Քաղաքականություն

Նիկոլին ու նիկոլականներին ի գիտություն...

Նիկոլին ու նիկոլականներին ի գիտություն...

Պարզվում է, որ ՀՀ Սահմանադրության տոնը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում նշվել է առանց լրագրողների, ինչը, ընդունեք, նոնսենս է: Անհեթեթություն՝ բառիս բուն իմաստով եւ ինչը հերթական անգամ վկայում է՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կորցրել է լեգիտիմությունը: Որովհետև եթե լիներ լեգիտիմ, ապա նույնիսկ մտքով չէր անցնի լրագրողներին նման միջոցառմանը չհրավիրելու գաղափարը: Դա՝ մեկ: Երկրորդ, Սահմանադրությունն, անուղղակի ասված, բազմաթիվ անգամ բռնաբարած վարչապետն ի՞նչ իրավունքով է տոնում այն՝ դժվար է ասել: Եվ եթե նույնիսկ վերացարկվենք բազմաթիվ այլ երևույթներից, այդ երկու գործոններն ի մի բերելուց ակնհայտ է դառնում, որ վարչապետի աթոռից կառչած Նիկոլը ժողովրդավարության հետ իրականում բացարձակապես առնչություն չունի: Այնպես որ լեգիտիմության կորստի հետ միաժամանակ առկա է մեկ անձի ամբողջական ավտորիտար՝ առնվազն, իշխանություն: Այդ առումով էլ Նիկոլի բարեկամ (տվյալ դեպքում առանց չակերտների)՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ականջը կանչի:

Նախորդ հոդվածում խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հարցով զարգացումներից՝ ես մոռացել էի մի կարևոր հանգամանքի մասին: Դա այն է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետով ռուսական հատուկ ծառայությանը վերապահված գործառույթը կարող է իրականացվել ամերիկահայ որևէ մասնավոր ընկերության կողմից: Համենայն դեպս, այդ հարցը մերթ ընդ մերթ դրվում է շրջանառության մեջ: Ենթադրում եմ, որ դա արվում է Հայաստանի գործող իշխանության կողմից: Ինչևէ, դա նշանակում է, որ Թուրքիայում Նիկոլին ստիպել են ընդունել, որ միջանցքը պետք է լինի: Եվ լինի հենց այն ձևով, որով այն պատկերացնում է թուրք-ադրբեջանական զույգը: Դա՝ մեկ: Երկրորդ, եթե լինի միջանցքն ու այն վերահսկվի մասնավոր ընկերության կողմից, ապա դա պետք է լինի մասնավոր ռազմական կազմակերպություն (ՄՌԿ, ռուսերենով՝ ЧВК, անգլերենով՝ PMC): Հիշենք ռուսական հանրահայտ «Վագները»: ԱՄՆ-ում, ըստ Վիքիպեդիայի, առկա են ավելի քան վեց տասնյակ «վագներներ»: Թեև տեղյակ չեմ, թե դրանց թվում կա՞, արդյոք, հայկականը: Չշփոթենք հայկական հանցագործ կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով, որ մեր մամուլը ժամանակ առ ժամանակ ներկայացրել է հենց հայկական հանցագործ խմբերի մասին տեղեկատվություն:

ՄՌԿ-ները, որպես կանոն, ենթարկվում են կա՛մ դաշնային իշխանությանը (երևի կան նաև նահանգային ենթակայության՝ տեղյակ չեմ), կա՛մ էլ խոշոր մասնավոր ընկերություններին: Իհարկե, կան նաև անկախ ՄՌԿ-ներ: Ու եթե դրանց թվում չլինեն հայկականներ, ապա դժվար չի լինի կոնկրետ տվյալ դեպքի համար անկախներից մեկի կառավարման խորհրդի կազմում ընդգրկել մի քանի հարուստ հայերի: Որպեսզի, նախ, նրանց գումարների հաշվին ապահովվի կոմունիկացիաների վերահսկողությունը: Դա կարող է լինել թե՛ տեխնիկական և թե՛ մարդկային ռեսուրսներով: Եվ երկրորդ, ինչն ավելի կարևոր է, վստահություն ներշնչվի, թե այդ ՄՌԿ-ն լինելու է առնվազն օգբյեկտիվ և չեզոք: Իսկ հետո տեղի կունենա այն, ինչը չի կարող տեղի չունենալ. դա էն գլխից պետք է որ հասկանալի լինի: Այդ ընկերության բաժնետոմսերն աստիճանաբար կանցնեն կա՛մ թուրքերի կա՛մ հրեաների հետ կապակցված անձանց կամ որևէ այլ ընկերության ձեռքը, իսկ վերջում կհայտնվեն թուրք-ադրբեջանական զույգի կամ դրա անդամներից մեկի ձեռքում: Եվ դրանով կավարտվի վերահսկողության թե՛ օգբյեկտիվ և չեզոք բնույթը և թե՛ ընդհանրապես ընդհանուր հայկական վիրտուալ ենթակայության հանգամանքը: Կարծում եմ, որ սցենարն արհամարհել չի կարելի:

Դրանով կլուծվի նաև մեկ այլ հարց՝ Իրանը կանջատվի Հայաստանից: Եվ ավելի ուշ՝ երբ Իլհամը որոշի այդ հարցը լուծել արմատապես՝ Իրանն այլևս խառնվելու ու թյուրքական զույգին սաստելու շահ չի ունենա: Եթե որևէ մեկին կարող է թվալ, թե ներկայացվածը չափազանցություն է, թող հիշի, թե ինչպիսի ոգևորությամբ ու երազներով վարչապետ կարգեցինք մեկին, ով շատ արագ պիտի վերածվեր ազգակործան պատուհասի:

ՀԳ. «Գուգլ»-ով որոնում տալուց ներկայացված նյութերի շարքում առկա էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ-ական «ազգընտիր» Մելքոնյան Գագիկի խոսքն (21.02.2023 թ.) առ այն, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա թե՛ Արցախի պետնախարարի պաշտոնից և թե՛ ընդհանրապես Արցախից: Որպեսզի, նախ, բացվի Լաչինի միջանցքը (դա Իլհամի պահանջն էր) և լուծվի Արցախում իշխանության պառակտվածության հարցը: Իլհամի պահանջը կատարվեց, սակայն միջանցքը չբացվեց, հետո էլ ընդհանրապես կորցրինք Արցախը: Սա Նիկոլին ու նիկոլականներին ի գիտություն...

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image