Հասարակություն

Սյունիքից հեռու մի գյուղում

Սյունիքից հեռու մի գյուղում

Առաջարկում եմ մի պահ վերանալ քաղաքականությունից եւ «միջանցքի» հարցը քննարկել տնական ձեւով: Այսինքն, մի քիչ դուրս գանք Նիկոլի ու Ալիեւի (այս զույգին պետք չէ իրարից բաժանել) հրապարակ նետած օրակարգից, որ մի իսկական էշի հարսանիք է դարձել մեզ համար: Դա` դեռ մի կողմ՝ մենք էլ պարում ենք այդ հարսանիքում: Իսկ ի՞նչ է նշանակում՝ հարցը քննարկել տնական ձեւով: Առաջին հերթին դա նշանակում է իրերն անվանել իրենց անուններով, աջ ականջը ձախ ձեռքով չքորել, մոռանալ իշխանության համար պայքարը, պաշտոնակռիվ չանել, խոսել զուտ այդ հարցի մասին եւ այն չշաղկապել եսիմ ում էշի գյուղացու գլխով անցած պատմությունների հետ: Կարծում եմ՝ Նիկոլի ու Ալիեւի համար էլ հետաքրքիր կլինի, թե մարդիկ տնական իրավիճակում ինչ են մտածում իրենց ձեռնարկած օյինբազության մասին: Դե նստեք, իշոտնուկները շրջանաձեւ շարեք, «թզբեհները» հանեք, որ սկսենք քննարկումը: Իսպիր դայի, դու քո տեղը նստիր, ա՜ա՜ա՜յ, այստեղ: Մնացածդ ըստ տարիքի շարվեք: Էս մի տեղն էլ ինձ համար պահեք:

Էս ի՜ի՜ի՜նչ հրաշք պատկեր ստացվեց… Կանաչ վիթխարի ընկուզենու տակ, միասին բազմած, մի շրջան կազմած…
- Իսպիր դայի, առաջինը դու խոսիր…
- Խոսամ, բա ո՞նց… Դեհ, բարլուսներս բարի…
- Իսպիր դային ոնց որ խառնում ա, թող Ռուբենը խոսի:
- Ե՞ս… Խոսամ, ախպեր: Ուրեմն, ոնց որ Իսպիր դային ասեց, բարլուսներս բարի…
- Չեղավ, չեղավ, հարգելի ավագներ, այսօր հավաքվել ենք՝ հարց քննարկելու: Հարցը լուրջ է: Թուրքը մտել է մեր երկիրը, սողեսող առաջ է գալիս, ի՞նչ բարլուսի ժամանակ է: Հրեն՝ Սյունիքով ծակ են բացել, որ Բաքվի թուրքերի հետ միանան ու մեզ գցեն տոպրակը:
- Յա՜ա՜ա՜…
- Բա՞… Մենք էստեղ էշի ականջում քնած՝ Նիկոլն ու Ալիեւը, իրար բրթելով, իրար քրֆելով,  փորում են էդ ծակը:
- Ա իրար քրֆելով ծակ կփորե՜ե՜ե՜ն… Ա դրանք սավսեմ մազալու են:
- Մազալու ասիր՝ թողի՞ր…
- Ես դրանց քյալլեն…
- Հոպ, հոպ, Իսպիր դայի, մենք պիտի զերծ մնանք հայհոյանքներից: Ի վերջո, սա ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ էլ ԱԺ-ի ամբիոնն է: Մենք հավաքվել ենք ոչ թե Նիկոլին ու Ալիեւին կռվացնելու, այլ՝ խելք սովորեցնելու: Ուրեմն եկեք քննարկենք, թե ինչ կարելի է անել, որ նրանք՝ Նիկոլն ու Ալիեւը, չկռվեն: Չեմ ասում՝ բարիշացնենք, բայց գոնե չքրֆեն իրար, մանավանդ՝ Նիկոլը, որ հա՛մ էշը կոխել է ցեխը, հա՛մ էլ ինքն է քրֆում: Էն Ալիեւն ընդամենը խնդրել էր Սյունիքով մի ծակ բացել, որ թուրքերը գնան-գան: Կարող էր, չէ՞, Նիկոլը չորով ասել՝ չէ: Բայց մի առաջ ընկավ, մի բա՜ա՜ա՜ն, թե բա՝ էդ ծակը մեր գաղափարն է, մենք այդպես ենք ուզում խաղաղություն հաստատել: Ալիեւին քարշ տվեց Վաշինգտոն, Թրամփի առաջ կանգնեցրեց, թուղթն էլ դրեց դեմը, թե՝ ստորագրի: Ու այդքան բանից հետո, այսօր խեղճ Ալիեւին քրֆում է, թե ինչու ես այդ ծակն անվանում «Զանգեզուրի միջանցք»: Երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու խեղդում է՝ պիտի ասես՝ «Թրամփի ուղի»:
- Նիկոլը ճիշտ ա անում: Ալիեւն իրա էշը թող չքշի, հերիք ու բոլ եղավ: Էսքան բան տվեց Նիկոլը, էլի չի կշտանում… Հիմա էլ՝ «Զանգեզուրի միջանցք»: Նիկոլի տեղը լինեմ, դրան կասեմ՝ սիկտիր:
- Է՜, Իսպիր դայի, էլի ուրիշ տեղ ես տանում խոսակցությունը: Ես ասում եմ՝ Նիկոլն է էս գործի քավորը, ինքն է սկսել, ասում է՝ դա խաղաղության ծրագրի մի մասն է: Հիմա ո՞նց ասի՝ սիկտիր: Բա Թրամփը չի՞ ասի՝ հո դու էշ չես, այ տղա, հա՛մ իմ ներկայությամբ ստորագրել ես, հա՛մ ասում ես սիկտի՞ր:
- Թրա՞մփն ով դառավ, որ մեր ինքնիշխան Նիկոլին այդպիսի բան ասի: Նիկոլը Պուտինին խեղճացրեց, Թրամփն ո՞վ է, որ չխեղճացնի:
- Իսպիր դայի, ախր մենակ Թրամփը չի: Նիկոլն ամբողջ աշխարհին է հայտարարել, որ խաղաղություն է բերել, որ էդ ծակն էլ խաղաղության մի մասն է, որ դա իր հանճարեղ գաղափարն է, որ այդ ծակով հայերը գնալու են Բաքու, այնտեղից էլ՝ Մոսկվա ու լիքը այլ տեղեր: Ասենք՝ Թրամփին էլ խեղճացնի, բա Եվրոպայի՞ն ինչ է պատասխանելու, Աֆրիկային, Ավստրալիային, Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին… Ախր բոլորն սպասում են, որ էդ ծակը բացվի, ու աշխարհն այնպես խառնվի իրար, որ էլ չհավաքվի:
- Սրա վերջը կռիվն ա…
- Ես էլ էդ եմ ասում, ուստա Վաղո: Ալիեւը կռնակին չի գալու, իրենն է պնդելու, Նիկոլն էլ անընդհատ քրֆելու է: Ես կառաջարկեի ոչ թե Ալիեւին, այլ Նիկոլին կարգի հրավիրել: Ալիեւն էշի համառություն ունի: Ճիշտ է, այդ գծով Նիկոլին չի հասնի, բայց գրեթե ոչնչով չի զիջում նրան: Ասա՝ այ էշ, էն տղեն միջանցքը տվել է, խոստացել է ոչ մի խոչընդոտ չստեղծել քո առաջ, գնա-արի, էլի՞… Մի հանգի՝ «Զանգեզուրի միջանցք», հա «Զանգեզուրի միջանցք»: Կարեւորն այն չէ՞, որ մեր հողով քեզ միջանցք է տվել: Ինչո՞ւ ես իզուր կյանքդ բարդացնում, ընկնում մեր Նիկոլի քֆուրի տակ:
- Նիկոլը պտի չստորագրեր, մինչեւ միջանցքի անունը չորոշեին,- զրույցին միացավ Ջաղացի Հակոբը:
- Արա դե ամբախ-զամբախ խոսում եք, էլի: Նիկոլը մինչեւ հիմա ի՞նչ է որոշել, որ մի հատ էլ միջանցքի անունը որոշեր,- պայթեց Իսոն,- նա իսկի մեր սահմանների տեղը չգիտի, մինչեւ հիմա գծում-ջնջում են, դուք ասում եք՝ Նիկոլը որոշի: Խաթա էր՝ եկավ մեր գլխին:
- Իսո եղբայր, այդքանը որ ասիր, էն էլ ասա, թե ոնց ես գնացել ու ընտրել Նիկոլին, էն ժամանակ չգիտեի՞ր, որ խաթա է:
- Մենակ ե՞ս եմ ընտրել: Էս որ էստեղ հավաքված եք, չե՞ք ընտրել: Մեր ձեռով մեր տունը քանդել ենք, հիմա եկել՝ միջանցքից ենք խոսում:
Իսոն խռոված վեր կացավ, որ գնա: Իսպիր դային հասկացավ, որ «քննարկումն» ավարտվեց.
- Ա բերեք մի բաժակ բան խմենք, բերաններս չորացավ…
- Է՜, Իսպիր դայի, սիրտ չկա…
- Վա՛հ, Բենի՞կ, դու էլ ես էստեղ: Այ տղա, բա ոչխարն ո՞վ է սարը տարել:
- Եսիմ, իրան-իրան գնաց: Շները հետն են, չոռ չի կպնի…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image