն ապահովելու հնարը: Իսկ ի՞նչ արժեցավ Ուկրաինային Զելենսկու այդ «հնարամտությունը», դրանից հետո Ուկրաինան ի՞նչ կարգավիճակ կունենա ռուս-ամերիկյան բանակցությունների սեղանի մոտ, երկիրը չի՞ հայտնվի գլխավոր ուտեստի տեղում՝ բոլոր առումներով հասանելի բանակցության մասնակիցների համար: Թերեւս այս հարցը մեզ առավել ծանոթ խոսույթով հնչեցնեմ՝ արդյո՞ք Ուկրաինային նոր բանակցող պետք չէր:
Կարելի է, իհարկե, ասել, որ Զելենսկին Նիկոլ չէ: Նա կռվել է, պահպանել է ուկրաինական բանակը, իր ժողովրդին խայտառակ չի արել աշխարհով մեկ, դաշնակիցներին օր ու արեւ չի տվել՝ անընդհատ զենք ու օգնություն խնդրելով, ավելին՝ ինքն էլ իր հերթին է հարվածել ռուսական քաղաքներին ու գյուղերին, անգամ տարածքներ գրավել: Բայց ո՞վ է Զելենսկին այսօր… Պարտված գերագույն գլխավոր հրամանատար՝ իր երկրի հետագա ճակատագիրը որոշող կողմերի՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արանքում: Նա պետք է հեռանա, պետք է հեռանա իր ողջ թիմով: Այսօր Ուկրաինայի շահերից է բխում, որ բանակցություններում Զելենսկու եւ նրա թիմի հետ ասոցացվող ոչինչ չլինի: Հակառակ պարագայում կայուն խաղաղության մասին խոսակցությունները կլինեն անիմաստ, ճիշտ այնպես, ինչպես դրանք անիմաստ են մեր պարագայում:
Նիկոլ Փաշինյանին չէր կարելի թողնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ միայնակ, մանավանդ որ այդ փաստաթուղթն ինքն էր ստորագրել: Նույն գիշերը նրան բարեհաջող ձեւով հասցրել էին բունկեր, եւ հեչ կարիք չկար նրան բունկերից հանելու: Ես չգիտեմ, թե նա ում ինչ խոստացավ, բայց նրան հանեցին բունկերից ու սկսեցին խաղաղության հայ-ադրբեջանական ինչ-որ բանակցություն բեմադրել, որի ընթացքում, արդեն 4,5 տարի, կապիտուլացված Փաշինյանն ու Հայաստանը, ըստ էության, ոչինչ չեն որոշում: Հեռանար Փաշինյանը (հեռացվեր)՝ մենք բոլորովին այլ բանակցություններ կունենայինք: Գոնե Զելենսկու չափ խելք ունենար՝ չէր այրի իր երեկվա դաշնակիցների հետ բոլոր կամուրջներն ու չէր հայտնվի Հայաստանի ոխերիմ թշնամիների հետ նույն սենյակում, բանը չէր հասնի Սահմանադրություն ու օրհներգ փոխելուն, Հայաստանից նոր տարածքներ չէին օկուպացվի, ինչ-որ հեռանկար կմնար, որին դեռ կարելի կլիներ հավատալ ու պայքարել: Վերջապես՝ ի՞նչ է «իրական Հայաստան»-ը… Հեռանկա՞ր: Ոչ: Դա ծակ-փիլիսոփայություն է, ուղեղի մորմոք, աթոռը պահելու ճիգ, դա այն Հայաստանն է, որ երազում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու են այսօր Ուկրաինայի ճակատագիրը որոշում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Այդ երկրներն իրենց կենսական խնդիրներն են լուծում այնտեղ՝ ում ընդերք է պետք, երաշխավորված ելք Սեւ ծով ու անխափան գործող խողովակաշարեր: Թե հիմա ինչ ժողովուրդ կապրի այդ տարածքում, ինչ պետություն կլինի, արդեն էական չէ: Կարեւորն այն է, որ այդ երկիրը եւ այդ երկրի նոր իշխանություններն անսպասելի խնդիրներ չստեղծեն «կայուն խաղաղություն» հաստատողների համար: Այս իմաստով Զելենսկին այլեւս խփված խաղաթուղթ է: Նա չի կարող պահպանել իր աթոռը, ինչքան էլ առատ խոստումներ տա բանակցող կողմերին: Բավական է մի կողմը չհամաձայնի, եւ նա իսկույն դուրս կթռչի իր կաբինետից: Ահա այսպիսի զգայուն վիճակ է այսօր Ուկրաինայում: Եվ, ուրեմն, ի՞նչ հույսով է Զելենսկին պայքարում մնալու համար: Կարծում եմ՝ իրենից է պետք հարցնել ու իր թիմից: Ի՞նչ իմանաս, թե ինչ ռիսկեր կան կամ կարող են առաջանալ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո: Ներքին խնդիրների պակաս, ինչպես ասում են, աշխարհի ոչ մի երկրում չկա: Քավության նոխազներն ամենուր եւ բոլոր ժամանակներում պահանջված են: Զելենսկին պատրա՞ստ է ասելու, որ ինքն է հարյուր հազարավոր զոհերի ու վիրավորների, երկրի ավերման ու կազմալուծման թիվ մեկ պատասխանատուն: Կարո՞ղ է որեւէ մեկին համոզել, որ համաշխարհային հնչեղության կոռուպցիոն սկանդալների մեջ ինքն ու իր թիմը չկան: Բայց իշխանությունից կառչած մնալն էլ ելք չէ: Մի ինչ-որ ժամանակաշրջան էլ կարող ես աթոռիդ կառչած անպատիժ մնալ, հետո՞… Հետոն անդունդն է, չէ՞:
Փաշինյանը, «երջանիկ անգիտություն» խաղալով, փորձում է մեզ հավատացնել, որ ժողովուրդն է իրեն բերել իշխանության եւ ժողովուրդն էլ իրեն կհեռացնի: Փաշինյանը, սակայն, այս խաղը շատ վատ է խաղում, ես կասեի՝ գյուղական ինտելիգենտի մակարդակով: Բանն այն է, որ ինքն այսօր դեռ իշխանություն է զուտ այն պատճառով, որ այդպես են ցանկանում իր հետ բանակցողները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Փոքրիկ շեղում թուրք-ադրբեջանական օրակարգից, եւ Նիկոլի մեծ կտորը ականջը կմնա: Հայ ժողովուրդն էլ, պատկերացրեք, ոչինչ անել չի կարողանա… Ուղղակի չի հասցնի անել: Նիկոլը՝ դեռ ոչինչ, Հայաստանի մեծ կտորն էլ ականջը կմնա, եթե Նիկոլը շեղվի եւ ըմբոստանա Ալիեւ-Էրդողան տանդեմի առաջ: Այսինքն՝ այստեղ մի հրաշք պետք է տեղի ունենա, որ մենք հայտնվենք Ուկրաինայի վիճակում, ու մեր խնդիրներով զբաղվեն ոչ թե փտած Թուրքիան ու Ադրբեջանը, այլ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նման գերտերությունները, որոնց համար Հայաստանն ու հայերը դարավոր թշնամի չեն: Եվ պատկերացրեք՝ Նիկոլի մնալը նաեւ այս հրաշքին է խանգարում: