1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը համամիտ չէ այն տեսակետին, որ ներկա խորհրդարանը համեմատում են 90-ականներին ձեւավորված խորհրդարանի հետ՝ նշելով, որ երկու դեպքում էլ պատգամավորները եկել էին փողոցից։
«Կարծում եմ, որ այն խորհրդարանը մի քանի գլուխ ավելի բարձր էր, քան ներկա խորհրդարանը։ Ճիշտ է, այն ժամանակ էլ պատգամավորների մեծ մասը, այդ թվում նաեւ՝ ես, եկանք փողոցից։ Բայց պատգամավորները նախ ունեին կյանքի փորձ, գիտելիքներ, իմաստնացած էին, տարբեր ոլորտներում իրենց դրսեւորած մարդիկ էին։ Գրեթե չկար այնպիսի մեկը, որ, չունենալով կյանքի փորձ, գիտելիքներ, հայտնվեր խորհրդարանում։ Եվ դրա շնորհիվ էլ այն տարիներին ընդունվեցին լուրջ օրենքներ, եղան բարեփոխումներ, քաղաքական առաջընթաց եղավ, խորհրդարանն իր լուման ներդրեց հաղթանակի գործում»,-նշեց Մեխակ Գաբրիելյանը։
Հարցին, թե գոհացնո՞ւմ է բարեփոխումների տեմպը, որ նախաձեռնել է վերջին մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը տարբեր ոլորտներում, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ոչ, որեւէ ոլորտում դա չի գոհացնում։ Ունենալ համաժողովրդական այդպիսի աջակցություն, եւ մեկ տարվա ընթացքում ընդամենը շատ չնչին առաջընթացի հասնել, չափազանց դանդաղկոտության մասին է խոսում։ Հիմա պետք է շատ լուրջ խնդիրներ լուծված լինեին։ Կարելի էր մի քանի օրվա կամ մի քանի ամսվա ընթացքում համառոտ, կարճ օրենքներ ընդունել, որպեսզի չկանգնենք այնպիսի խնդիրների առաջ, որ կանգնեցինք։ Ի՞նչն էր խանգարում, օրինակ, օրենք ընդունել եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, երկու-երեք ամսվա ընթացքում, ամբողջ երկրի տարածքում բոլորի եկամուտները հայտարարագրել։ Չեմ հասկանում, թե ինչու այդ բաները չեն արվում։ Նախկին համակարգը յոթգլխանի վիշապ էր, եւ հիմա կտրվել է ամենակարեւոր գլուխը, որի գլխին կանգնած է ներկա կառավարությունը։ Բայց ես, առնչվելով տարբեր կառույցների հետ, տեսնում եմ, որ կառավարության ցանկություններն ու մտադրությունները բացարձակ հասու չեն ստորին օղակներին։ Ներքին օղակները չեն ցանկանում կատարել կառավարության հանձնարարականները, խոչընդոտում են։ Եվ դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում»։