Մշակույթ

Պետությունն ո՞ւմ կհովանավորի եւ ո՞ւմ գործերը կառնի՝ համալրելու պատկերասրահի ֆոնդերը

Պետությունն ո՞ւմ կհովանավորի եւ ո՞ւմ գործերը կառնի՝ համալրելու պատկերասրահի ֆոնդերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթին։ Այս առիթով Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ նկատել էր, թե անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։ «Ու սա կապ ունի պետականության ու անկախության ընկալման այն պրոբլեմների հետ, որի մասին խոսում ենք։ Աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, գնում են ու տեսնում շատ կարեւոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է, վակուում է, ոչ մի բան չկա»,- նշել էր նա ու ընդգծել, որ սա շատ լուրջ պրոբլեմ է, ու պետք է ֆոնդերը համալրել։ «Հայաստանի ազգային պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա»,- դժգոհել էր Փաշինյանը։ 

Քանդակագործ Խաչատուր Աղամալյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ ընդհանրապես արվեստի մեջ այն միտումն է գերիշխում, որ օրվա իշխանությունն իր ճաշակին համապատասխան գործերով է համալրում պետական, ազգային հավաքածուները եւ ինքն է թելադրում թանգարանային արժեքների, արվեստի գործերի ընտրությունը։

«Ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին, այո, պետք է ցուցասրահներ տրամադրել, բայց դա հենց իրենք պետք է անեն, այլ հարց է՝ ինչպե՞ս են իրենք դրա գինը որոշելու, ինչպե՞ս են որոշելու՝ այս նկարն արժե 5 մլն դրա՞մ, թե՞ 4 մլն, այստեղ առաջ է գալիս մի քիչ կոռուպցիոն սխեմա, որը վերահսկելը մի փոքր դժվար կլինի պետության համար, քանի որ, եթե հանձնաժողովը գալիս է գործերը նայելու եւ առնելու, այդ հանձնաժողովի մեջ այդ մարդկանցից շատերը ծանոթներ, ընկերներ կունենան, որ կարող են ներքին պայմանավորվածություն ձեռք բերել, օրինակ, ասի՝ այս գնի դիմաց քո գործը կանցկացնեմ, եւ այդ գնի 10 տոկոսը մնա իրեն։ Այդ պրակտիկան, այդ «վերքը» միշտ եղել է ու այդպես էլ մնալու է, քանի որ դժվար է վերահսկելը։ Գլխավոր խնդիրը սա է՝ պետությունն ո՞ւմ կհովանավորի եւ ո՞ւմ գործերը կառնի՝ համալրելու պատկերասրահի ֆոնդերը։ Կոռուպցիայի մեխը հենց այդտեղից է գալիս, ո՞վ է միջնորդը պետության եւ արվեստագետի միջեւ»,-ընդգծում է քանդակագործը։        

Աշխարհում, ինչպես նկատում է Խ. Աղամալյանը, ժամանակակից արվեստագետների գործերն առանձին ժամանակակից արվեստի թանգարաններում են ներկայացվում, օրինակ՝ Ֆրանսիայում, Պոմպիդու կենտրոնում։ «Մեզ մոտ էլ հարցը պետք է լուծվի մի ձեւ, քանի որ 30 տարվա մեջ այնպիսի քանդակներ են եղել, այնպիսի գործեր են արվել, որ առավելագույնը մի քանի գործ մասնավոր հավաքածուներում լինի, թե չլինի։ Մինչդեռ, եթե քո գործն ազգային պատկերասրահում է, բացի նրանից, որ ավելի լավ ես զգում քեզ, այլ նաեւ, որպես արվեստագետ՝ անունդ էլ է բարձրանում»,- ասում է քանդակագործն ու նկատում, որ իր գործերից մեկը Մոսկվայի «Տապան» թանգարանում է ցուցադրված, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ են մտնում։  

Խ․ Աղամալյանը կողմ է, որ պետությունը ժամանակակից արվեստագետների գործերից գնի՝ իր ֆոնդերը համալրելու համար, հետագայում թե ինչպես դրանք կօգտագործի՝ ժամանակը ցույց կտա։ «Եթե պետությունը քեզնից առնում է գործ, ենթադրենք՝ 5 մլն-ով, ապա դրանից հետո դու քո գործը ստիպված չես լինի վաճառել կոպեկներով, որովհետեւ պետությունն արդեն արժեւորել է քեզ ու քո աշխատանքը։ Ցուցահանդեսներ այսօր էլ լինում են, բայց վաճառված գործ, որը պետությունը քանդակագործից կամ նկարչից գնել է ու կախել պատկերասրահում, ես չգիտեմ։ Հիմա Սամվել Ղազարյանի ցուցահանդեսն է գնում պատկերասրահում, մեկը մեկից հրաշալի գործեր, հարցնում եմ՝ մի հատ գործ առե՞լ են, ասում է՝ ոչ։ Մինչդեռ Սամվել Ղազարյանը մեր ժամանակակից լավագույն քանդակագործներից է, ի դեպ՝ Սովետի ժամանակ իր գործերից առել են, բայց հիմա որ իր ներկա գործերից առնեն՝ չկա։ Նույնը՝ Դավթյան Գարիկի դեպքում, չնայած Ժամանակակից արվեստի թանգարանում դրված է, բայց պատկերասրահում բաժիններ չկան, որովհետեւ իսկապես տարածքի խնդիր կա թե՛ պատկերասրահում, թե՛ ընդհանրապես։ Այսինքն՝ հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ մի հատ նոր մեծ պատկերասրահի կարիք ունի Հայաստանը»,- եզրափակում է քանդակագործը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image