Հասարակություն

Տնտեսական դիվանագիտություն

Տնտեսական դիվանագիտություն

Այլ խոսքով՝ փափուկ ուժ, այլ խոսքով՝ գործիք, որ պետական այրերին պետք է եկել բոլոր ժամանակներում՝ պետության գործերն արտաքին քաղաքականության մեջ առաջ մղելու համար, այլ խոսքով՝ ոլորտ, որ սպասարկում է երկրի անվտանգությունից մինչեւ հասարակ քաղաքացու բարօրությունն ընկած հսկայական անդաստանները: Ընթերցողի սեղանին է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական դիվանագիտություն. պատմական Հայաստանից մինչեւ թվայնացման դարաշրջան» ծավալուն աշխատությունը՝ գիտնականի շուրջ 30 տարիների ուսումնասիրության ու պրպտումների հանրագումարը: 835 էջ, ամենատարբեր հարցերի պատասխաններ՝ ինչ է տնտեսական դիվանագիտությունը, ինչպես է այն աշխատում, ինչպես են այն գործադրել ժամանակի հայտնի գործիչները, ինչ եւ ինչպես անել ժամանակակից աշխարհում: Գիտնականի ուշադրության կենտրոնում Հայաստանն է, հայկական տնտեսագիտական միտքը՝ համեմված զարմանահրաշ պատմություններով, թե ինչպես է տարբեր դարաշրջանների հայ գործիչներին հաջողվել երկիրը զերծ պահել ասպատակություններից ու կոտորածներից, թե ինչպես է հաջողվել հենց տնտեսական նուրբ դիվանագիտությամբ առաջընթաց ու խաղաղություն ապահովել: Ազգերն ու պետությունները, ի վերջո, համագործակցության ու խաղաղության մեջ են հայտնվում, երբ համընկնում կամ մոտենում են նրանց փոխադարձ տնտեսական շահերը: Այդ շահերի մերձեցման ճանապարհների որոնումն է հենց տնտեսական դիվանագիտությունը:

Անդրադարձ կա նաեւ տնտեսական դիվանագիտության հիմքերին, դրանց արդյունավետ կիրառման միջազգային փորձին, երկրի տնտեսական մրցունակության բարձրացման գործում պետության, մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հանրության համագործակցությանը: Հեղինակը կարեւորել է նաեւ հայկական սփյուռքի դերը, որ ինքնին հսկայական ներուժ է Հայաստանի համար թե՛ անվտանգային խնդիրների լուծման եւ թե՛ գործընկեր պետությունների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գիրքը ներկայացվել է նաեւ ԱՄՆ-ում, Բելգիայում եւ Չինաստանում, հավանության եւ դրվատանքի արժանացել օտարերկրյա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսագիտական շրջանակների կողմից: Այն իսկական ուղեցույց է փոքր ազգերի համար, թե ինչպես կարելի է հասնել հաջողությունների՝ ճիշտ տնտեսական քաղաքականություն եւ դիվանագիտություն վարելու պայմաններում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image