Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ես վստահ էի, որ նա իր ուժից վեր բեռ է ստանձնում` չի կարողանալու երկիրը կառավարել: Բայց հույս ունեի, որ նա իրական արդարադատության երաշխավոր կդառնա, որովհետև վատ իրավական համակարգի մամլիչը զգացել է իր մաշկի վրա: Հույս ունեի, որ ազատ խոսքի պաշտպան կլինի, որովհետև լավ լրագրող է եղել: Որ քաղաքացիական ազատությունները երկրում չեն սահմանափակվի` հավաքների, պայքարի ազատությունը, քանի որ լավ ընդդիմադիր է եղել...
Բայց պարզվեց, ոչ միայն երկիրը կառավարելու ունակ չէ, այլև մարդու իրավունքներ, խոսքի ու հավաքների ազատություն, մարդու և ինստիտուտների հանդեպ հարգանք նրան խորթ հասկացություններ են: Պարզվեց` անգամ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիություն կոչվող տարրական հասկացությունն է իր համար անըմբռնելի...
Ո՞վ կսպասեր, որ նրա կառավարման արդյունքում մեր երկրում նման եղկելի մթնոլորտ կձևավորվի և ինքն անձամբ կկանգնի դրա գլխին` կխրախուսի ու կկազմակերպի այդ ամենը: Կմտնի յուրաքանչյուր ընտանիք և յուրաքանչյուրի անկողին, կգաղտնալսի ու կօգտագործի մարդու մասնավոր կյանքի մասին տեղեկություններ` փորձելով դրանք օգտագործել իր մութ ծրագրերի իրականացման համար: Իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները կդարձնի իր անձնական օգտագործման ծառայություններ, դատարաններին կհրահանգի անմեղ մարդկանց կալանավորել, կպառակտի ու կգժտեցնի բոլորին, կնվաստացնի ու կօգտագործի իր թիմակիցներին, ամբիոնը կօգտագործի մարդկանց վիրավորելու, շանտաժի ենթարկելու համար:
Երբ Աղազարյանի հեռախոսի պարունակությանը` պաշտոնը չարաշահելով, ծանոթացավ և այդ գաղտնի նամակագրությունը տվեց թիմին, որ կարդան ու շանտաժով ստիպեն նա մանդատը վայր դնի, եթե այդ թիմում մի քիչ բարոյականություն լիներ, պետք է նրա ձեռքը բռնեին, ընդվզեին, որ դա շարունակություն չունենա: Չարեցին: Չարեցինք: Պարզ է, որ նա չէր բավարարվելու դրանով, մտնելու էր իր հաջորդ թիրախի հեռախոսի, տան, անկողնու մեջ...հիմա թիրախը եկեղեցին է ու հոգևորականները:
Եթե մեր հասարակությունը դեռ չի անցել անդառնալիության կետը, եթե դեռ կան ինչ որ կարմիր գծեր, այս անբարո, նողկալի արշավը պետք է դատապարտվի ու կանգնեցվի...պետք է բռնել մի օր սրտիկ ցույց տվող, մյուս օրը ինչ որ մեկի կեղտոտ սպիտակեղենը տնտղող ձեռքը....