Հարցազրույց

«Հրապարակ»․ Ամեն օր մտածում ենք` այսօրվանից վատ չի կարող լինել, բայց լինում է

«Հրապարակ»․ Ամեն օր մտածում ենք` այսօրվանից վատ չի կարող լինել, բայց լինում է

«Հրապարակ»-ի զրուցակիցը «Մեր ձեւով» շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանն է։

- Գաղտնիք չէ, որ «Մեր ձեւով» շարժումը քաղաքական է, պատրաստվում եք 2026-ի համապետական ընտրություններին։ Ձեր հայրը՝ Աշոտ Մխիթարյանը, անվանի ծանրորդ էր, Հայաստանի հավաքականի ծանրամարտի գլխավոր մարզիչը, իսկ Ձեզ քաղաքական դաշտում ենք տեսնում, ինչո՞ւ, ի՞նչ է կատարվում․․․

- Երկրի այս անհասկանալի վիճակն է ստիպել։ Ամեն օր արթնանում ենք, մտածում ենք, որ այսօրվանից վատ չի կարող լինել, բայց հաջորդ օրն ավելի վատն է լինում։ 

- Ինչո՞ւ ավելի շուտ չեք նախաձեռնել, հիմա եք որոշել պայքարել, ու ինչո՞ւ հենց Սամվել Կարապետյանի, նրա ղեկավարած «Մեր ձեւով» շարժման հետ։

- Որովհետեւ ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների։ Բայց ավելի անկեղծ ասեմ՝ ինձ դուր է եկել, որ ինչ արել են, չեն բարձրաձայնել։ Օրեր առաջ ինձ համար անակնկալ բացահայտեցի, որ Գյումրիում հայտնի «Սիրեմ գը» պուրակը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է կառուցել։ Ո՞վ գիտեր այդ մասին` ոչ ոք։ Ո՞վ գիտի, որ շուրջ 60 բնակարան են գյումրեցիներին տվել․․․

- «Վառեմ-մարեմ»-ում մի քանի օր տեւեցին ակտիվ շինարարական աշխատանքները, նկատեցինք, որ աշխատանքները դադարեցված են, ավելին` լուրեր են պտտվում, թե հրաժարվել եք պատմական շենքը վերակառուցելու նախագծից։

- Մի քանի օր շինարարական աշխատանքները դադարեցվեցին, բայց խնդիր կար` դրա հետ էր կապված։ Մենք ոչ մի բանից էլ չենք հրաժարվել։

- Ի՞նչ խնդիր էր։

- Խնդիրն ինչ-որ լիցենզիայի հետ էր կապված, նախարարությունն էր պահանջում, ընդ որում՝ այնպիսի լիցենզիա, որ ՀՀ-ում չկա։

- Ինչո՞ւ հանկարծ «Տաշիր» հիմնադրամը որոշեց հոգալ Գյումրու օրվա տոնակատարության ծախսերը, քաղաքապե՞տն էր ձեզ խնդրել։

- Ես եմ առաջարկել քաղաքապետին, քանի որ գյումրեցին օրը տոնելու ցանկություն ուներ, ես էլ՝ որպես գյումրեցի, հաշվի առնելով իմ քաղաքացիների կարծիքը, որոշեցի նախաձեռնել, հանդիպեցի քաղաքապետին, քննարկեցինք։ Եթե ՔՊ-ն կամ քաղաքային իշխանությունը տոնելու ցանկություն ունեին, թող տոնեին, ոչ ոք դեմ չէր, եթե անեին, բնականաբար, մենք չէինք անի։

- Ավագանու նիստին քաղաքի օրվա տոնակատարությունների համար 7-14 մլն դրամի հատկացումից էին խոսում, դուք է՞լ եք այդքան հատկացրել։

- Հավատացեք, այդ գումարից շատ-շատ ավելի է հատկացվել, չեմ ուզում հիմա գումարի չափն ասել, բայց որ ավելին է ծախսվել, վստահ եղեք։

- Սոֆի Մխեյանը, Սեւակ Ամրոյանը, D’Litte-ը, Գաթա Բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը, Աբրահամ Ռուսսոն հրավիրված են քաղաքի օրվա համերգին, նույնիսկ լուրեր շրջանառվեցին, թե Աբրահամ Ռուսսոն Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերն է հետաձգել՝ այդ օրվա հետ կապված, քանի որ չի ցանկացել մերժել Սամվել Կարապետյանին։

- Ես, անկեղծ, այդ մասին չեմ լսել, բայց քանի որ ժամկետը սուղ էր, ընդամենը երկու շաբաթում պետք է նման մեծ մասշտաբի միջոցառում կազմակերպեինք, մենք հնարավորություն չունեցանք մեր արտիստներից շատերին հրավիրել, պատկերացրեք՝ բոլորն էին ուզում գալ, բայց նրանցից շատերն արդեն այդ օրվա հետ կապված նախապես պայմանավորվածություն ունեին։ Օրինակ, Սեւակ Ամրոյանն այդ օրը «Շանթ» հեռուստաընկերության հոբելյանական միջոցառմանը պետք է ներկա լինի ու համաձայնեց շուտ գալ, մի քանի երգով հանդես գալ, որ հասցնի մեկնել։ Hayat Project-ը, որ շատ էր ուզում իր հարազատ Գյումրու օրը երգել, այդ օրը, ափսոս, զբաղված է արդեն՝ մեկ այլ միջոցառման համար նախապես պայմանավորվել էին։

- Վերադառնանք շարժմանը․ դիմո՞ւմ են ձեզ գյումրեցիներ՝ շարժմանը միանալու ցանկություն հայտնելով։

- Բավականին շատ են դիմողները, հոկտեմբերի 4-ին կսկսենք գյումրեցիների գրանցման գործընթացը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image