Հասարակություն

Դառնագիր՝ անոտ

Դառնագիր՝ անոտ

Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, մի տեսակ ժամանակավրեպ դարձավ: Մեր հայրենիքն արդեն իսկ կրկեսի է վերածվել, այն էլ ինչպիսի՜ կրկեսի: Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու: Հիմա արդեն այս լավատեսությունն էլ մի տեսակ համոզիչ չէ: Կրկեսի վերածված հայրենիքի վերջն ինչպե՞ս կարող է լավ լինել: Սա արդեն այն մութ ու ցուրտ տարիների հայրենիքը չէ, որ հնարավոր լինի որեւէ բան փոխել, վերականգնել, ոտքի կանգնեցնել, կառուցել ու վերակառուցել: Մենք հիմա ունենք կրկես՝ պայթեցված հին շենքով, ու ոչ մի կերպ չկառուցվող նորով: Մի անհրապույր ու բարձիթողի մարգագետին է մնացել երբեմնի ծաղկուն հայրենիքից, որ կարելի է որպես արոտավայր գործածել: Թե այդ արոտավայրի վարչական սահմանը որտեղով կանցնի՝ ի՞նչ նշանակություն ունի այնտեղ դեգերող էակների համար: Ուտելիք կա, ծամում են, սառնորակ առվակից ջուր են խմում, գիշերն էլ մակաղում են, մինչեւ լույսը բացվի: Ո՛չ միտք կա, ո՛չ մտածելու բան մեր հայրենիքում: Համարյա գերեզմանային լռություն է, մի տարբերությամբ, որ գերեզմանը գոնե հիշողություն ունի, արցունք, խիղճ… Արոտավայրում միայն պոկվող խոտի խռթոց է՝ խըռթ, խըռթ, խըռթ, եւ դա ավելի դաժան է դարձնում լռությունը: Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք… Ամեն ինչ լավ է լինելու… Եսիմ, ես արդեն դժվարանում եմ հավատալ այդ ամենին: Մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, որ կրկեսը գնացել է, իսկ մարգագետնից մի թզաչափ արոտավայր է մնացել՝ առանց հիշողության, դեղին խոտով… Խըռթ, խըռթ, խըռթ…

Ի՞նչ անել սրա դեմ: Չգիտեմ: Ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փորձել: Չի լինում, չի ստացվում: Նույնիսկ դրսից են հայեր գալիս, փորձում այստեղ «համահայկական» շարժում ստեղծել: Էս արոտավայրո՞ւմ՝ հարցնում եմ: Ասում է՝ բա էլ որտե՞ղ: Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում, Ֆրանսիայում՝ որտեղ կուզես, բայց ոչ այստեղ: Այստեղ արոտավայրի կանոններն են գործում՝ ծամել, սառը ջուր խմել, քնել… Միացիր այդ պրոցեսին, եթե ուզում ես… Խըռթ, խըռթ, խըռթ… Համահայկական շարժումը նաեւ հիշողություն է, իսկ այստեղ հիշողություն չկա: Սա, թե՝ հեսա տես ինչ եմ անելու, ջարդեմ, փշրեմ… Տո լավ, է, ո՞ւմ ջարդես, փշրես, ի՞նչը ջարդես, փշրես, ինչո՞ւ ջարդես, փշրես: Թող մնա, էլի, արոտավայր է, հազար չուզող կա, հազար հարամու աչք: Համ էլ՝ ի՞նչ վատ է, ցերեկը ծամում ենք, սառը ջուրը խմում, գիշերը մակաղում, մինչեւ լույսը բացվի: Եկել ես այստեղ, մեր հանգիստը խանգարում ես, համահայկական շարժում ես սկսում, որ ի՞նչ անես, հը՞: Այստեղ հիշողություն չկա, արոտավայր է, խըռթ, խըռթ, խըռթ… Հասկացա՞ր:

Չէ, չի հասկանում դրսից եկած հերոսը: Ինձ մատնացույց է անում բլրակի վրայի շենքը՝ էն Ազգային ժողովի շենքը չի՞:
- Եթե հիշողությունս ինձ մինչեւ վերջ չի լքել, ապա՝ այո, այդպիսի մի բան կար այդ բլրի վրա, բայց դա երբ է՜է՜ր… Էս մեկն էլ, մի քիչ ներքեւ, ՍԴ-ն էր՝ Ստի դատարանը: Խելացի կառավարիչներն այդ շենքը խելացի գոմի վերածեցին, իսկ կոնտինգենտին ստիպեցին բոլորի պես ծամել՝ խըռթ, խըռթ, խըռթ:
- Բավական չէ՞ նվնվաք,- զայրացավ հերոս տղան, հեսա գնամ՝ միտինգ անեմ, ջարդեմ, փշրեմ, համահայկական շարժում սկսեմ…
- Գնա: Բա էս ի՞նչ է, մենա՞կ ես եկել, զորքդ ո՞ւր է:
- Իմ զորքն իմ ժողովուրդն է:
- Ո՞ր ժողովուրդը, է՞ն, որ առանց հիշողության թափառում է մարգագետնում:
- Դու վիրավորում ես իմ ժողովրդին…
- Չէ, իմ հերոս տղա, չեղավ: Ես էլ այդ ժողովրդից մեկն եմ: Բայց դու, ավելի լավ է, մի պահ լռիր ու ականջ դիր…
Խըռթ, խըռթ, խըռթ…
- Արա, բայց դուք ցիրկ եք: Էս վիճակում՝ էսքան անդա՞րդ:
- Այո, ցիրկ ենք, եզակի ցիրկ՝ գեհենի ճանապարհին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image