«Հրապարակի» զրուցակիցը իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն է:
- Վերջին երկու օրերին միջազգային մամուլի թոփ թեման «Տելեգրամ» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունն է՝ Ֆրանսիայում: Մակրոնը հավաստիացնում է, որ ձերբակալությունը քաղաքական շարժառիթ չունի, իսկ Կրեմլում լուրջ ապացույցներ են ակնկալում առաջադրված լուրջ մեղադրանքների համար, այլապես հակված են կարծելու, որ դա իսկապես քաղաքական որոշում է: Ի վերջո, «որտե՞ղ է թաղված շան գլուխը»:
- Իմ կարծիքով, Telegram-ի հիմնադիրի եւ ֆրանսիական իշխանությունների միջեւ կոնֆլիկտի էությունը (կարծում եմ, որ Ֆրանսիան ներկայացնում է նաեւ այլ երկրների շահերը) այն է, որ Telegram-ը վաղուց վերածվել է անվերահսկելի հարթակի, որտեղ բացարձակապես ամեն ինչ թույլատրված է։ Գաղտնիք չէ, որ Telegram-ն օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, արմատական կարծիքների տարածման եւ բռնության ու անկարգությունների կոչերի համար։ Բավական է հիշել, որ հենց Telegram-ում ակտիվորեն աշխատել են ադրբեջանցի սադրիչները՝ տարածելով հայատյացություն, բռնության եւ հայերի սպանության կոչեր, ինչպես նաեւ՝ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումների ու բռնությունների սարսափելի լուսանկարներ եւ տեսանյութեր։ Իմ կարծիքով, շատ կարեւոր է հասկանալ, թե որտեղ է գտնվում խոսքի ազատության սահմանը, եւ որտեղ է սկսվում ահաբեկչությունը։ Հավանական է, որ Դուրովը չի հարգել այս սահմանը եւ արդյունքում ինքն իրեն գցել է անախորժությունների մեջ:
- Դուրովի կալանքի ժամկետը երկարաձգվեց 48 ժամով: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ գործարարը «փակ կպահի բերանը»՝ Արեւմուտքին ցավոտ տեղեկություն չհաղորդելով: Ո՞րը կարող է լինել Մոսկվայի մտավախությունը, ինչի՞ց են զգուշանում Ռուսաստանում:
- Ռուսական իշխանությունների նյարդայնությունը հասկանալի է, քանի որ գաղտնիք չէ, որ Telegram-ն ակտիվորեն օգտագործում են ոչ միայն ռուս պաշտոնյաները (նրանց արգելված է օգտվել Whatsapp-ի, Facebook Messenger-ի կամ Signal-ի նման ծառայություններից), այլ նաեւ ռուս զինվորականները։ Telegram-ի օգտագործման հարմարության եւ հարաբերական անվտանգության համար Ռուսաստանի իշխանությունները պատրաստ էին աչք փակել հանցագործ տարրերի հսկայական քանակի վրա, որոնք նույնպես իրենց հանգիստ են զգում այս հավելվածում։ Եթե Դուրովի ձերբակալության արդյունքում Telegram-ի անվտանգությունը վտանգի ենթարկվի, եւ եվրոպական իրավապահ մարմինները մուտք ունենան տվյալների բազա ու արխիվներ, Ռուսաստանը ստիպված կլինի շտապ կապի այլընտրանքային եղանակ փնտրել, եւ դա ժամանակ կպահանջի։
- Այո, Պուտինն արդեն հանձնարարել է մեկ ամսում ստեղծել Telegram-ի անալոգը: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է, որպես ռուսաստանցու, աջակցել Պավել Դուրովին: Սակայն, նրա խոսքով, հարցը բարդանում է նրանով, որ ձեռնարկատերն ունի թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Ֆրանսիայի քաղաքացիություն: Կարելի՞ է ասել, որ Մոսկվան Դուրովի ճակատագիրը, մեծ հաշվով, թողնում է Փարիզի քմահաճույքին:
- Ինչ վերաբերում է Դուրովի` Ֆրանսիայի քաղաքացիությանը, ապա միջազգային իրավունքի հիման վրա նա ձերբակալվել է իր հայրենիքում՝ իր քաղաքացիության երկրում։ Սա Ռուսաստանին զրկում է Ֆրանսիայից ինչ-որ բան պահանջելու օրինական հիմքերից, եւ ֆրանսիացիները կարող են նույնիսկ թույլատրել կամ մերժել Դուրովին բանտում գտնվող ցանկացած այցելություն։ Եթե նա կալանավորվեր երրորդ երկրի տարածքում, որտեղ նա քաղաքացի չէ, ապա նրա գործով իրավունք կունենային զբաղվել նրա քաղաքացիության բոլոր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա եւ, ըստ չհաստատված տեղեկությունների, Էմիրություններ) դեսպանները։
- Դուրովի կալանավորումն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ թեմայի մասին արտահայտվում են համաշխարհային տարբեր առաջնորդներ, դատապարտում այն: Այդ մասին խոսել է անգամ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենիին, ում երկրում ավելի քան 6 տարի արգելափակված է Տելեգրամը: Ինչո՞վ է պայմանավորված նման ռեզոնանսը:
- Դուրովի ձերբակալության հետ կապված աշխարհում հնչող ռեզոնանսն ունի մի շարք քաղաքական առանձնահատկություններ: Արեւմուտքում մարդկանց մեծ մասը համոզված է, որ Telegram-ը վերածվել է սեւ խոռոչի, որտեղ բացարձակապես ամեն ինչ հնարավոր է, եւ չկա վերահսկողություն։ Ընդհանրապես, հասկացողություն կա, որ ամենաթողությունն ու ազատությունը նույն բանը չեն։ Ինչ վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան եւ այլ երկրներ, իրավիճակն այլ է։ Պարադոքսն այն է, որ այս երկրները, որտեղ գրեթե բոլոր հիմնական հավելվածներն ու սոցիալական ցանցերը վաղուց արգելափակված են, հանկարծ հիշել են խոսքի ազատության մասին։ Միեւնույն ժամանակ, նրանք իրենք իրենց տանն անշեղորեն ճնշում են այդ ազատությունը։ Կարելի է հարց տալ՝ ի՞նչն էր խանգարում Ռուսաստանի իշխանություններին Facebook-ից, Instagram-ից եւ այլնից։ Այո, Ուկրաինայում տեղի ունեցավ կարծիքների ակտիվ փոխանակում եւ քննադատություն Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, բայց չէ՞ որ սա խոսքի ազատություն է։ Սա բավարա՞ր պատճառ էր դրանք արգելափակելու եւ սահմանափակելու համար։ Այս դեպքում այս պետությունները բարոյական իրավունք ունե՞ն քննադատելու Ֆրանսիային` ահաբեկիչների եւ ծայրահեղականների` Telegram մուտքը սահմանափակելու փորձի համար:
- Թուրքական Sabah օրաթերթը պնդում է, որ Դուրովին ձերբակալել են Իսրայելի խնդրանքով: Պատճառը, ըստ թուրք լրագրողների, այն է, որ Տելեգրամի մենեջերները մերժել են Իսրայելի իշխանությունների խնդրանքը՝ արգելափակել տելեգրամյան ալիքներով Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների մասին տեղեկատվության տարածումը:
- Ես քննադատաբար կգնահատեի Իսրայելի մասին թուրք լրագրողների հայտարարությունները՝ հաշվի առնելով երկու երկրների թշնամական հարաբերությունները։ Ֆրանսիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայի գլխավոր դատախազության որոշմամբ, եւ ոչ մի երրորդ երկիր օրինական առնչություն չունի դրա հետ։ Սակայն չէի բացառի, որ ձերբակալության հետեւում կարող են լինել բազմաթիվ պետությունների շահերը՝ Իսրայելից մինչեւ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա։ Նրանք՝ բոլորն էլ ցանկանում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերահսկել սոցցանցերն ու հավելվածները։
- Խոսելով Դուրովի ձերբակալության «հրեական հետքի» մասին՝ թուրքերը նշում են նաեւ, որ համացանցում հայտնվել են մոտ մեկ միլիոն փաստաթղթեր, որոնք պարունակում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալներ, նրանց գաղտնի նամակագրությունը, ինչպես նաեւ հրեական պետության նախարարությունների ներքին եւ գաղտնի փաստաթղթեր։
- Նույնը վերաբերում է Իսրայելի պաշտոնյաների եւ նախարարությունների որոշ անձնական եւ նույնիսկ գաղտնի տվյալների՝ Telegram-ում իբր տեղադրելուն։ Բուն Իսրայելում Telegram-ում որեւէ «գաղտնի փաստաթղթերի» մասին ոչինչ հայտնի չէ, եւ Դուրովի ձերբակալության պատմությունը գրեթե չի լուսաբանվում, քանի որ Գազայում եւ լիբանանյան «Հզբոլլահ»-ի հետ ռազմական հակամարտության թեման ավելի արդիական է: