Իրավաբանները ոչինչ չեն ասում այն մասին, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու: Իսկ եթե իրավաբաններն այդպիսի բան չեն ասում, նշանակում է՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետի թեկնածու: Չեմ կասկածում նաեւ «Մեր ձեւով» շարժման ողջախոհությանը եւ գրեթե վստահ եմ, որ այնտեղ հաշվարկել են ամեն ինչ ու գիտեն՝ ինչ են անում: Այսքանով ինձ համար այս հարցը փակ է: Մի բան էլ ասեմ՝ Սամվել Կարապետյանը հաստատ այն ֆիգուրը չէ, որ պատահաբար է հայտնվել խաղատախտակին ու չգիտի ինչպես քայլել:
Այս պահին ինձ այլ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ են Սամվել Կարապետյանի թեկնածությունից վախենում ՔՊ-ականները, դիցուք՝ Ալեն Սիմոնյանը, որ մի քանի օր առաջ հանրությանը վստահեցնում էր, որ իրենք ավելի քան համոզիչ հաղթանակ են տանելու ԱԺ ընտրություններում: Ո՞ւր մնաց ՔՊ-ի ինքնավստահությունը, ինչո՞ւ է ՔՊ-ն սեւեռվել հենց այն «տեսակետի» վրա, որ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ: Թե բա՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս, իսկ Սահմանադրությունը սուրբ է: Եղբայր, եթե Սահմանադրությունը թույլ չի տալիս, էլ ինչո՞ւ եք անհանգստացել: Սահմանադրությունը հարգող, Սահմանադրությամբ առաջնորդվող իշխանությունը չէր ընկնի հիստերիայի մեջ մի բանից, որը Սահմանադրությունն ուղղակի արգելում է: Այդպես չէ՞: Ուրեմն՝ մի բան կա, որ ՔՊ-ն անհանգիստ է:
Իսկ հիմա տեսնենք՝ ինչու են անհանգիստ: Արա, ՔՊ, հիշո՞ւմ եք, որ ուզում էիք սահմանադրական հանրաքվե անել ու տապալվեցիք… Էն, որ նույնիսկ օրն էիք որոշել՝ 2019թ. մարտի 5, էն, որ մետրոյի վագոնում մի աղջիկ պատռեց ձեր պատրաստած «ֆուֆլո» անձնագիրն ու շպրտեց թիվ 1 քարոզչի երեսին: Այն սահմանադրությունը, որ ուզում էիք փոխել, սահմանում էր, որ դատական իշխանությունը (դատարանները) ՔՊ-ից եւ, առհասարակ, բոլոր տիպի իշխանություններից անկախ են: Իսկ դուք ի՞նչ արեցիք, հիշո՞ւմ եք… Գրոհեցիք դատարանները, դատավորներին քաշքշեցիք, թե բա՝ «վեթինգ» ենք անում: Արա, ՔՊ, դա՝ Սահմանադրության կոպիտ խախտում ձեր կողմից: Դեպքից մի քանի ամիս անց թռաք Սահմանադրական դատարանի դեմքին: Հազար ու մի օրենք խախտեցիք, որ ձեր մարդկանց դնեք ՍԴ աթոռներին: Ասել է թե՝ միջամտեցիք երկրի բարձրագույն դատարանի գործերին, այն դատարանի, որ հետեւում է սահմանադրական կարգի պահպանմանը: Ի՞նչ էր պատահել, կասե՞ք: Չեք ասի, որովհետեւ ողջ արեւմտյան ագենտուրան՝ Բոլթոնից մինչեւ անգլիական շպիոն Արման Բաբաջանյան, ձեզ դրդում էին թուլացնել դատական համակարգը, փոխել նորմալ դատավորներին, որ հանկարծ նրանք ձեզ չդատեն վերջում: Պետք էր դրա համար քանդել ու ոչնչացնել ԲԴԽ-ն՝ դա էլ արեցիք, ու ինչքան դեբիլ կար ոլորտում, դարձրիք դատավոր: Վեթինգն այդտեղ վերջացավ: Այսօր մեր երկրում մի դատավոր կա՞, որ վարչապետի ասածը չանի, որ չվնգստա ու այնպիսի դատավճիռներ կայացնի, որ այդ նույն վարչապետն ու նրա քաղաքական թիմը վնգստան արդարադատության դեմքին նայելիս:
