Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերը սպառնում են, որ եթե իշխանությունը չլուծի իրենց խնդիրը` չվերացնի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը, կդիմեն «վճռական քայլերի»՝ դրա տակ հասկանալով ճանապարհ փակելը եւ չհասկանալով, որ իրենց հարցը կարող է լուծվել միայն Փաշինյանին ճանապարհելով` իշխանությունից: Միակ վճռական քայլը, որ պետք է անի հայ հասարակությունը, Փաշինյանին պաշտոնազրկելն է, որովհետեւ նրա անձնական շահը հակասության մեջ է Հայաստանի ազգային եւ պետական շահերի հետ, հակասության մեջ է Հայաստանի քաղաքացիների 99 տոկոսի շահերի հետ, անկախ նրանից՝ նրանք դա հասկանո՞ւմ են, թե՝ ոչ:
Ռուս դիվանագետ եւ համատեղության կարգով դիվանագիտություն դասավանդող Վիկտոր Պոպովը, իր «Ժամանակակից դիվանագիտության տեսություն եւ պրակտիկա» գրքում անդրադառնալով բրիտանական դիվանագիտությանը, գրում է. «Անգլիական դիվանագիտությունը շատ հմուտ է իր երկրի եւ քաղաքացիների շահերը պաշտպանելու հարցում... բրիտանական շահերի պաշտպանությունը պետք է լինի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի միակ մտահոգությունը...»: Նման խնդիր իր առաջ պետք է դնի ցանկացած երկրի դիվանագիտություն, ցանկացած դիվանագետ եւ, ընդհանրապես, ցանկացած պետական պաշտոնյա:
Հայաստանում մոտ 300 հազար ֆերմերային տնտեսություն կա, Հայաստանի բնակչության 1/3-ը, եթե ոչ ավելին, զբաղված է գյուղատնտեսությամբ եւ դրա հետ կապված ճյուղերում: Սա տնտեսության այն եզակի ոլորտներից է, որտեղ ավելացված արժեք է ստեղծվում, ի տարբերություն առեւտրի եւ սպասարկման ոլորտների, որտեղ այդ արժեքը վերաբաշխվում է: Հայաստանի գյուղատնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, առանց ռուսական շուկայի՝ այդ ոլորտը զարգացման կամ նույնիսկ գոյության հեռանկար չունի: Հայաստանի ֆերմերների կողմից աճեցվող ծաղիկը, պոմիդորը, վարունգը, սմբուկը, ծիրանը, խաղողը, ձուկը եւ բազմաթիվ այլ մրգեր ու բանջարեղեն մեծ քանակությամբ արտահանվում են Ռուսաստան: Հայաստանի հազարավոր ջերմոցային տնտեսություններ աշխատում են Ռուսաստանի համար, Հայաստանի շուկան չափազանց փոքր է այդ առաջարկը կլանելու համար, այլ երկրներում էլ դրանց համար պահանջարկ չկա: Ռուսաստանի շուկայի համար են հիմնականում աշխատում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը վերամշակող հարյուրավոր եւ հազարավոր մանր ու մեծ ձեռնարկությունները, որոնք արտադրում են պահածոյացված բանջարեղեն, մուրաբաներ, հյութեր, կոնյակ, գինիներ, չրեր, մսամթերք եւ կաթնամթերք:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի այդ մարդկանց շահերը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս բարեկամական հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ, որը թույլ կտա, որ Հայաստանում արտադրված ապրանքը հնարավորինս արտոնյալ պայմաններով վաճառվի Ռուսաստանում, մյուս երկրների նույն ապրանքների հետ համեմատ ունենա մրցակցային առավելություն: Ի՞նչ է դրա փոխարեն անում Հայաստանի իշխանությունը․ ճիշտ հակառակը` ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ստանալու համար, Ռուսաստանի դեմ թշնամանք գեներացնելու համար: Ամենաթարմ օրինակը․ ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանում (որի հիմնական առանցքային երկիրը Ռուսաստանն է) վարչապետ աշխատող անձը հայտարարում է, որ 20 տարի հետո Հայաստանը կլինի ԵՄ անդամ: Սա ուղղակի նշանակում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ընդամենը ժամանակավոր կանգառ է, եւ Հայաստանի իշխանությունը հարմար պահի է սպասում՝ ԵԱՏՄ-ից թռնելու համար: Ինչպե՞ս կարող են լավ վերաբերվել մի երկրի, որն անընդհատ հայտարարում է դավաճանելու, հարաբերությունները խզելու մտադրության մասին: Դավաճանությունը Փաշինյանի արյան մեջ է:
Կամ` Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի արտապատվիրակման Հայաստանի ծրագրով շահագրգռվածություն են դրսեւորում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, եւ ինքը քննարկում է, թե ում արտապատվիրակի ճանապարհը: Փաշինյանը մոռանում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ինքն արդեն այդ ճանապարհն արտապատվիրակել է Ռուսաստանին եւ նույնիսկ Ռուսաստանին մեղադրում էր, որ այդ երկիրն է միջանցքի բացման հարցում միակ շահագրգիռ երկիրը, բայց իր համար դա կարմիր գիծ է, ինքը Ռուսաստանին ճանապարհի նկատմամբ վերահսկողություն չի հանձնի: Հիմա բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է միջանցք տալ Ադրբեջանին, բայց՝ ԱՄՆ կամ ԵՄ հսկողության տակ: Հաջորդ քայլը լինելու է միջանցքը Թուրքիային արտապատվիրակելը:
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը բարեկամաբար տրամադրված լինել մի երկրի նկատմամբ, որն անվերջ զբաղված է թշնամական գործողություններ իրականացնելով, մի երկրի նկատմամբ, որը փաստացի հայտնվել է իր թշնամիների ճամբարում, սակայն ուզում է օգտվել բարեկամի համար ստեղծված նպաստավոր պայմաններից: Բնական է, որ Ռուսաստանը թշնամանքին պատասխանում է թշնամանքով․ մե՛կ ծաղիկ աճեցնողների համար է իր շուկան փակում, մե՛կ ոգելից խմիչք արտադրողների, խնդիրները, լուծվելու փոխարեն, ավելի են շատանում:
Ռուսաստանի հետ թշնամության արդյունքում Փաշինյանն անձնապես չի տուժում, տուժում են հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներ: Փաշինյանին դա առանձնապես չի մտահոգում, որովհետեւ նրա եւ Հայաստանի կամ Հայաստանի բնակչության 99 տոկոսի շահերը ոչ միայն չեն համընկնում, այլեւ հակադրվում են: Նրա միակ մտահոգությունն իր իշխանությունը պահելն է, իսկ դա հնարավոր է միայն Արեւմուտքին հնազանդորեն ծառայելով, Արեւմուտքի թելադրանքը կատարելով, իսկ Արեւմուտքը թելադրում է թշնամություն Ռուսաստանի հետ: Եթե Փաշինյանը հակադրվի, Արեւմուտքը մի նոր գունավոր հեղաշրջում կկազմակերպի եւ իրեն կպաշտոնազրկի. Փաշինյանը գիտի, թե ինչի են այնտեղ ընդունակ: Իսկ Ռուսաստանը գունավոր հեղափոխությունների գծով մասնագետ չէ, Ռուսաստանում վախենում են, որ Արեւմուտքն իրենց մոտ նման բան չկազմակերպի, չնայած դրա դեմը կարծես առել են: Մնում է, որ Հայաստանի ժողովուրդը հասկանա դա եւ ձեւավորի իշխանություն, որը կառաջնորդվի ոչ թե արտաքին թելադրանքով, այլ երկրի եւ նրա քաղաքացիների շահերով: Այս գիտակցությունն արդեն հասել է ամեն գյուղ և քաղաք: