Երեկ կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տհաճ անակնկալ մատուցեց արցախցիներին` հայտարարեց, որ ապրիլից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող պետական օգնությունը կրճատվելու է։ «40+10» ծրագիրը կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը։ «Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։ Այսինքն՝ այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա»,- հայտնեց նախարարը։ Հուլիս ամսից 40 հազարը կդառնա 30 հազար, իսկ մյուս տարվանից, հավանաբար, ընդհանրապես կվերանա։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ հայրենիքը կորցրած արցախցիներն արդեն կունենան տուն, աշխատավարձ, կայուն կյանք ու եկամուտ։ Նախարարի այս հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, բուռն դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում և ջղայն մեկնաբանությունների ալիք` սոցցանցերում, լացող ու բարկացած «սմայլիկներ», փողոց դուրս գալու կոչեր։
Տուն տվեք մեզ, տուն
Հասմիկ Հովսեփյան․ «Տուն տվեք, միայն տուն, հետո աշխատանք, բավական է ասեք` դուք խոցելի չեք»:
Կամելա Կ․ «Իսկ եթե աշխատունակ տարիքի է, բայց նորածին երեխա ունի, այդ դեպքում ու՞մ թողնի երեխան ու գնա աշխատի»։
Լաուրա Ավանեսովա․ «Վարձով ենք ապրում` ես և ամուսինս, 62 տարեկան ենք, ես երրորդ կարգի միջին կենսաթոշակառու (քաղցկեղի պատճառով), ամեն տարի կամիսիա եմ անցնում, ամեն ամիս հետազոտվում եմ` վճարովի։ Ամուսինս չի աշխատում, ունի հիվանդություն, ոչ մի տեղ մեզ աշխատանքի չեն վերցնում տարիքի պատճառով։Մեզ նման շատերը կան, ի՞նչ անենք»։
Լիլյա Համբարձումյան․ «Մեզանից` արցախցիներից ուզում են ազատվեն... արդեն ամեն ինչ Արցախի հանձման դիմաց ստացել են թուրքերից, վայելում են այդ ամեն ինչ՝ թե մեր ղեկավարները թե ստեղինը, հավայի փող ստացող Ազգային ժողովի դեպուտատները ստից տեղ` իբրեւ գոյություն ունեցող, թե բիզնեսի մարդիկ ստեղ բոլորը գլուխ են պահում, իրանք են ինտեգրվել Հայաստանում, տուժվել են պետական աշխատողները, հասարակ մարդիկ, իսկական հայրենասեր, հայրենիքը սիրող մարդիկ, խեղճ մեր ժողովուրդ․․․ հաջորդ տարի, երևի, ամբողջ հարցն են ուզում փակել, թուրքին խոսք են տվել որոշ մարդիկ»։
Լառա Պետրոսյան․ «Միակ ելքը հավաքվել, պահանջել` տնով ապահովեն»։
Իննա Մկրտչյան․ «Առաջարկում եմ մի մարդու նման դուրս գալ կառավարության շենքի մոտ ու պայքարել»։
Լիդա Գաբրիելյան․ «Գարնանը տեղահանվածները կառավարության շենքի տարածքում կապրեն՝պալատկեքի մեջ, ուրիշ ելք չկա»։
«Հրապարակման առաջին իսկ պահից զանգերի տարափ սկսվեց»․ Լիանա Պետրոսյան
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում բնակվող հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը, որը տարիներ ի վեր իր հայրենակիցների խնդիրներով է զբաղվում, նախարարի հայտարարությունից հետո ֆիզիկապես չի հասցնում պատասխանել նամակներին և զանգերին։
«Հրապարակման առաջին իսկ պահից զանգերի տարափ սկսվեց», – ասում է։ Նա գտնում է, որ «40+10» ծրագիրը պետք է շարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված անձ չի ապահովվել սեփական տանիքով։
«Անհնարինության դեպքում, հաշվի առնելով բնակապահովման անիրագործելի դարձած ծրագրի տեմպերը, սոցաջակցությունը պետք էր շարունակել նախ՝ 6 ամիս, ապա՝ ուսումնասիրելով Բնակապահովման ծրագրի ընթացքը, երկարաձգել մինչեւ տարեվերջ։ Առավել քան վստահ եմ, որ գործող տարբերակով՝ առանց լուրջ վերանայումների, այս ծրագիրը հաջողություն չի ունենա։ Ըստ բնակապահովման ծրագրի արդյունքների՝ խոցելի կամ հատուկ խմբերի տարբերակումը պետք էր մտցնել 2025-ի 2 -րդ կիսամյակից կամ 2026թ հունվարից, ընդ որում՝ որպես խոցելի խումբ համարելով նաեւ՝ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, 55 + տարիքի անձանց, հաշվի առնելով վերջիններիս՝ աշխատանքային շուկայում ոչ մրցունակ լինելու հանգամանքը։ Առհասարակ, բնակվարձի նպատակով տրամադրվող սոց.աջակցությունը չի կարող ուղիղ համեմատական լինել զբաղվածությանը, քանի որ ՀՀ-ում դրանք անհամեմատելի են», – ասում է Լիանա Պետրոսյանը։
«Արցախցիներին տրվող գումարները ֆինանսական մեծ խնդիրներ չէին առաջացնելու բյուջեի համար, առավել ևս, որ պլանավորած էին»
Սոցապ նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տպավորություն ունի, թե արցախցիներին «թշնամի են համարում», ու ամեն ձևով փորձում են բարդություններ առաջացնել, քանի որ սոցաջակցության սահմանափակումը բերելու է նոր սոցիալական խնդիրների։
Նա հիշեցնում է՝ մարդիկ 40 հազարական դրամը ստանում էին որպես բնակվարձի փոխհատուցում, մինչև ունենան հիմնական կացարան։ «Բայց ինչպես տեսանք, կառավարության խայտառակ ծրագրի պատճառով արցախցիների ճնշող մեծամասնությունը կացարանի ծրագրի շահառու չէ, և Աստված գիտի, թե երբ կլինի։ Բազմիցս ասել ենք, որ արցախցիների խնդիրների կարգավորումը պետք է լիներ կառավարության գլխավոր առաջնահերթություններից։ Ոչ թե ուղղակի ինչ որ ջրհեղեղ, կամ երկրաժաշարժ էր եղել, ու կառավարությունն էլ ստիպված է օգնել։ Արցախի կորուստը կառավարության պատասխանատվությունն է, նրա խայտառակ քաղաքականության հետևանքն է։ Իշխանությունը արցախցիների խնդիրները բերել հասցրել է ամենացածր մակարդակի։ Հիմա նորմալ իշխանություն եթե լիներ, պետք է զբաղվեր արցախցիների վերադարձով, նրանց իրավունքների պաշտպանությամբ, բայց դրա փոխարեն մենք քննարկում ենք արցախցիների` իրենց հայրենիքում բնակարան ունենալ–չունենալու հարցը», – ասում է նախկին նախարարը։ Նա նաև գտնում է, որ պետական գումարային աջակցության սահմանափակումները, թոշակառուի, կամ երեխաների հաշվարկից ելնելով բերելու է նրան, որ միջին ընտանիքը մի 100 հազարի կարգի գումար է ստանալու, որով չի կարողանա ոչ կացարան վարձել, ոչ այլ կարիքներ հոգալ։
«Չեմ կարողանում տրամաբանություն գտնել, թե ինչով են մտածում նման որոշում կայացնելիս։ Էլ չասած, որ կառավարության ամեն մի նիստի ժամանակ անարդյունավետ, անհասկանալի ծախսեր են կատարում։ Արցախցիներին տրվող գումարները ֆինանսական մեծ խնդիրներ չէին առաջացնելու բյուջեի համար, առավել ևս, որ պլանավորած էին: Ցավում եմ, որ նման կառավարությունը շարունակում է գործել»։