Դուք Թաթային շուտ-շուտ բերեք Հայաստան՝ համերգների: Նրա մոտ լավ է ստացվում երիտասարդությանն էշացնելու գործը: Երեւանի տոնին Թաթայի բեմելը՝ ձեզ փաստ: Ծախսն էլ, կարծեմ, այնքան մեծ չէ, եթե համեմատում ենք օտարերկրյա գեղահետույք երգչուհիների ու անորոշ կողմնորոշմամբ երգիչներին վճարվող «հոնորարների» հետ: Առիթից օգտվելով՝ ռեստորաններն էլ փող կաշխատեն: Բա Թաթան ա… Բա փողի տոպրակները քեֆ են անում, կնունք, ծնունդ… Առանց Թաթայի՞, առանց նրա մերօրյա ուրախ մուղամի՞:
Ուրախ մուղամը նոր ուղղություն է երգարվեստում: Սա մուղամի այն տեսակն է, երբ երգիչը, իրականությունից լրիվ կտրված, աղմկոտ երաժշտությամբ եւ բեմական աննորմալ ծամածռություններով հանրությանը տանում է իր «հույզերի» աշխարհը: Ու մինչ հանրությունը կհասկանա, թե ուր են տանում իրեն, ուրախ մուղամիստը սկսում է երկխոսել նրա հետ, նրան ներքաշել մուղամի ելեւէջների մեջ: Բան չհասկացա՞ք… Որ ճիշտն ասեմ՝ ես էլ չհասկացա: Մուղամը մուղամ է, դրա ուրախը ո՞րն է, չէ՞: Բայց Թաթայի մոտ մի տեսակ ուրախ է ստացվում դա: Ոչինչ, հիմա կփորձեմ ավելի առարկայացնել միտքս:
Եվ, ուրեմն, ես Թաթային այդքան ցանցառ չէի տեսել: Ցանցառ ու ծանծաղ… Ակամա կարոտեցի «Երեւանի աղջիկները», «Անապատի արեւը», «Ֆայտոնը»… Ի՞նչ էր անում նա Երեւանի տոնին, որ տեղի էր ունենում ծայր աստիճան քաղաքականացված մթնոլորտում: Եթե եկել էր ժողովրդին ուրախացնելու, ուրեմն թող նորմալ երգեր, առնվազն՝ իր նման: Այլապես՝ «ուր էր ընդեղ Թաթա՞»: Հիշում եմ՝ մի անգամ Թաթան էլի նախընտրական համերգ էր տալիս Հրապարակում: Սերժ Սարգսյանն ինձ թույլ չի տա ստել… Երբ ՀՀԿ ղեկավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժամանեց հրապարակ եւ տեղավորվեց դահլիճի ձեւով շարված աթոռներին, Թաթան, ոչ դես, ոչ դեն, սկսեց երգել. «Ամենալավը դու ես, ամենալավն ես դու, գուցե մի քիչ հեռու ես, բայց հետ ես դառնալու»… Ասել, որ դա հատուկ չարվեց, նշանակում է ոչինչ չասել: Քաղաքական ուրախ մուղամը հենց դա է: Ճիշտ պահին, ճիշտ տեղում կատարված այդ մի երգով Թաթան քանի՜ մարդ տարավ ընտրության, որոնք ձայն տվեցին այն օրերի ամենալավին: Դե, արվեստագետ է, իսկ արվեստագետները, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, իրենց արվեստի ուժով են մասնակցում բոլոր ընտրություններին: Բայց այն ժամանակ, քանի որ իշխանությունը նույնքան անբարոյական չէր, որքան իրական Հայաստանի իշխանությունը, ոչ մի իշխանական թերթ կամ կայք չգրեց, որ Թաթան այդ երգի կատարմամբ «դոմփեց» կամ «հագցրեց» ընդդիմությանը: Ի դեպ, ընդդիմությունն էլ այն ժամանակ Նիկոլենք էին՝ «Ելք» դաշինքով:
Երեւանի տոնին Թաթան Հանրապետության հրապարակում էր ու դարձյալ երգում էր: Այո, այն նույն Թաթան, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ արագ կողմնորոշվեց ու սկսեց երգել «Ասքան ուրախ չեմ տեսել հորս ու մորս», որ իսկույն դարձավ «թավշյա խեղկատակության» նույնքան խեղկատակ հիթը: 2018 թվականից բավականին ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, Թաթայի, նրա ծնողների, մեր, մեր ծնողների դեմքից ուրախությունը վաղուց է անհետացել: Այնքա՜ա՜ա՜ն բան անցավ գլխներովս… Պատերազմ, զոհեր, վիրավորներ, Արցախի կորուստ, հայաթափում… Մտածում եմ՝ Թաթան էլ մեզ նման տխրեց ու ցավ է ապրում այդ ամենի համար… Հայրենի տարածքների կորուստ, կապիտուլյացիա, բարոյալքում, անորոշ վիճակ: Իսկ ի՞նչ Թաթա տեսանք մենք Երեւանի տոնին: Ասես այս ամենը նրա գլխով չէր էլ անցել: Նույն ուրախ, զվարթ, քեֆչի Թաթան էր… իշխանամետ «մուղամբազը»:
- Ես ձեզ ասում եմ՝ ի՞նչ եք անում: Դուք ինձ ասում եք՝ քեֆ ենք անում, հորս արեւ, լավ ենք անում…
Ու Թաթայի այս խոսքերից հետո սկսվում է «Թաթա-ժողովուրդ» տժիկը.
- Ի՞նչ եք անում:
- Քեֆ ենք անում, հորս արեւ, լավ ենք անում…
Շատերը գուցե սա չհասկացան, մտածեցին՝ դե, քեֆչի Թաթան ա, ժողովրդին ուրախացնում-պարացնում ա… Շատերը, բայց ոչ օրվա անբարոյական իշխանությունն ու նրա լրատվամիջոցները, որ Թաթային բերել էին ոչ թե երգելու, այլ իշխանության քարոզն անելու, ժողովրդի հիշողությունը ջնջելու, երիտասարդությանը վերջնականապես էշացնելու:
«Թաթան հագցրեց ընդդիմությանը»,- գրեց իշխանական մամուլը՝ հանրությանը ցուցադրելով իշխանությունների անբարոյականության աստիճանը: Քեֆ ենք անում, տո լավ ենք անում, Արցախը տվել ենք, 5 հազար տղու դրել հողը, երկիրը մասնատել, մնացել անպաշտպան ու քեֆ ենք անում, հորս արեւ, լավ ենք անում… Թաթա, դու գոնե հասկացա՞ր՝ ինչ տեղի ունեցավ, եւ ուր է տանում մեզ այս թավշյա խեղկատակությունը: