Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ արդեն հասցրել էինք կարգին ծանոթանալ: Որպես «հին» բրթող ասեմ, որ պարոն Հովհաննիսյանը վատ չէր բրթում: Բրթում էլ էր, քաշքշում էլ էր, բերման էլ էր ենթարկում եւ, որպես կանոն, փողոցային պայքարի օրենքներին չէր տիրապետում: Սա, կարող եմ ասել, նրա կոզրն էր: Մի տեսակ սպորտաձեւ կա, կոչվում է՝ մարտեր առանց կանոնների: Հովհաննիսյանս, ուղղակի, անկրկնելի էր փողոցում: Բայց նա իր նախորդի՝ Սաքոյի պես քացի չէր գցում, ժողովրդասեր էր, մյուս կողմից էլ՝ հավատացյալ: Տեսախցիկներից չամաչեր՝ Բագրատ սրբազանի ձեռքն էլ կհամբուրեր: Գրազ կգամ, որ անցյալ տարվա հունիսի 12-ին մինչեւ վերջին պահը դիմադրում էր, կրակ չէր բացում ժողովրդի վրա: Էն ռումբերն էլ որ նետեցին՝ ինքը չէր հրամայել: Ու էս տեսակ ոստիկանապետին Նիկոլն ազատեց աշխատանքից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Բանն այն է, որ Նիկոլի էսօր-էգուցը մոտ է, հասունացող նոր ընդվզումը՝ քթի տակ: Աշխարհականները քիչ էին, եկեղեցականներն էլ են դուրս գալու փողոց: Ամբողջ հասարակությանն է հանել իր դեմ, եւ այս իրավիճակում նրան Արամ Հովհաննիսյանի նման ոստիկանապետ պետք չէ: Մի հատ «безбашенный» անասուն է պետք Նիկոլին, որ առանց հրամանի նույնիսկ «գրադ» կրակի ժողովրդի վրա: Բա խառը վիճակ է, բա որ աթոռից ընկնի, ու քաշեն դատի… Որ դատավորը հարցնի՝ քաղաքացի Արամ Հովհաննիսյան, ինչո՞ւ ես ռումբ նետել ժողովրդի վրա, քաղաքացի Արամ Հովհաննիսյանը, ինչ է, պիտի ասի՝ լա՞վ եմ արել: Նա կասի՝ Նիկոլը հրամայել է, ես էլ «դոմփել» եմ: Չեմ բացառում՝ գուցե ուրիշ անուններ էլ տա: Օրինակ՝ Ալեն Սիմոնյան: Այդ օրը Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում էր, վախեցած, որ ժողովուրդն ուր-որ է՝ ներս կլցվի: Կարող էր, չէ՞, Ալեն Սիմոնյանը սադրել Նիկոլին, Նիկոլն էլ՝ Արամ Հովհաննիսյանին, ու ռումբը պայթեր: Մի խոսքով՝ չի կարելի իշխանափոխություն թույլ տալ: Առանց ոստիկանության, առանց մյուս ուժայինների Նիկոլն ու իր խունտան զրո են:
Մի՞թե Փաշինյանը նույնը չարեց Հայոց բանակի սպաների հետ, որոնք, հենց գա ժամանակը, խոսելու են ու պատմեն, թե ինչպես ծագեց 44-օրյա պատերազմը, ինչու եւ ինչպես պարտվեցինք, ինչու առանց կրակոցի հանձնեցինք Քարվաճառը, Բերձորը, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի առանձին կտորներ: Ո՞վ էր հրաման տալիս՝ գերագույն գլխավորը, իսկ ով էր գերագույն գլխավո՞րը՝ Նիկոլը: Այո, Արամ Հովհաննիսյանը մեղավոր է, գեներալները մեղավոր են, որ մինչ օրս չեն խոսել բռնապետիկի «քաջագործությունների» մասին, բայց մեր դատարանը՝ աշխարհի ամենաարդար դատարանը, վստահ եմ, կլսի նրանց «чистосердечное призвание»-ն ու կների այս պարտադրված լռությունը:
«Հրապարակը» գրել էր, որ Նիկոլի հրամանի թանաքը չչորացած՝ ՆԳՆ կայքից հեռացվել են ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի նկարն ու տվյալները։ Բնական է, այդպես էլ պետք է լիներ: Ինչ է՝ սպասում էիք, որ Նիկոլը մի հատ էլ գնար ՆԳՆ, ներկայացներ նոր ոստիկանապետին ու շնորհակալությո՞ւն հայտներ Արամ Հովհաննիսյանին՝ անբասիր աշխատանքի համար: Չի կարող նման բան լինել: Նիկոլի նմանին Նիկոլի նման ոստիկանապետ է պետք:
ՀԳ. Չեմ բացառում նաեւ, որ այս փոփոխության բուն պատճառը Նիկոլի ծննդյան օրը քաղաքում հայտնված գրառումներն են՝ «Շնորհավոր, քեռի Նիկոլ» բովանդակությամբ: Դրանք արվել էին ներկով, իսկ դրանց հարեւանությամբ՝ անցումներում ու մարդաշատ վայրերում, փակցվել էին դավաճան հոբելյարի նկարները՝ «Չենք վստահում» մակագրությամբ: