Հայաստանում ադրբեջանական ծագման բենզինի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Իշխանությունների ներկայացմամբ՝ որքան մեծ ծավալներով այն ներմուծվում է, այնքան արագ սպառվում է շուկայում։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ երբ ադրբեջանական բենզինի պաշարները սպառվում են, շուկայում առկա մյուս տեսակների գները սկսում են աճել։ Նրա խոսքով՝ մինչ այդ վառելիքի ներմուծումը, ռեգուլյար բենզինի արժեքը Հայաստանում տատանվում էր 500–520 դրամի սահմաններում։
Նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր առևտրատնտեսական համագործակցությանը։ Նա հայտնել է, որ կողմերը փոխադարձաբար ներկայացրել են այն ապրանքների ցանկերը, որոնք կարող են մատակարարվել միմյանց շուկաներ։ Սակայն, ըստ նրա, առայժմ շուկայում տեսանելի չեն լուրջ մրցակցային առավելություններ, և առևտրային հարաբերությունները դեռ ձևավորման փուլում են։