Հասարակություն

Հանրային ռադիոյի տնօրենի հարցով նիստը հետաձգվեց

Հանրային ռադիոյի տնօրենի հարցով նիստը հետաձգվեց

Այս օրերին շուրջ բոլորը այնքան ուշագրավ իրադարձություններ են ծավալվում՝ ներքաղաքականից մինչեւ արտաքին քաղաքական, որ Հանրային ռադիոյի տնօրենի թեման շատերը վաղուց մոռացած կլինեն։ Հիշեցնելու համար Արմեն Քոլոյանին անցյալ տարի այդ պաշտոնում ընտրելու եւ նշանակելու Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) 29.07.2024թ․ 52-Ա եւ 31.07.2024թ․ 53-Ա որոշումները իմ կողմից 16.08.2024թ-ին բողոքարկվել էին ՀՀ Վարչական դատարան։ 

26.08.2024թ-ին իմ հայցը ընդունվեց դատարանի վարույթ, ինչի արդյունքում նշյալ որոշումների գործողությունը 26.08.2024թ-ից կասեցված է եւ նույն օրից իրավական առումով պրն. Քոլոյանը միայն Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար է, որքան էլ ՀՀԽ-ում շարունակեն տնօրեն կոչել։ Ես գրեթե համոզված եմ, որ պրն․ Քոլոյանի գտնվել է Հանրային ռադիոյի տնօրենի աշխատասենյակում կարող է տեւել ամենաշատը մինչեւ դատական գործի ավարտը։ Գոյություն չունի ոչ մի կռվան, որով հնարավոր լինի Արմեն Քոլոյանին պահել Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում, քանի որ նա «0» (զրո) համապատասխանություն ունի այդ պաշտոնի համար սահմանված բոլոր պահանջ-չափանիշներին՝ մեկ առ մեկ։ 

Սկսած գրական հայերենին տիրապետելու պահանջից, որին պրն․ Քոլոյանը «զրո» համապատասխանություն ունի, քանի որ իր  ողջ կրթությունը ռուսաց լեզվով է, Երեւանում ռուսական դպրոց հաճախելուց մինչեւ Մոսկվայում ռուսական ԲՈՒՀ։ Այնուհետ բարձրագույն կրթությամբ Քոլոյանը լոգոպեդ դեֆեկտոլոգ է՝ օժանադակ դպրոցում դասավանդելու որակավորմամբ ինչը «զրո» աղերս ունի լրագրողական մասնագիտության եւ բարձրագույն կրթության հետ»։ Պրն․ Քոլոյանը երբեք լրագրողական գործունեությամբ չի զբաղվել, եղել է հաղորդավար կամ ընթերցավար «Ազատություն» ռադիոկայանում՝ մի քանի տասնամյակ։ Մեդիա-ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին էլ ոչինչ հայտնի չէ։ Այնուհետ կա ՀՀ օրենսդրական կարգավորում առ այն, որ 65 տարին լրացած անձը պետք է թողնի ՊՈԱԿ-ի կամ 100% պետական բաժնեմասով ՓԲԸ տնօրենի պաշտոնը, մինչդեռ պրն․ Քոլոյանը 65 տարին վաղուց լրացած լինելով այդ պաշտոնում նոր նշանակվել է, եւ այդպես շարունակ։ 

Փաստերն այնքան ճչացող են, խախտումներն այնքան ակնհայտ, որ այդտեղ նույնիսկ բանավիճել, մեկնաբանել, ապացուցելու ոչինչ չկա։ Այն աստիճան, որ եթե իմ մտադրությունը լիներ լոկ ՀՀԽ որոշումների անվավեր ճանաչվելը (արդյունքում Քոլոյանի՝ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնից հեռացվելը) եւ մրցույթի անցկացման կարգի խոտանումը այդքանի համար կարելի էր նույնիսկ արագացված դատաքննության միջնորդություն ներկայացնել։ 

Խնդիրը սակայն այդքանը չէ։ Ես հայցադիմումը ներկայացրել եմ քաղաքական հայացքների համար դրսեւորված խտրականության փաստարկմամբ, եւ ներկա դատական գործընթացի ավելի լայն խնդիրը մրցութային փաստաթղթերի բնօրինակները դատարան բերելը եւ ՀՀԽ բոլոր վեց անդամներին դատարան հրավիրելը (կամ բերման ենթարկելը) եւ հարցաքննելն է։ Փաստաթղթերը եւ ցուցմունքները թույլ կտան ամբողջացնել հիմքը, որով ՀՀԽ անդամները կարող են եւ հաջորդիվ կանգնեցվել արդեն Քրեական դատարանի առաջ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի, 12-րդ Արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի խախտումների համար, ինչը քրեական հանցանք է եւ պատիժ է ենթադրում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ 
Արդյունքում Վարչական դատարանում ներկա գործի քննությունը կարեւոր է ոչ միայն ինքնին, ոչ միայն անցյալ տարվա մրցույթը անվավեր ճանաչելու եւ Քոլոյանին հեռացնելու համար, այլեւ խնդրի հետագա՝ Քրեական դատարանում լսվելու համար։ Իսկ ինչպես չինական իմաստնությւոնն է սովորեցնում․ «Հազար մղոն երկարությամբ ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից»։

Ներկայիս Վարչական դատականում լսվող գործում՝ ըստ հայցի Լուսինե Պետրոսյանի ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի, առաջին քայլը նախնական նիստն էր, որ նշանակված էր 2025թ-ի մարտի 25-ին։ Նիստը հրավիրված էր, բացվեց, բայց հետաձգվեց։ Ինչո՞ւ։ Հանրային ռադիոյի նախկին տնօրենի՝ Գարեգին Խումարյանի պատճառով։ Գուցեեւ ոչ միտումնավոր։ Սակայն փաստ է, որ եթե պրն․ Խումարյանի ստեղծած խառնաշփոթը չլիներ, նախնական նիստը գուցե շատ ավելի վաղ նշանակված ու կայացած կլիներ, հիմա դատաքննության փուլին  հասած լինեինք։ 

Ի՞նչ խառնաշփոթ է ստեղծել Գարեգին Խումարյանը։ Որքան ես եմ կարողանում հիշել Ռադիոյի տնօրենի մրցույթի հայտարարվելուց առաջ նույնիսկ, Խումարյանը անընդհատ խոսում էր դատարան դիմելու մասին, բայց իմ հեռակա տպավորությամբ ինքը նույնքան գիտելիք կամ իմացություն ունի իրավունքից, որքան ՀՀԽ-ի անդամները կամ ՀՀԽ-ի շուրջը եղող իրավաբանները, որոնք Վարչական դատարանի վարույթ ընդունված գործով հայցադիմումի պատասխանում տասնյակ էջեր էին մրոտել ցնդաբանելու համար, թե ՀՀԽ-ն  պետական մարմին չէ եւ ՀՀԽ-ի դեմ հայցը Վարչական դատարանին ընդդատյա չէ։ Այսինքն ես՝ հայցվորս չգիտեի որ դատարանին դիմել, դա դեռ մի կողմ, դատարանն էլ չգիտեր իրեն ի՞նչ է ընդդատյա․․․ Լավ, ուր կարող է հասնել մարդկային տգիտությունն ու հիմարությունը։ 
Այնպես որ գուցե զարմանալի էլ չէ, որ նման «իրավաբանների» միջավայրում եղած Գարեգին Խումարյանն էլ չտարբերի, թե ինքը որ դատարանին եւ որ ժամկետում կարող է դիմել։ Մինչ Խումարյանը կամ իր շրջապատը գիտակցում են, որ Վարչական դատարանի վարույթ ընդունված գործը չի կարող այլ դատարանի էլ ընդդատյա լինել, ՀՀԽ 29.07.2024թ․ 52-Ա եւ 31․07․2024թ․ 53-Ա որոշումների դեմ Վարչական դատարան հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը ավարտվում է։ Մի ահագին ժամանակ էլ վրադիր է անցնում, մինչեւ հոկտեմբերի վերջին, թե նոյեմբերին Խումարյանը հայցով դիմում է Վարչական դատարան։ Բնականաբար դատարանը, հայցի ընդունումը մերժում է՝ դատավարական ժամկետների պահպանված չլինելու հիմքով։ Դրանից հետո արդեն նոյեմբերի վերջին, գուցե դեկտեմբերին, Խումարյանը հայցադիմումը նորից է ներկայացնում՝ ժամկետի բացթողումը պատճառաբանելով փաստաբան չգտնելով, փաստաբանական ծառայության համար վճարների բավարար չլինելով եւ այլն (ում հետաքրքիր է, կարող է datalex.am-ում կարդալ, այնտեղ դատարանի որոշումները տեղադրված են Խումարյանի՝ սկզբնական հայցադիմումից, այնուհետ կրկին ներկայացված հայցադիմումից մեջբերումներով)։  

Այս անգամ դատարանը ընդառաջում է, 2024-ի դեկտեմբերին Խումարյանի հայցը ընդունում է վարույթ եւ միացնում է իմ գործին, քանի որ նույն պատասխանողի դեմ էր, նույն հայցային պահանջով։ 

Դրանից հետո, արդեն Հանրային հեռարձակողի խորհուրդն է բողոք ներկայացնում Վերաքննիչ վարչական դատարան, թե Խումարյանի կողմից դատարան դիմելու ժամկետների խախտման վկայակոչված պատճառները հարգելի չեն (դարձյալ՝ ում մանրամասները հետաքրքիր են կարող է datalex.am-ում կարդալ): Փետրվարի կեսերին Վերաքննիչ վարչական դատարանը հրապարակում է իր որոշումը, որով վերաքննիչ բողոքը բավարարվում է, Վարչական դատարանի որոշումը բեկանվում է եւ մերժվում է Խումարյանի հայցի ընդունումը։

Ինքնաբերաբար, այլեւս ի՞նչ է մնում անել՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել, ինչը եւ Խումարյանի փաստաբանն անում է։ Դատելով նրանից, որ Վերաքննիչ դատարանի որոշումը թվագրված է 11․02.2025թ․, վճռաբեկ բողոքը մեծ հավանականությամբ ներկայացվել է փետրվարին, գուցե վերջերին, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բողոքները  Վճռաբեկ դատարանը քննում է եռամսյա ժամկետում։ 

Արդյունքում այժմ գործը Խումարյանի հայցի՝ վարույթ ընդունվել-չընդունվելու մասով Վճռաբեկ դատարանում է, արդյունքում պրն․ Խումարյանի հայցվոր լինելու պարագան անորոշ է, դրա համար էլ մարտի 25-ին դատարանի որոշեց նախնական նիստը հետաձգել մինչեւ կլինի Վճռաբեկ դատարանի որոշումը։ Վճռաբեկ դատարանի պրակտիկայից, ժամկետներ-դրվածքներից դատելով, դժվար թե մայիսից շուտ որոշում լինի։ Այդքանով էլ ենթադրելի է հետաձգված նախնական նիստը կկայանա երեւի թե ամռանը։  Խումարյանի կողմից ճիշտ դատարանին, ճիշտ ժամկետում չդիմելու հետեւանքը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image