Հասարակություն

Չարի՞ք, թե՞ բարիք

Չարի՞ք, թե՞ բարիք

Ինչպես ասում են, «չկա չարիք` առանց բարիքի»: Եթե Նիկոլ Փաշինյանը չսկսեր այդ ամոթալի արշավը Եկեղեցու դեմ, չգրվեին այդ տգեղ ստատուսները, Եկեղեցին չթիրախավորվեր, չէինք էլ իմանա, թե ինչքան պաշտպաններ ունի Եկեղեցին, եւ ինչքան ամուր է նստած հավատքը մեր ժողովրդի մեջ: Հակառակը` վստահ էինք, որ մենք հիմնականում աթեիստների, տարբեր եկեղեցիների հետեւորդների, հավատքի հարցերում անտարբերների հասարակություն ենք, որի ակունքները գալիս են Եկեղեցին եւ կրոնը մերժող մեր սովետական անցյալից: Պարզվեց` այդքան էլ այդպես չէ, վտանգի պահին, պետություն կորցնելու ռիսկերին ընդառաջ, մենք դեմքով դառնում ենք դեպի հավատքն առ Աստված, դեպի Հայ առաքելական եկեղեցի, հասկանում ենք, որ դա մեր ազգի հիմնասյուներից է, եւ այն պետք է ամեն գնով պաշտպանել` անկախ նրանից, թե ով է այսօր Եկեղեցու առաջնորդը, ովքեր են նրա սպասավորները, ինչքանով են նրանք մեղսավոր ու հողեղեն:

Այս տհաճ-տգետ արշավը, ըստ իս, մի դրական ազդեցություն էլ ունեցավ. ինքը` Եկեղեցին էլ վերարժեւորեց, գիտակցեց իր կարեւորությունը, իր դերը մեր կյանքում: Հասկացավ, որ անփույթ է գտնվել, չի հասկացել, թե հայ մարդն ինչքան է կապված իր Եկեղեցուն, եւ Եկեղեցին ինչ մեծ պատասխանատվություն է կրում նրա առաջ: Գիտակցեց, որ երբ ինքը թերանում է իր անելիքներում, ոչ միայն տարբեր աղանդներ են գլուխ բարձրացնում, այլեւ հենց ինքը կարող է թիրախավորվել: Եվ սկսեց ակտիվանալ: Հոգեւոր հայրերը սկսեցին խոսել, եկեղեցական արարողություններն ակտիվացան ու ավելի բազմամարդ դարձան, պատարագները` ավելի իմաստալից, կլոր սեղան եւ Արարատյան շաբաթ կազմակերպվեցին, քննարկումներ տեղի ունեցան: Մարդիկ բովանդակային խոսակցություն սկսեցին, եւ պետք է արձանագրել, որ սրանում Նիկոլ Փաշինյանի «վաստակը» կա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image