Քաղաքականություն

Նիկոլը Գյումրին «փրեյմըրիզով» տանի գը գյումրեցու տակից

Նիկոլը Գյումրին «փրեյմըրիզով» տանի գը գյումրեցու տակից

Նիկոլը նստել մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել ու միտք է անում՝
Թե ինչպես անի ու ինչեր անի,
Գյումրին գյումրեցուց գիշերը տանի…

Եթե շատ մեծ քաղաքագիտական պրպտումների մեջ չընկնենք, Գյումրու քաղաքապետի ընտրության մասին Փաշինյանի վերջին լայվը բերված քառյակի տրամաբանության մեջ է: Գործի կեսն արել են` բալասանյանական քաղաքապետից ազատվել, բայց հայտնվել են մի ուրիշ բանի մեջ՝ չգիտեն ինչպես ՔՊ-շնիկ քաղաքապետ նշանակեն: Վանաձորում եւ Ալավերդիում տեղի ունեցածի հիշողությունը հանրության մեջ դեռ թարմ է, գրողը տանի, կասեն՝ սրանք լրիվ հաբռգել են, ընտրված քաղաքապետներին զոռով հանում, իրենց մարդկանց են նշանակում: Գյումրին էլ, հակառակի պես, կորած-մոլորած գյուղ չէ, որ դեմոկրատիկ ինստիտուտներն աչք փակեն ու չտեսնելու տան նիկոլաքպական այս խայտառակությունը: Բայց քանի որ ճաշը Փաշինյանն էր եփել, նա էլ պետք է ուտեր այն՝ ՔՊ-ն հնարավորինս հեռու պահելով քննադատություններից: Առանց այն էլ կուսակցությունը «չաթլախ»՝ ճաքած վիճակում է, Հովիկ Աղազարյանի պատճառով, հիմա մի հատ էլ ՔՊ-ի բաց հետույքին կատո՞ւ կպցնի:

Քառյակը նորից կարդացեք, խնդրեմ: Եվ ուրեմն՝ Նիկոլը, ինչքան հասկացա նրա լայվից, մտածել, մտածել ու ելքը գտել է: Ասում է՝ կուսակցությունից ինձ ասացին, որ առանց վարչապետի միջամտության Գյումրու նոր քաղաքապետի հարցը չի կարող լուծվել: Ես էլ որոշեցի այնպես անել, որ չստացվի, թե միաձայն եմ քաղաքապետ նշանակում (ժողովրդավարությունն այստեղ մի հատ ախ քաշեց՝ ա՜խխխ): Մտածեցի՝ հիմա ասելու է, որ Գյումրիում նոր ընտրություններ կլինեն, թող ժողովուրդը որոշի: Բայց…

Այո, Գյումրիում նոր ընտրություններ կլինեն, բայց ոչ թե ժողովուրդը կընտրի, այլ՝ ՔՊ-ն, ՔՊ-ամերձ շրջանակները եւ ՔՊ-ին ձայն տված մարդիկ, որոնց ճանաչում են Նիկոլն ու ՔՊ-ն: Նիկոլն այդպես է ուզում: Դե, իսկ մյուս գյումրեցիները, որ ոչ միայն քաղաքում մեծամասնություն են, այլեւ՝ ընդդիմադիր, թող մնան իրենց գործին՝ աշխատեն, հարկեր վճարեն ու այդկերպ հերոսանան: Այլ խոսքով՝ Գյումրիում քաղաքապետի ընտրություն պետք է տեղի ունենա, բայց դա այնքան էլ ընտրություն չէ: Ըստ Նիկոլի՝ զարգացած երկրներում դրան «փրեյմըրիզ» են ասում, եւ դա աննախադեպ է մեզանում: Բայց նա ստում է: «Փրեյմըրիզ», որպես տվյալ քաղաքական ուժի թեկնածուին որոշելու միջոցառում, 2008թ. առաջին անգամ անցկացրել է ՀՅԴ-ն՝ որոշելու ՀՀ նախագահի իր թեկնածուին (Վահան Հովհաննիսյան- Արմեն Ռուստամյան): Որեւէ «փրեյմըրիզ»-ով աշխարհում դեռ ոչ մի նախագահ եւ քաղաքապետ չի ընտրվել: Լավագույն դեպքում՝ միայն թեկնածու է ընտրվում տվյալ քաղաքական ուժի ներսում: Մինչդեռ Գյումրիում այդ եղանակով առավելություն ստացած թեկնածուին Փաշինյանը նշանակելու է քաղաքապետի պաշտոնակատար, որն ավտոմատ կարգով` դարձյալ Փաշինյանի ասելով, կդառնա քաղաքապետ:
- Յաաաա՜, ծո ի՞նչ կըսես…
- Առանձնապես ոչինչ: Կուզեմ ըսել, որ էս քանիմ օրը Նիգոլը ձեզի «ֆուկ» կենե ու մե թառլան ՔՊ-շնիկի կնշանագե քաղաքապետի պաշտոնակատար: Կռնա ՔՊ-շնիկ չեղնի, կռնա Ճերմագ Արջը էղնի… Բայց դու, սիրելի գյումրեցի, չես կարող ընտրել նրան՝ քո քաղաքապետին: Եվ կստացվի, որ Նիկոլը քո տակից քո Գյումրին «փրեյմըրիզով» տարավ: Ըշտը՝ գողեգող:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image