Երեկ Հայաստանի բոլոր լրատվամիջոցները տարածել էին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ, վերնագրերում նշելով Gallup անունը եւ շարքային ընթերցողին շփոթության մեջ գցելով, թե հետազոտությունը կարող է կապ ունենալ ԱՄՆ հանրահայտ Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ:
Մինչդեռ չկա նման ոչ մի կապ: Gallup-ի անվան հետ ստորեւ բացահայտվող ձեռնածություններով սեփական MPG ՍՊԸ-ի անունը ասոցացրած, եւ MPG-ի ինքնահնար թվերը լրատվամիջոցներին ներկայացրած անձը, դատելով լուսանկարից Արամ Նավասարդյան անուն-ազգանվամբ քաղաքացին է, որը չունի ոչ մի կրթություն (գոնե իր հանրայնացված կենսագրությունում կրթության մասին նշված չէ), առավել եւս սոցիոլոգիայի հետ թեկուզ ամենահեռավոր առնչություն:
Սույն քաղաքացին իր նման, անհայտ կրթությամբ մեկ այլ անձի` Նարինե Մելիքյանի եւ Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի շրջանավարտ Դավիթ Դաբաղյանի հետ 2010-ին կամ 11-ին հիմնադրել եւ Երեւանի Բաղրամյան 2 հասցեում գրանցել է MPG (Marketing Professional Group) կոչվող ՍՊԸ: Նշյալ երեք անձինք Հայաստանի քաղաքացի են, թե ոչ` հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ նրանք ՌԴ «PR Россия» եւ «Маркетолог» կոչվող կազմակերպությունների աշխատակից-գործընկերներ են: Բացի վերոթվարկյալ երկու անհայտ կրթությամբ եւ մեկ ժողինստիտուտի շրջանավարտ հիմնադիրներից MPG ՍՊԸ-ին աշխատակցում են եւս երեք հոգի` մեկ կիրառական մաթեմատիկայի մասնագետ, մեկ կոոպերատիվ համալսարան ավարտած բնապահպան եւ մեկ կրթության մասին տվյալ չնշող շինարար:
Ահա սոցիոլոգիայի հետ «ամենասերտ կապեր» ունեցող շառլատանների այս խումբն էլ թվեր է նկարում եւ հայտարարում ինչի մասին պատահի, միայն թե դա ՌԴ-ի շահերից բխի: Այս խմբակը մեկ տարի առաջ էլ` 2015-ի վերջերին Հայաստանի միջազգային վարկի հետ էր փորձել խաղալ, սոցհարցման արդյունք տարածելով, իբրեւ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստանում 79% վարկանիշ կամ համակրողներ ունի: Դա այն դեպքում, երբ ամերիկյան Gallup-ի համաշխարհային հարցախույզներից մեկի պաշտոնական տվյալներով, դեռ տարիներ առաջ, երբ ոչ 2016-ի ապրիլյան էսկալացիան էր եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ոչ էլ Գյումրիում ռուս Պերմյակովի իրականացրած սպանդը, նույնիսկ այդ ժամանակ ՌԴ-ին Հայաստանի բարեկամ համարող եւ համակրող հայաստանցիների թիվը 25%-ից ցածր էր:
Առանձնապես զարմանալի չէ, որ MPG ՍՊԸ-ի վեցհոգանոց խմբակի նոր հարցախույզով էլ այժմ ՀՀԿ-ն 22% վարկանիշ ունի, իսկ իր գոյությամբ այդ ՀՀԿ-ից կախված ու պահվող վարչապետ Կարեն Կարապետյանը` հանկարծ` 81%: Երեւում է MPG-ի ինքնակոչները ոչ միայն սոցիոլոգիայի հետ ամենահեռավոր առնչություն չունեն, ոչ միայն գերակշռող մասով որեւէ կանոնավոր կրթություն չունեն, այլեւ գիտակցության հետ խնդիր ունեն` ընդհանուրի եւ մասի միջեւ հարաբերակցություն չպատկերացնելու աստիճան:
Վերջապես, հանգուցային կետը` MPG-ի խեղկատակները Gallup անվան հետ ի՞նչ կապ ունեն: Եթե խոսքը 1935-ին Ջորջ Գելափի կողմից հիմնադրված ամերիկյան սոցիոլոգիական հետազոտություններով կենտրոնի մասին է, ապա MPG-ն դրա հետ չունի ոչ մի կապ, նույնիսկ առնչություն` ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված: MPG-ի շառլատանները կապ ունեն Gallup բրենդը գործածելու իրավունք ձեռք բերած WIN/Gallup կամ WIN/GIA կոչվող կառույցի հետ, որը 2010-ին հիմնադրված բիզնես կոնգլոմերացիա է: Դա աշխարհի 60-70 երկրներից ամենատարբեր ՀԿ-ներ, ՀՁ-ներ, ՍՊԸ-ներ ներառող մի խառնակույտ է, որոնց միավորողը թերեւս Gallup-անվանը առնչվելու գայթակղությունն է եւ դրանով հասարակական մանիպուլյացիաներ կատարելու շահը: Հայաստանից WIN/GIA-ին անդամակցողը MPG ՍՊԸ-ն է:
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