Երբ երկրի ղեկավարի վարքը երկարաժամկետ դիտարկվում է որպես ոչ լուրջ, ոչ նպատակային և առավել ևս ոչ համապատասխան ճգնաժամային իրավիճակներին, հասարակության մեջ ձևավորվում է ոչ միայն անվստահություն ու հեգնանք, այլ նաև անարժանահավատության խոր զգացում։
Մարդիկ ղեկավարներից սպասում են լրջություն, սթափություն,պատասխանատվություն, ոչ թե «առավոտյան շոու-պրոգրամ»։ Հատկապես այն ժամանակ, երբ հասարակությունն ապրում է ցավ, ճնշվածություն, անորոշություն։
Ցավի մեջ գտնվող հասարակությունը սպասում է ցավը կիսող կամ գոնե իրականությունը տեսնող ղեկավարի, ոչ թե քամելիոնային շոումենի։ Իսկ երբ ղեկավարի փոխարեն տեսնում է «կերպարանափոխվող» դերասանի վարք, առաջանում է ներքին անբավարարվածություն՝
կոգնիտիվ դիսոնանս։ Հասարակությունը մտածում է․
«Մեզ չի լսում, մեզ չի տեսնում, մեզ չի զգում»։
Վաղ առավոտյան հարվածային գործիքների վրա նվագելու և դրանով քաղաքացիներին ողջունելու փաշինյանական ժեստը միանշանակ դիտվում է որպես իրականությունից փախուստ՝ կեղծ խաղաղության և հանգստության պատրանք ստեղծելու փորձ։ Միաժամանակ այս պերճաշուք «արտիստիկ» գործողությամբ նա փորձում է ստվերել շատ ավելի լուրջ հարցեր, օրինակ՝ քահանաների հավատարմության երդման օրակարգը։
Հանրության սթափ հատվածը դա գնահատում է որպես խեղկատակություն, կապիկություն, իսկ էմոցիոնալ մասը՝ ուղղակի հայհոյում է։
Երկրի թիվ մեկ պաշտոն զբաղեցնող անձի խաղային վարքը, բնականաբար, առաջացնում է հակակրանք, զզվանք, ատելություն և խոր հիասթափություն։
Դա նկատում են նույնիսկ Փաշինյանի հետ «խաղացողները»․ «Էս ինչ վառել եք վառում, վարչապետ ջան, շատերը հոգեխանգարման մեջ են ընկել»։
Հարց է ծագում․
մարդկանց հոգեխանգարման հասցնե՞լն է նպատակը։
Եթե այո՝ ապա կարելի է անկեղծորեն ասել՝ հասել է իր նպատակին։
Եթե խաղաղության պատրանք ստեղծել է ուզում՝ արդյունքը հակառակն է՝ ավելորդ լարում և մերժում։
Հասարակությունը փորձում է հումորով հաղթահարել ցավի վրա պարողի վարքը, փորձում է հեգնել, գոնե ծիծաղով թեթևացնել անդարդի դաժանությունը․
«Սենց մի հարևան ունենայի, էլ ի՞նչ բուդիլնիկ, ի՞նչ ուշանալ… Տաղանդաշատ ընտանիք եք, պոզիտիվ մեզ պահում եք։ Հենց ազգը սկսեց չինարենից գլուխ հանել՝ անցանք երաժշտության»։
«P.S. Неповторимый наш Николос Առաքյալ»։
Հումորն այստեղ պաշտպանական ռեակցիա է։
Երբ քաղաքական իրականությունը վերածվում է անլուրջ շոուի, հասարակությունը ստիպված է կամ ծիծաղել, կամ լաց լինել։
Ու հիմա ընտրում է առաջինը՝ որպեսզի չխելագարվի երկրորդից։