Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթներն ուղղված են բացառապես անգրագետ ու միամիտ մարդկանց, որոնք հիանում են անդադար խոսելու նրա շնորհքով, իսկ ինչպե՞ս են վերաբերվում նրա մտքի «գոհարներին» մտածող մարդիկ: Մասնավորապես այն մտքերին, երբ պատմում է շարունակաբար վրաերթի ենթարկվող հայերի մասին, որոնք, պարզվում է` երթեւեկության կանոնները չգիտեն, դրա համար են շարունակ ավտոյի տակ ընկնում: Ենթադրաբար` նկատի ունի Հայոց ցեղասպանությունը, կորուստները, պարտությունները, Արցախի հանձնումը: Եվ ծաղրում է ընդդիմադիրներին, որոնք իրեն հարցնում են` «ի՞նչ ես ուզում մեր ժողովրդից, այ տականք», ու պատասխանում է` «ուզում եմ աշխարհը ճանաչեք»:
Իբրեւ թե մեր խնդիրները նրանից են, որ աշխարհը չենք ճանաչում: Եվ սա ասում է մի մարդ, որն իշխանության գալուց օրեր անց հրամայեց ձերբակալել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին` իսպառ փչացնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Ասում է մի մարդ, որն այնքան մեծամիտ ու ինքնահավան էր, որ ծաղրում էր ՌԴ արտգործնախարարին, թե «Ռուսաստանի մեր գործընկերները պետք է ադապտացվեն իրավիճակին»: Աշխարհը ճանաչելու մասին խոսում է մի մարդ, որն իր զրոյական կետից էր սկսում բանակցությունները` կաթվածահար անելով Մինսկի խումբը, եւ իր սադրիչ հայտարարություններով հրահրում էր մեր հակառակորդներին: Մի մարդ, որը չի գիտակցել, որ հարկավոր է զենք գնել, Սու-30 ինքնաթիռներն առանց հրթիռների բուտաֆորիա են, իսկ «անիֆների» մեջ փողը թաղելը մեծ վնասարարություն է: Խոսում է մի մարդ, որը ոչ մի կերպ իր տեղը չի գտնում աշխարհում` մե՛կ դեպի Եվրոպա է վազում, մե՛կ` Հյուսիս, մե՛կ Լուկաշենկոյի հետ է կռվում, մե՛կ Տիխանովսկայային հանդիպում, մե՛կ խոսում է ցեղասպան Թուրքիայի մասին, մե՛կ հաճույքից հալվում էրդողանի հայացքից: