Հասարակություն

«Հացահատիկային գործարքն» ինչ-որ կերպ կշարունակվի՞

«Հացահատիկային գործարքն» ինչ-որ կերպ կշարունակվի՞

2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում կնքվեց, այսպես կոչված, «հացահատիկային գործարքը»՝ ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ։ Նպատակն ուկրաինական հացահատիկը կարիքավոր երկրներին հասցնելն էր։ Հիմնականում պետք է հացահատիկը հասցվեր Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներ։ Ռուսաստանը համաձայնեց դրան՝ պայման դնելով, որ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի վրայից պետք է հանվեն պատժամիջոցները, նաեւ՝ Ռոսսելխոզբանկի վրայից պետք է պատժամիջոցները հանվեն, եւ նավերը, որոնք իրականացնելու էին հացահատիկի արտահանումը, չպետք է ռազմական նշանակության որեւէ բան տանեին Ուկրաինա։ Մոտ մեկ տարի՝ լավ կամ վատ, այս գործարքն աշխատեց։ Սակայն այն խախտվում էր ի վնաս Ռուսաստանի, եւ պարբերաբար Մոսկվան հայտարարում կամ նախազգուշացնում էր, որ եթե նման ընթացքը շարունակվի, ապա գործարքը կչեղարկվի։

Այս տարվա գարնանը Մոսկվան որոշեց երկարաձգել գործարքի ժամկետը՝ Թուրքիայի իշխանություններին առ ի հարգանս, եւ, բացի այդ, Թուրքիայի նախագահ Էրդողանը մասնակցում էր ընտրություններին, եւ չէր կարելի խաթարել նրա հեղինակությունը՝ գործարքը դադարեցնելով։ Ռուսաստանը ռուս-թուրքական ջերմացման այս փուլում ժեստ արեց` ուղղված իր թուրք գործընկերոջը, որը բազմիցս խախտել է գործընկերային պայմանավորվածությունները: Սակայն, ի վերջո, Ռուսաստանի համբերությունը սպառվեց, եւ Մոսկվան դուրս եկավ գործարքից։ Թուրքիան, իհարկե, այս ամենից շատ հուզվեց եւ թե՛ ԱԳ նախարարության մակարդակով, թե՛ Էրդողանն անձամբ հայտարարեց, որ գործարքը հնարավոր է վերակենդանացնել։ Կրեմլից չժխտեցին, իհարկե, որ գործարքը կարող է վերակենդանացվել, սակայն նաեւ շարունակեցին պնդել իրենց պահանջները։ Այսինքն, Մոսկվան հայտարարեց, որ կվերադառնա գործարքին միայն այն ժամանակ, երբ իր առաջ քաշած պայմանները, որոնք նաեւ ռուսական կողմի պահանջով են մտցվել, անվերապահորեն եւ անշեղորեն պահպանվեն։ Թուրքիայի համար այս գործարքը կարեւոր է, քանի որ այն, ըստ Անկարայի պատկերացումների, ուղղակիորեն կապված է Թուրքիայի եւ անձամբ Էրդողանի՝ միջազգային ասպարեզում ունեցած հեղինակության հետ։ Բացի այդ, այն հնարավորություն էր տալիս պահպանելու հարաբերությունները թե՛ Ուկրաինայի եւ թե՛ Ռուսաստանի հետ։

Այժմ թե՛ թուրքական, թե՛ միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ գործարքի հետ կապված այլընտրանքային մեխանիզմներ կամ վերակենդանացման ուղիներ են որոնվում, առաջիկայում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն այս հարցով որեւէ որոշում կկայացվի, կամ գոնե ինչ-որ տեղաշարժ կարձանագրվի։ Նույնիսկ գրվեց նոր գործարքի մասին՝ Ռուսաստան-Քաթար- Թուրքիա մասնակցությամբ։ Այն, որ գործարքը որեւէ ձեւով վերականգնվելու է, հասկանալի է բոլորին էլ։ Սակայն այլ է հարցը, թե ինչպես։

Հնարավոր է, որ այն լինի ավելի լայն մասնակցությամբ մեխանիզմ՝ նաեւ ներառելով Հունգարիային ու արաբական Արեւելքի երկրներին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image