Քաղաքականություն

Կուլտուրական ասած՝ գնա

Կուլտուրական ասած՝ գնա

Փաշինյանը չի պարտվել միայն այն բնագավառներում, որոնցում առհասարակ չի եղել: Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում, օրինակ, նա չի պարտվել: Կա՞ն հակառակը պնդողներ` սիրով կլսեմ բոլորին: Ընդդիմադիր եղած ժամանակ մշտապես պարտվել է, իշխանությունը ձեռքը տվին, էլի պարտվեց… Նրա պարտությունների շարքը թվարկելով չի վերջանա: Եվ խնդրում եմ իրավապահ համակարգն էլ աչքս չկոխեք: Նիկոլը նաեւ իրավապահ համակարգին է պարտվել: Այն, որ հենց այդ համակարգի ձեռքին է Նիկոլի ճակատագիրը՝ դատախազության, դատարանների, ոստիկանության, տարատեսակ բերետների ձեռքին, արդեն իսկ խոսում է նրա պարտության մասին: Մենք քաջատեղյակ չենք, իհարկե, բայց կարող ենք ասել, որ Նիկոլը նույնիսկ ԱԱԾ-ին է պարտվել եւ շատ վաղուց:

Քովիդ եղավ՝ պարտվեց, պատերազմ՝ պարտվեց: Ադրբեջանցուն պարտվեց, թուրքին պարտվեց, հարթ տեղում անգամ Ռուսաստանին ու Իրանին պարտվեց: Էս մարդն անգամ Չինաստանին է պարտվել: Հիշում եք, երեւի, որ կնոջ հետ Չինաստան էր գնացել ու դեռ պեկինյան ձեւով պատրաստված բադ էլ կերան: Ո՞ւր է արդյունքը: Չկա, պարտվել է, խաբել է, ֆռռացրել… Ներդրո՞ւմ… Կատա՞կ եք անում:

Տնտեսության բնագավառում Փաշինյանը ոչ թե պարտված է, այլ՝ գլխովին ջախջախված: Ինչ գործարան բացել է, այսօր չկա: Այնպես չէ, որ չի աշխատում` ուղղակի չկա: Օրինակ՝ Վանաձորի ավտոգործարանի կամ հայկական հեռուստացույցների գործարանի տեղն ո՞վ գիտի… Այս ամենը՝ դեռ Երկրի վրա: Բա օդում ի՜նչ է կատարվում՝ խայտառակություն: Ռազմական ավիացիա չունենք, քաղաքացիական` չունենք, գյուղատնտեսական` չունենք: Որտեղ քիթը մտցրեց՝ մունդռեց, ոչնչացրեց, պարտվեց: Այո, պարտվեց ու այսօր չի էլ հիշում դրանց մասին: Տիեզերք թռավ` Նիկոլը չէ, այլ՝ մեր արբանյակը: Կարելի է ասել՝ արբանյակը Նիկոլը թռցրեց: Աննախադեպ բան մեր պատմության մեջ: Ո՞ւր է արբանյակն այսօր, ո՞ւր են տիեզերքից արված նկարները… Մի հատ մուլտիկ քարտեզ է ցույց տալիս ժողովրդին, թե սա է իրական Հայաստանը: Բա դրա փոխարեն արբանյակից արված մի լուսանկար ցույց տուր, ասա՝ սահմանը, այ, այստեղով է անցնում, թուրքն այսքան մտել է մեր հողը, մեր հողից այսքան տվել ենք կամովի… Արբանյակին էլ է պարտվել այս մարդը:

Քիչ չի շրջագայել Եվրոպայում՝ Բրյուսել, Փարիզ, Բեռլին, Պրահա: Նիկոլը, ուրեմն, այս բոլորին ոչ միայն առանձին-առանձին է պարտվել, այլեւ բոլորին մի տեղ՝ ԵՄ շրջանակներում: Ամեն անգամ իրենից գոհ վերադառնում է ու մեզ հեքիաթներ պատմում Եվրոպայի մասին: Պարզվեց՝ այդ ամենը փչոց էր: Փչոց էր ոչ թե այն իմաստով, որ Եվրոպան լավը չէր, այլ որ ինքը բանի պետք չէր: Ականատես եղաք, չէ՞, ԱԺ լսումներին: Էդ ինչքան մարդ էր հավաքվել, Աստված իմ, ինչքան գովեցին ԵՄ-ն ու Եվրոպա գնալու Նիկոլի հանճարեղ որոշումը: Է՛լ ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշ փռել, է՛լ ռուսական գալոշ ցուցադրել, է՛լ Տիգրան Խզմալյան, է՛լ Վազգենի ախպեր Արամ, է՛լ Արման Բաբաջանյան, է՛լ Հովսեփ Խուրշուդյան: Ասում են` դժվար է փչացած մարդկանց նորից փչացնելը: Բայց դա Նիկոլի համար չի ասվել: Նիկոլն էս փչացածներին արդեն որերորդ անգամ է փչացնում, ընդհուպ՝ ձեռքի հետ: Այս վերջինը, սակայն, փչացածների ամենազիլ փչացումն էր: Լրիվ 5 օր չտեւեց ԵՄ գնալու ոգեւորությունը` հայտարարեց, որ հանրաքվե չի լինելու: Խզմալյան Տիկոն այդ հայտարարությունից էն աստիճան էր «փչացել», որ հուլիսի 4-ին ԱՄՆ դեսպանի հետ «չաստուշկա» էր պարում: Բայց ես այդ փչացածների դարդը չեմ, այլ՝ Նիկոլի, որ այսպես բացահայտ պարտվեց հակառակ բեւեռին՝ Արեւելքին. ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, Շանհային… բոլորին:

Կրկին գամ հոդվածի հենց առաջին մտքին, որ Փաշինյանը չի պարտվել միայն այն բնագավառներում, որոնցում առհասարակ չի եղել: Դիցուք՝ հեծանվային սպորտում նա բացարձակ առաջատար է: Ոչ մի առաջնություն կամ տուրնիր չի պարտվել: Մանավանդ ՔՊ-ում երբ ասում են հեծանիվ, հասկանում են Նիկոլ, երբ ասում են Նիկոլ, հասկանում են ամեն ինչ՝ բոլոր վարկածներով բռնցքամարտի բացարձակ չեմպիոն, խառը մենամարտերի հաղթող: Կա՛մ Նիկոլը կլինի շախմատի աշխարհի չեմպիոն, կա՛մ շախմատն աշխարհի չեմպիոն չի ունենա: Եթե Փաշինյանը որոշ չափով միջամտած չլիներ հայկական ֆուտբոլին, ՔՊ-շնիկներն այսօր պրիզնատ չէին գա նույնիսկ Ռոնալդուին ու Մեսսիին: Բայց դե, Նիկոլը սխալմամբ մի անգամ քիթը ֆուտբոլի մեջ է մտցրել ու անդառնալիորեն պարտվել նաեւ ֆուտբոլում:
Վերջում՝ խորհուրդս Նիկոլին: Ախպոր տղա, քանի դեռ կան մի քանի ոլորտներ, որոնցում դեռ չես հասցրել պարտվել, իրերդ հավաքիր ու գնա: Գնա՝ սա դեռ շատ կուլտուրական եմ ասում: Ռադ եղիր ու մեզ ազատիր քո պարտված ներկայությունից, քո պարտված էությունը մեզ մի պարտադրիր: Երկիրն է ափսոս, առանց այն էլ բան չի մնացել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image