Երկու օր առաջ Հայաստանի կառավարությունը հանրությանը զեկուցեց մի նոր՝ կասկածելի մեգանախագծի մասին, «որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը»։ Հայաստանում կառուցվելու է արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն, որի արժեքը 500 մլն դոլար է։ Այս նախագիծը մեր կառավարության եւ Firebird ու NVIDIA-ի (ամերիկյան անդրազգային տեխնոլոգիական ընկերություն) ամիսներ տեւած բանակցության արդյունքն է։ Թվարկելով նախագծի կետերը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում հայտնել է․ «Կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձեւավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին»։ Ահա թե ինչպես է նախարարը բացատրում, թե մեր ինչին է պետք արհեստական բանականության այս «գործարանը»․ «AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության եւ ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը եւ Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր»։
Թե ինչ էկոլոգիական վտանգներով է հղի հզորագույն պրոցեսորների աշխատանքը, ինչպես կարող է այն վնասել Հայաստանի շրջակա միջավայրը, բնակչության առողջությանը, նախարարը չի հայտնում։ Մենք հարցումներ արեցինք բնապահպաններին եւ չգտանք գեթ մեկ գիտնականի, որը Հայաստանում զբաղվում է արհեստական բանականության բնապահպանական ասպեկտներով։ Մինչդեռ ԱԲ գործարանների վտանգների թեմայով բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան։ Օրինակ, Strubell et al. 2019 թվականի հետազոտության տվյալներով, ԱԲ մեկ ժամանակակից մոդելի ուսուցման ընթացքում այնքան ածխաթթու գազ է առաջանում, որքան արտանետվում է 5 ավտոմեքենայի շահագործման ողջ ընթացքում։ Տվյալների մշակման կենտրոնները, որոնք ապահովում են ԱԲ-ի տեղակայումն ու գործարկումը, ահռելի քանակությամբ էներգիա են սպառում։ ԱԲ հեղափոխության վտանգները նոր տեխնոլոգիաներից օգտվողների կողմից, որպես կանոն, հաշվի չեն առնվում եւ վերջնականապես ուսումնասիրված էլ չեն։ Բայց համացանցում բազմաթիվ տվյալներ կան այն մասին, թե ինչ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի եւ էկոհամակարգերի վրա 100 մեգավատտ հզորության օգտագործումը՝ ծավալուն տվյալների մշակման եւ ԱԲ աշխատանքի համար։ Այն է՝ ածխաթթու հետք եւ կլիմայի փոփոխություն, մթնոլորտի ջերմային աղտոտում, այսինքն՝ մարդու տեխնոգեն գործունեության արդյունքում ջերմության արտանետումներ, էլեկտրոնային աղբ, որը գոյանում է արագ հնացող տարբեր սարքավորումներ փոխելուց եւ աղբանոց նետելուց, օդի եւ ջրերի գերտաքացում, եթե սառեցումն իրականացվում է ջրի միջոցով։
Որոշ տվյալների կենտրոններ տարեկան օգտագործում են միլիոնավոր լիտր ջուր, եւ սա կարող է իջեցնել գետերի մակարդակը, ազդել էկոհամակարգերի վրա, լանդշաֆտի փոփոխություն, էլեկտրամագնիսական ալիքներ եւ այլն։ Այս ամենը թվարկված է 100 մեգավատտ հոսանք ծախսող պրոցեսների համար, բայց ՀՀ կառավարությունը նախատեսել է ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածքի գործարկում եւ արդեն հաջորդ տարվանից։ Նպատակը, հավանաբար, Հայաստանից մի նոր «Կին-ձա-ձա» ստանալն է՝ ավազից եւ ժանգից ստեղծված մոլորակի նման, Գեորգի Դանելիայի հայտնի ֆիլմի օրինակով։ Արդյո՞ք ԱԲ մեգանախագիծը պլանավորելիս էկոլոգիական ասպեկտը հաշվի են առել, ԲՏԱ նախարարությունից խոստացան ճշտել եւ մեզ զանգել, բայց չզանգեցին։ Ամեն դեպքում` սպասում ենք պատասխանի: