Երեկ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սյունիք, ապա նույն ուղղաթիռով Գյումրի էր ժամանել, որտեղ նրանց շարք կանգնած դիմավորեցին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը եւ մարզի ՔՊ-ական պատգամավորները։ Փաշինյանի այցի հիմնական նպատակը Շիրակի մարզի Կապսի նորակառույց դպրոցում լինելն էր։ Նրա այցի ընթացքում փակվել էին ճանապարհները, ոստիկանական խիստ հսկողություն էր, իսկ լրագրողների համար լուսաբանումն արգելված։
Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հենց դպրոցում մարզի մի շարք ուսուցիչների հետ փակ հանդիպում են ունեցել։Հանդիպմանը ներկա են եղել նաև դպրոցի աշակերտները։ Մեզ պատմեցին, որ Փաշինյանի այցին ընդառաջ նախապես մարզի մի շարք համայնքներից ուսուցիչներ են բերել հանդիպման, ովքեր մի քանի ժամ սպասել են, քանի որ Փաշինյանը նախատեսված ժամից ուշացել է։
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը, որ ողջ հանդիպման ընթացքում ուղեկցել է Փաշինյան ամուսիններին, Կապսում փորձել է ուսուցիչներին բացատրել, որ նոր ուսումնական տարում նոր դասագրքերի հարցը գրեթե լուծված է, չլուծվածներն էլ լուծվող են, մի քիչ ժամանակ ու համբերություն է պետք, ուսուցիչներին էլ բացակա դասագրքերով աշխատելու հմտությունն է պակասում։ Վարչապետն էլ փորձել է համոզել, որ մոտ ապագայում ուսուցիչն ամենագնահատված ու ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկն է լինելու։
Նշենք, որ Կապսի միջնակարգ դպրոցը կառուցվել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում։Դպրոցն ունի բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է ապաստարանով:
Հատկանշական է, որ Կապսի դպրոցի տնօրենը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքույրն է։

