Քաղաքականություն

Ի՞նչ տարբերություն Նիկոլի և մեր թշնամու միջև 

Ի՞նչ տարբերություն Նիկոլի և մեր թշնամու միջև 

«2025-ի վերջին կիրակի օրը թշնամին որոշել է ասպատակել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Գառնիի և մոտակա բնակավայրերի բոլոր հավատացյալներին խնդրում ենք կրծքով պաշտպանել մեր հավատն ու հավատի կառույցը»: Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն կստանային լրատվական գործակալություններն ու կայքերը՝ եթե արտաքին թշնամին որոշեր կատարել նման գործողություն: Իսկ հաղորդագրություն ուղարկողն էլ կլիներ հայոց երկրի հոգևոր իշխանությունը՝ աշխարհիկ իշխանության հետ դաշնակցած: 

Բայց նման բնույթի հաղորդագրություն չի սփռվել հայոց աշխարհով: Թե ինչ է եղել իրականում՝ ներկայացնեմ «news.am» կայքի նյութերից մեկի միջոցով: Կայքի՝ բացահայտվել չցանկացած աղբյուրը հայտնել է, որ Գառնիում պատրաստվում են կիրակի օրվա պատարագին և որ այդ հարցով համայնքապետարանում ուժայինների մասնակցությամբ քննարկում է եղել: Կայքի լրագրողը Գառնի այցելելով՝ տեղեկացել է, որ այնտեղ է նաև Կոտայքի մարզպետ Սահակյան Ահարոնը: Վերջինս էլ հայտնել է, որ ինքն աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը: Դա, իհարկե, սուտ էր, ինչը նորմալ երևույթ է դարձել 2018 թվականից այս կողմ: Սուտ էր, քանի որ արձանագրվել է, որ համայնքապետարանի մոտ կայանված են եղել իրավապահների մեքենաները:

Կարծում եմ, որ նախքան շարունակելը ճիշտ կլիներ արձանագրելը, որ մարզպետ մարդը զարմանալիորեն աշխատանքային այցի է գնում մարզի բնակավայրերիցմեկը և ոչ թե համայնքապետին է հրավիրում իր աշխատասենյակը: Բայց եթե ընդունենք, որ Գառնիում են գտնվել նաև մարզային իրավապահները, ապա զարմանքը ցնդում է, քանի որ վերջինիս աշխատանքային այցը պայմանավորված է եղել հենց նրանց ներկայությամբ: Չնայած ներկայացվածը՝ Երևան–Գառնի ողջ ճանապարհի կառուցումը (թե՞ վերակառուցումը) ինքնին լուրջ պատճառ կարող էր լինել ուրիշ ժամանակ: Իսկ ուժայինների ներկայությունն էլ անհրաժեշտ է եղել, որպեսզի դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀՀ «մեծարգո վարչապետին» դիմավորեն նրան արժանի հարգանքով: Եվ չստացվի այնպես, ինչպես, ասենք, Գյումրիում, որտեղ նույնիսկ մոմավաճառն էր բոյկոտել անօրինական պատարագի մատուցման արարողությունը:

Պարզվում է, որ մարզպետը մասնակցելու է կիրակի օրվա պատարագին, որին ներկա է լինելու «մեծարգոն»: Որպես Գառնիի ծնունդ ինքը կարող էր նաև առանց վարչապետի մասնակցության մասնակցել տարեվերջյան պատարագի: Եվ վատ չէր լինի իմանալը, թե դրանից առաջ վերջին անգամ ե՞րբ է նման մասնակցություն ունեցել: Ինչևէ, վեջինս համարում է, որ «մենք Ամենայն հայոց կաթողիկոս չունենք, այդ պաշտոնը զբաղեցնում է մարդ, որ չպիտի զբաղեցնի»։ Որպես իրավաբան և որպես պետական պաշտոնյա, Սահակյանը պետք է որ տեղյակ լինի, որ ո՛չ իր և ո՛չ էլ իր վերադասի ասելով կաթողիկոսը չի դադարում կաթողիկոս լինելուց: Որ այդ պաշտոնին նրան չի նշանակել ո՛չ ինքը և ո՛չ էլ իր վերադասը: Եվ ոչ էլ կաթողիկոսը չի ընտրվել ժողովրդի կողմից, որպեսզի նրա պահանջով հրաժարական ներկայացնի: Եթե ենթադրենք, որ այսօր ոչ թե 2025-ի տարեվերջն է, այլ 2018-ի մայիսը՝ երբ Նիկոլն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ նրա խոսքը կարող էր մեկնաբանվել որպես ժողովրդի պահանջ: 

Միաժամանակ մարզպետը փորձում է հաստատել իր վերադասի լեգիտիմությունը՝ հայտարարելով, որ վերջինս ընտրվել է ժողովրդի կողմից: Ենթադրում եմ, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է գրված եղել ՔՊԿ-ի 2021-ի նախընտրական ծրագրում: Որովհետև եթե իմանար, ապա տեղյակ կլիներ նաև, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետը խախտել է նախընտրական ծրագրի բազմաթիվ դրույթներ: Իսկ այդ դեպքում ընտրված լինելու հանգամանքը չեղարկվում է ավելի հիմնավոր, քան կաթողիկոսի պաշտոնավարելունը զավակ ունենալու պատճառով: Հատկապես որ վարչապետի կողմից խախտվել է 2021-ի նախընտրական ծրագրի ամենակարևոր դրույթը՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու արցախցիների իրավունքը: 

Ինքն, իհարկե, տեղյակ է, որ իր վարչապետը փորձում է արդարանալ՝ ասելով, թե կյանքի է կոչել նախընտրական ծրագրի ամենագլխավոր խոստումը՝ խաղաղության հաստատումը: Սակայն, ինչպես բազմիցս է ասվել, ծրագրում առկա չէ դրույթ, որ խաղաղության հաստատումը պետք է կատարվեր Արցախի կորստի գնով: Էլ չասած, որ դա ընդունելի լինել չէր կարող: Ու եթե նման դրույթ հայտնվեր այդ ծրագրում՝ ո՛չ կվերարտադրվեր Նիկոլի անձիշխանությունը և ո՛չ էլ ինքը կմնար մարզպետի պաշտոնում: Ու դեռ հարց է, թե ուրիշ ինչ կորուստներ է «պարգևելու» վարչապետը նույն այդ ժողովրդին՝ հայաստանյան տարածքների և այդ թվում Մեղրիով անցնող՝ թշնամու համար անխափան ճանապարհ տրամադրելուց բացի: Իմ կողմից ավելացնեմ, որ ՔՊԿ-ի նախընտրական ծրագրի նմանօրինակ իրականացում մեծ հաճույքով կփափագեր նաև մեր թշնամին: Ուրեմն ի՞նչ տարբերություն Նիկոլի և մեր թշնամու միջև…
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image