Քաղաքականություն

«Հրապարակ». Պարգեւավճարների ֆոնդի 20 տոկոսը՝ շարքայիններին, 80-ը՝ վերնախավին

«Հրապարակ». Պարգեւավճարների ֆոնդի 20 տոկոսը՝ շարքայիններին, 80-ը՝ վերնախավին

Պետական գերատեսչություններում չեն դադարում բողոքներն ու քննարկումները՝ կապված պարգեւավճարների տարեվերջյան սկանդալի հետ: Ինչպես գրել էինք՝ պարգեւավճարների երկրորդ սերիան է սպասվում, քանի որ «պիլոտային ծրագիր» կոչված այս ապօրինի նորամուծության շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդների հասնող պարգեւավճարները 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, իսկ երկրորդ կիսամյակի «փայլուն աշխատանքի» համար հասանելիք նույնքան շռայլ գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանրությունն է բզկտել` պառակտել, բաժանել նախկիններ-ներկաներ, նիկոլականներ-ընդդիմադիրներ, հայրենասերներ-անհայրենիքներ... ճամբարների, այլեւ պետական ապարատի աշխատողներին է իրար դեմ հանել: Այժմ պետական բյուջեից սնվողների երկու բանակ է ձեւավորվել` անբացատրելի բարձր վարձատրություն ստացողների վերնախավ եւ ցածր վարձատրվողների ստորին խավ, որն ամբողջ ընթացիկ գործն անում է, բայց դրա դիմաց ղեկավարներից տասնապատիկ ցածր է ստանում:

Վարչության պետերը, նախարար-փոխնախարարները, ծառայությունների ղեկավարներն ու նրանց տեղակալները դեռ անցած ամսվանից կրկին ցուցակներ են գրում, թե իբր աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ինդեքսն են որոշում, ըստ որի էլ բաժանվելու են հերթական միլիարդները` մեր՝ բոլորիս վճարած հարկերից գոյացող։

Աժիոտաժը, այս ողջ գործընթացի անարդարությունը պետական ապարատի ստորին օղակներին ահավոր զայրացրել ու վիրավորել է․ իրենց, պատկերավոր ասած, մի թուլաբաժին են գցում, իսկ իրենց ղեկավարները միլիոններ են ստանում: Սկզբում այս գործընթացն այդքան չէր զայրացրել, ինչքան հիմա, երբ ողջ տեղեկատվությունն արդեն մարսվել է, եւ հիմա երկրորդ փուլն է սպասվում: Ապարատը, պարզ ասած, ավելի քան մարտական է տրամադրված՝ եթե այս անգամ էլ իրենց գրոշներ տան, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ականներին` միլիոններ, չեն լռելու։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ ապօրինի գործընթացը` պիլոտային ծրագիր կոչվող, ի սկզբանե նման անարդար բաշխում է ենթադրում:
Մեր ձեռքի տակ է հայտնվել կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ «պարգեւատրման ֆոնդի բաշխումն իրականացվում է անհատական իրավական ակտով, ընդ որում՝ տվյալ մարմնի պարգեւատրման ֆոնդի մինչեւ 20 տոկոսը կարող է բաշխվել սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի միջեւ»։ Այսինքն՝ միլիարդներ արժեցող պարգեւավճարների ֆոնդի ընդամենը 20 տոկոսը` չնչին գումարներ, հատկացնում են ստորին օղակներում աշխատող հազարավոր աշխատակիցներին, փոխարենը՝ առյուծի բաժինը՝ միլիարդների տեսքով, մեջ-մեջ անում վերեւներում՝ բարձր պաշտոնյա ՔՊ-ականների միջեւ։ Մենք գրել էինք, որ այս անհավասարության պատճառով եղել են գերատեսչություններ, որտեղ թեժ «ռազբորկաներ» են եղել վարչության պետերի ու ենթակաների միջեւ, որոշ տեղերում բանն անգամ հասել է քաշքշուկի։

Մի ուշագրավ փաստ էլ նշենք․ բյուջեն անխնա վատնելու, նման անհիմն պարգեւավճարներ բաժանելու «հիմնավորումներից» մեկն էլ այն էր, որ այդ գումարները հատկացնում են նաեւ այն նպատակով, որ պետական աշխատողները կատարելագործվեն, լրացուցիչ կրթություն ստանան: Պետական աշխատողների առաջին համաժողովի ժամանակ` մարզահամերգայինում, Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ անձամբ է ստուգելու, թե ինչպես են ինքնակրթվում: Եվ հիմա պետական աշխատողները տենդագին նման դասընթացներ են փնտրում, որ հաճախեն կամ ձեւացնեն, թե հաճախում են, որ հետագայում չզրկվեն բյուջեից անաշխատ եկամուտներ ստանալու այս աննախադեպ հնարավորությունից:

Մեզ պատմեցին նաեւ, որ այս միլիոնավոր դրամների շրջապտույտն ապահովելու համար տարբեր մակարդակների դասընթացներ ու կրթական ծրագրեր են նախաձեռնում, որ պետական ծառայողները հաճախեն: Սա էլ մի նոր խավի «հացի տեր» դարձնելու գործընթացի է վերածվել: Նաեւ գերատեսչություններում են ուսումնական կենտրոններն աշխուժացել, վճարովի դասընթացներ են իրականացվում, որ փողի շրջապտույտն իշխանական շրջանակներից դուրս չգա։ Օրինակ, ՊԵԿ ուսումնական կենտրոնում անգամ «Կառավարեք սթրեսը՝ զարգացնելով արձագանքելու ունակությունը եւ պահպանելով հանգստությունը» թեմայով են դասընթաց նախատեսել՝ մարտի սկզբներին: Մեկ այլ դասընթացի անվանումն էլ է խոսուն՝ «Էմոցիաների կառավարումը՝ որպես առաջնորդության եւ ազդեցության լծակ»։

Ի դեպ, «պիլոտային ծրագրի» հիմնավորումների բաժնում փորձել են ինչ-որ կերպ բացատրել, թե ինչու են ապարատի ղեկավար կազմին` աշխատողների 20 տոկոսին, տալիս պարգեւավճարների 80 տոկոսը, իսկ աշխատանքի 80 տոկոսն անող ապարատին, որը կազմում է ծառայողների 80 տոկոսը, ընդամենը ֆոնդի 20 տոկոսը։ Գրել են, որ այդպես են արել, որ շարքային աշխատողները ձգտեն ղեկավար պաշտոնների: Շատ զվարճալի ու կրեատիվ բացատրություն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image