Սահմանադրության ոտնահարումների ճանապարհը բաց էր այլեւս: Ոստիկանության, դատախազության եւ ԱԱԾ-ի սեփականաշնորհումից հետո ՔՊ-ն առաջ քաշեց «ժողովուրդն է մեզ ընտրել, եւ ինչ ուզենանք, կանենք» հիմարագույն թեզը եւ ճանապարհ ընկավ դեպի նոր ապօրինություններ: Հետեւանքն իրենց իսկ սանձազերծած պայմանավորված պատերազմն էր, պայմանավորված պարտությունը, պայմանավորված կապիտուլյացիան, ՀՀ տարածքների պայմանավորված օկուպացիան, Արցախի վերջնական շրջափակումն ու հայաթափումը: ՀՀ Սահմանադրության մեջ ոչ մի կետ չկա այն մասին, որ ՀՀ վարչապետն ու իր քաղաքական թիմն իրավունք ունեին այսպիսի զուլում բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ինչ է թե՝ ժողովուրդն է իրենց ընտրել: Բայց մի՞թե այդ նույն ժողովուրդը չէր ընտրել այն Սահմանադրությունը, որի հիմքում մեր անկախության հռչակագիրն էր ու դրանից բխող մեր իրավունքներն ու պարտականությունները: Արա, ՔՊ, դուք էդ քանի՞ գլուխ ունեք, որ ժողովրդի անունով ոտնահարեք այդ նույն ժողովրդի Սահմանադրությունը:
Ահա թե ինչու են անհանգիստ Սամվել Կարապետյանի՝ վարչապետ դառնալու հեռանկարից: Ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Իսկ ի՞նչ են ասում իրավաբանները. «ՀՀ Սահմանադրությունը չի պարտադրում, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը նախապես ներկայացնի վարչապետի թեկնածու։ Վարչապետն ընտրվում է արդեն ընտրված Ազգային ժողովի կողմից, ոչ թե ընտրություններից առաջ։ Այսինքն՝ ընտրություններին մասնակցելու համար վարչապետի թեկնածուի նախնական գրանցում Սահմանադրությամբ չի պահանջվում։ Սահմանադրությունը նաեւ թույլ է տալիս փոփոխել 148-րդ հոդվածը, քանի որ այն չի դասվում այն հոդվածների շարքին, որոնք կարող են փոխվել միայն հանրաքվեով (այսինքն՝ այն համարվում է «սովորական կարգով փոփոխվող» հոդված)։ Այդ հոդվածի փոփոխության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ձայնը։ Այսինքն՝ իրավական առումով հնարավոր է, բայց քաղաքականորեն պահանջում է լայն մեծամասնություն։ Այդ փոփոխությունը սահմանադրական կարգի համաձայն ընդունվելուց անմիջապես հետո դառնում է կիրառելի»:
Եվ ուրեմն, պարոնայք ՔՊ-շնիկներ, Սամվել Կարապետյանի՝ վարչապետ դառնալու հնարավորության հարցով ձեր այսօրվա հիստերիկ ձայնարձակումներն ու շարժումները ոչինչ փոխել չեն կարող, եթե ժողովուրդը մերժի ձեզ եւ խորհրդարան գործուղված մեծամասնությունից պահանջի վարչապետ ընտրել իր ուզած մարդուն: Իսկ մինչ այդ, պարոնայք ՔՊ-շնիկներ, Սահմանադրությունն ու ժողովուրդն արդեն իսկ ձեզնից պահանջում են պահպանել հանդարտություն, դադարեցնել ընդդիմության դեմ հալածանքներն ու ահաբեկչությունները եւ սպասել ընտրությունների արդյունքներին: