Երևի կհիշեք հուլիսի 17-ի պատահարը, երբ Կապան-Քաջարան հատվածում` Ձագեձոր գյուղի մոտ իրանական մեծ մեքենան ընկել էր Ողջի գետը: Բեռնատարը մազութ էր տեղափոխում, որն էլ վթարի հետևանքով սկսել էր լցվել գետը: Սակայն, ժամանակին արձագանքած համապատասխան ծառայությունները կարողացել էին արագ գետը մաքրել մազութից ու կանխել հնարավոր հետագա խնդիրները: Մազութը սառը ջրի մեջ չէր տարածվել` լոկալ տարածք էր զբաղեցրել եւ հնարավոր էր եղել այն արագ հեռացնել գետից:
Ադրբեջանում, սակայն, այս փաստը մեծ շահարկման և ամենաիսկական տեղեկատվական արշավ ծավալելու առիթ է դարձել: Եվ բնականաբար այդ արշավում հայկական կողմին հերթական անգամ վերագրվել են բազում մեղքեր ու էկոլոգիային հասցված վնասներ: Ադրբեջանը հետևողական ու շարունակական աշխատանք է տանում հատկապես քարոզչության ոլորտում և դա տալիս է իր պտուղները: Այս փոքրիսկ վթարն այնպես էին ուռճացրել Ադրբեջանում, կարծես Չեռնոբիլ-2 է տեղի ունեցել՝ տագնապի ահազանգերն էին միայն պակասում:
Ամենափոքր օրինակով հիմա ներկայացնենք: Պրոադրբեջանական քարոզչությամբ աչքի ընկնող Вестник Кавказа լրատվամիջոցը «Հայաստանը կարող է էկոաղետ ստեղծել Ադրբեջանի և Իրանի համար» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ Ողջի գետ է ընկել քսաներեք տոննա մազութ տեղափոխող մեքենան, ինչը կարող էր Հայաստանի հարևանությամբ գտնվող երկրների համար իսկական աղետ դառնալ, քանի որ Ողջի գետը, ինչպես լրատվամիջոցն է գրել, ուղղակիորեն լցվում է Արաքս գետը: Հոդվածագիրը գրում է նաեւ` չնայած ավտովթարներից ոչ ոք չի կարող ապահովագրված լինել, եւ շեշտում է, որ ՀՀ արագ արձագանքման խմբերը շատ օպերատիվ են գործել ու կարողացել են գետը փրկել աղոտումից, բայց դե առանց հակահայկական նոտաների անհնար էր նյութը կառուցել, հետևաբար հավելել են, որ չնայած դրան, գետն ընկած մազութի քանակը որոշելն անհնար է, իսկ այդ մազութն արդեն ամենայն հավանականությամբ Արաքս գետով արդեն հասել է Ադրբեջան և Իրան:
Իրանական բեռնատարի մեքենայի վթարվելու, գետը լցված մազութի մասին լուրն ամբողջությամբ Вестник Кавказа -ից արտատպել էին նաև Չեչնիայի https://checheninfo.ru/ կայքը:
Իսկ ադրբեջանական Report. az-ը անդրադարձել էր վթարին, նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող մասնագետները գետի ջրից նմուշներ են վերցրել՝ հասկանալու համար ջրի աղտոտվածության մակարդակը:
Ադրբեջանական կողմի օպերատիվությունն ու հետևողական աշխատանքը հակահայկական քարոզչական տիրույթում, ցավոք, կարող ենք գնահատել շատ արդյունավետ, որովհետև արձագանքում են ամեն ինչին՝ ամեն ինչու հակահայկականության որևէ դրսևորում դրա մեջ տեղավորելով: