Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ մեր ՀՀԿ-ական գործընկերները ոչ միայն դասեր չքաղեցին իմպիչմենտի առաջին փուլից ու այդ փուլում Էդմոն Մարուքյանի կրած ջախջախիչ պարտությունից, այլեւ ավելի ոգեւորվեցին այդ անպտուղ գործընթացով ու ղեկը վերցրին իրենց ձեռքը: Համարձակությունը, ինչ խոսք, լավ բան է, բայց երբ քաղաքականության մեջ համարձակությունը դառնում է քո միակ զենքը, դա արդեն վատ է: Խնդրեմ, մեր ՀՀԿ-ական գործընկերներն այնպիսի համարձակությամբ հայտարարություն տարածեցին իմպիչմենտի 2-րդ եւ վճռական փուլի մասին, որ անգամ թեկնածուի անունը մի քանի անգամ հետուառաջ արեցին (Արմեն Աշոտյան, Դավիթ Համբարձումյան): Եվ սա դեռ հարցի մի կողմն է միայն: Երբ ՀՀԿ-ի նման մեծ կուսակցությունն է համարձակություն ցուցաբերում, դեռ կարելի է հասկանալ, բայց երբ այս նույն գործընթացում այդ կուսակցությունն անշեղորեն հետեւում է «իր հետ քաղաքական կապ չունեցող» առանձին համարձակ գործիչների, հասկանում ես, որ իրական նպատակներում ինչ-որ բան այն չէ, եւ, ըստ էության, գործ ունենք ոչ թե իմպիչմենտի, այլ ինչ-որ անհասկանալի «խիպիշմենտի» հետ: Եվ, ահա, այս անբացատրելի շտապողականության եւ համարձակության արդյունքում ունենք մի վիճակ, որ չգիտենք էլ՝ առաջին փուլում իմպիչմենտին (բայց ոչ Էդմոն Մարուքյանին) իր համաձայնությունը տված «Հայաստան» դաշինքն ինչ կանի կամ ինչ կհայտարարի երկրորդ փուլում:
Չեմ կարող պնդել, որ իմպիչմենտը հենց այստեղ էլ մեռավ: Ավելին, իրենց համարձակությամբ ՀՀԿ-ին նորանոր սխրանքների կոչ անող գործիչները շարունակում են հայտարարել, որ իմպիչմենտը նոր թափ է հավաքում: Չուզողը ես լինեմ: Բայց հարց է առաջանում, թե ինչի հաշվին է թափ հավաքում իմպիչմենտը, երբ այլեւս կասկածի տակ է «Հայաստան» դաշինքի՝ այդ գործընթացին միանալու հարցը:
Եվ պատկերացրեք, սոցկայքերում երկար ուսումնասիրություններից հետո ես գտա այդ հարցի պատասխանը: Պարզվում է, որ «նոր թափ»-ի մասին հայտարարությունները հիմնավորվում են, ոչ ավել, ոչ պակաս՝ ընդդիմության, այսպես ասած, «ոչ համարձակ» թեւի հասցեին անհիմն, երբեմն կարմիր գծեր հատող հայտարարությունների վրա: Ահավասիկ, իմպիչմենտի մեր ամենահամարձակ գործիչներից մեկն սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց կարգավիճակը, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներ, սակայն դեմ են արտահայտվում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական եւ տրամաբանական եղանակով՝ իմպիչմենտի միջոցով, իշխանությունից հեռացնելու գաղափարին»: Համարյա Նիկոլի ոճով ու Նիկոլի սրտով արված այս հայտարարության հեղինակին ես կառաջարկեի նշել այն մարդկանց անունները, ովքեր «քաղաքական գործիչ են համարվում», բայց դեմ են հարցի սահմանադրական եղանակով՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Անձամբ ես այդպիսի քաղաքական գործչի չեմ ճանաչում: Թե բա՝ դեմ են իմպիչմենտի գաղափարին: Իսկ ովքե՞ր են կողմ, պարոն իմպիչմենտական: Բացառապես Հանրապետական կուսակցությո՞ւնը: Իսկ գուցե մեծ հույսեր կան, որ ՔՊ-ն կաջակցի՞ գործընթացին՝ ՀՀԿ-ի 6 ձայնին եւս 50 ձայն տալով: Ի՞նչ վատ կլինի, միանգամից հա՛մ «Հայաստան» դաշինքից գլուխներդ կազատեք, հա՛մ Նիկոլից… Իսկ դրանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: