Հասարակություն

Գարուն ա, փոս ա արել․․․

Գարուն ա, փոս ա արել․․․

Ձմռանը սովորաբար ձյուն է լինում։ Այս պարզ ճշմարտությունը քաղաքային իշխանություններին միշտ անակնկալի է բերում: Նախ զարմանում են, որ ձյուն եղավ, շատ ձյուն, հետո ապշում են, որ ասֆալտի վրա փոս եղավ՝ շատ ու անհարմար փոսեր։ Այդպես է եղել միշտ՝ ասֆալտի հայտնագործումից ի վեր։ Բայց զարմանալին այն է, որ այդ ավանդույթն այդպիսին մնաց նաեւ ասֆալտը որպես կարեւոր նախընտրական գործոն օգտագործել հավակնող իշխանության դեպքում։ Գարունը բացվեց, ու տեսանք փոսերը եւ լսեցինք բացատրությունը, թե ինչու այդքան շատ ու խորն են այս անգամ բոլորովին վերջերս հարթեցված եւ ասֆալտապատված ճանապարհների փոսերը։

Եվ այսպես, ինչպե՞ս է բացատրում խնդիրը քաղաքապետ Ավինյանը։ Ասում է․ «Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել-հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման եւ ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետեւանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթեւեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները»։ 

Ընդհանրապես, այս քաղաքապետը, որն իր պաշտոնը ստանձնելիս երդվեց՝ ձեռքը դնելով Էրեբունի-Երեւանի հիմնադրման մ․թ․ա. 782 թվագրվող սեպագիր արձանագրության վրա՝ հատուկ բերված երդմնակալության համար, որպես խորհրդանշական կապ Երեւանի հնագույն պատմության հետ, կարծում է, թե երեւանցիների գիտելիքներն ուրարտական ժամանակներից առաջ չեն գնացել։ Աղբն այրելու եւ օդի աղտոտվածության մասին խոսելիս եւս նա տվեց ժամանակակից մարդուն արդեն լավ հայտնի երեւույթների բացատրություններ՝ օդի կախված մասնիկների, Երեւանի ձագարային լանդշաֆտի եւ այլ հանրահայտ բաների մասին, որոնք, սակայն, չեն չեղարկում կամ բացառում քաղաքի գրագետ կառավարման՝ նույնպես ժամանակակից մեթոդները։   

Ջրի սառչել-հալչելու մասին քաղաքապետի դիտարկումը կլիներ հետաքրքիր եւ անգամ կարեւոր, եթե նրանից մոտ 340 տարի առաջ Գիյոմ Ամոնտոնը կատարած չլիներ ջերմային ընդլայնման վերաբերյալ իր ուսումնասիրությունները, որը հրապարակել է 1690-ականներին եւ ապացուցել, որ ջերմաստիճանի բարձրացման դեպքում գազի ծավալը մեծանում է, իսկ նվազման դեպքում՝ փոքրանում։ Իսկ կոնկրետ ձյան, այսինքն՝ ջրի, դեպքն էլ բացատրել է Անդերս Ցելսիուսը, որի ջերմաստիճանային ուսումնասիրությունները եւ հենց իր՝ Ցելսիուսի սանդղակը, հրապարակվել են 1742 թվականին, այսինքն՝ մոտավորապես 280 տարի առաջ։

2026 թվականին այսպիսի հին հայտնագործություններ ու դպրոցական ֆիզիկայի 5-րդ դասարանի գիտելիքներ ցուցադրելու փոխարեն, երեւի ուղղակի պետք է նայել այդ ասֆալտի որակին, որը չպետք է չդիմանա մեկ ձմեռային փորձության։ Եվ, ուրեմն, այս ասֆալտները, որոնք ներկա իշխանությունը դարձրել է խաղաքարտ՝ ընտրությունների համար, մնայուն արժեք չեն՝ գոնե մի քանի տարվա կտրվածքով, քանի որ չունեն անհրաժեշտ նվազագույն որակը՝ ջրի ընդարձակման եւ սեղմման սովորական ֆիզիկական ազդեցությունների հետեւանքով շարքից դուրս չգալու համար։

Մեր օգնական ChatGPT-ն կօգնի նաեւ ձեզ, պարոնայք՝ դպրոցում դասերը վատ սովորած պաշտոնյաներ․ պարզվում է՝ չնայած նյութերի ջերմաստիճանային անկայուն վարքագծին, կա հնարավորություն՝ մեկ ձմեռվա ընթացքում համայնքի եւ պետության բյուջեի փողերը խոր փոսերի մեջ չթաղելու։ Եվ, ահա, ասֆալտը համարվում է որակյալ, երբ այն բավարարում է թե՛ նյութական, թե՛ կառուցվածքային պահանջներին, որոնց հիմնական պայմաններն են․ ասֆալտի ճիշտ բաղադրությունը՝ բիտումի ճիշտ տոկոսը։ Այն չպետք է լինի ոչ շատ, ոչ քիչ, ոչ էլ աչքաչափով, քանզի քիչ լինելու դեպքում ճանապարհը կճաքի, շատ լինելու դեպքում կդառնա փափուկ եւ կձեւափոխվի։ Բիտումի նկատմամբ պետք է ճիշտ հարաբերակցություն ունենան լցանյութերը՝ ավազ, խիճ, քար։ Բիտումի որակը չանտեսենք․ այս հարցում փոսերը լվանալու թվացող հեշտությունը շատ կարճատեւ գաղտնիք է, պարոնայք ասֆալտչիկներ։ Բիտումը պետք է ունենա լավ կպչունություն, դիմանա ջերմաստիճանային փոփոխություններին, չփխրվի ցրտին եւ չփափկի չափազանց շոգին։ Կարեւոր են այս նյութերի ճիշտ խառնման եւ տեղադրման պայմանները․ խառնուրդի ջերմաստիճանը՝ 140-170°C, պետք է իրականացվի լավ խտացում (ճանապարհային գլանով)՝ միայն հարթ եւ ամուր հիմքի (հողի կամ բետոնի) վրա։

Ու շատ կարեւոր դիտարկում, հին նորություններ հայտնագործող պարոնայք, ասֆալտը պետք չէ փռել անձրեւի ժամանակ, դա հիմարություն է։ Ահա, այս պայմանները պահպանելու դեպքում ասֆալտն ունենում է մեխանիկական հատկություններ, դրանք են՝ ծանր բեռների, արագ ճաքերի եւ փոսերի նկատմամբ նույնպես դիմացկունություն եւ, ամենակարեւորը՝ ջրադիմացկունություն։ Ճիշտ փռված ասֆալտի մեջ ջուրը հեշտությամբ չի ներծծվում, եւ, հետեւաբար, այն կայուն է սառչել-հալվելու ցիկլերի ընթացքում։ Կարճ ասած՝ ասֆալտը որակյալ է, երբ այն դիմացկուն է, հարթ, ճաքեր չի տալիս եւ երկար ժամանակ պահպանում է իր ձեւը՝ անկախ նրանից, որ տարին ունի 4 եղանակ, եւ այդ ընթացքում պատահում են դեպքեր, երբ ջուրը սառչում է, իսկ հետո, մի գեղեցիկ օր անխուսափելիորեն հալչում է։ Սրանք ֆիզիկաքիմիական ճշմարտություններ են, բայց ասֆալտին սազում են նաեւ քաղաքական գնահատականներ, քանի որ այն քաղաքական նշանակություն ունի՝ որպես ընտրություններում կարեւոր գործոն։

Ասֆալտը եւ ճանապարհաշինությունը որակյալ են, երբ այն իրականացրել են ազնիվ ղեկավարները՝ գրագետ եւ ազնիվ կապալառուների միջոցով։ Երբ շինարարության տենդերը շահել են պրոֆեսիոնալ ընկերությունները, ոչ թե պաշտոնյաների ընկեր-բարեկամները, երբ գնվել է որակյալ բիտում, վարձվել են որակյալ մասնագետներ եւ չեն կատարել հին ու բարի, այսպես ասած, ատկատներ՝ մտածելով, որ ասֆալտի շերտի ուսումնասիրության բարդությունը թույլ չի տալիս հստակ գնահատել աշխատանքի արժեքը։ Եթե մեկ տարում ասֆալտը փլուզվել է եւ ահռելի փոսերով անհարմարություն առաջացրել մայրաքաղաքի կենտրոնում, շատ կասկածելի է, որ ավելի որակյալ ասֆալտ փռված լինի գյուղերում, որտեղ մարդիկ հիացած են ափիբերան՝ «նախկինները գյուղերում թերացել են՝ ասֆալտ չեն արել, իսկ ներկաներն արել են» մտքից։

Եվ հիմա հանկարծ հիշել են, թե ձմռան փորձությանը չդիմացան հենց նախկինների ասֆալտները։ Ուղղակի մոռանում են, որ իրենք իշխանության են արդեն 8 տարի, եւ, ուրեմն, այդ նախկինները, որ, փաստորեն, այդուամենայնիվ, ինչ-որ ասֆալտ արել են, լավ էլ որակով են արել։ Ընդդիմադիր պատգամավորը, խոսելով Երեւանի խայտառակ ճանապարհային փոսերի մասին, ասաց՝ միլիարդավոր դրամները, որ ծախսվել են հարկատուների գրպանից, ասֆալտ անելու համար, մսխվել են։ Չի պահպանվել ո՛չ որակը, ո՛չ հաստությունը, ո՛չ մեթոդը։ Չհամաձայնել այս դիտարկումների հետ՝ դժվար է։ «Ձեր արած ասֆալտն ասֆալտ չի։ Աշխարհի ոչ մի երկրում աղ շաղ տալուց խրամատներ չեն առաջանում»,- եզրահանգեց պատգամավորը, եւ դա, այո, լիովին քաղաքական գնահատական է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image