UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած մենամարտ, որը կարող է իրեն մոտեցնել չեմպիոնական գոտուն։ Նրա խոսքով՝ դիտարկում է նաև BMF գոտու համար պայքարի տարբերակը, եթե դա նպաստի տիտղոսային հնարավորությանը։
Ծառուկյանը նշել է, որ այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն իր հիմնական նպատակը մնում է չեմպիոնական մենամարտը։ Մարտիկի համար սկզբունքային չէ՝ ով կլինի մրցակիցը, որտեղ կկայանա հանդիպումը կամ որ քաշային կարգում կանցկացվի այն։ Միաժամանակ նա հետաքրքիր է համարում նաև BMF գոտու համար նախատեսվող մենամարտի հաղթողի հետ հնարավոր դիմակայությունը՝ հույս հայտնելով, որ այդ գոտու տերը կդառնա Չառլզ Օլիվեյրան, որի հետ ունի նախորդ մրցակցության պատմություն և ռևանշի հնարավորություն։
Նա նաև արձագանքել է ֆրանսիացի Բենուա Սեն-Դենիի հայտարարություններին, ով հայտարարել էր, թե պատրաստվում է խլել Ծառուկյանի թիվ մեկ հավակնորդի կարգավիճակը։ Ծառուկյանի խոսքով՝ դա հնարավոր է միայն իր նկատմամբ հաղթանակի դեպքում, ինչը, նրա համոզմամբ, երբեք տեղի չի ունենա։