Քաղաքականություն

Թե ինչով ավարտվեց քաղաքացի Սարգսի փոդքաստը

Թե ինչով ավարտվեց քաղաքացի Սարգսի փոդքաստը

Ժողովրդիս վառ երեւակայությունն ու հնարամտությունը, ծանր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունն ինձ սպանում են: Բառեր չկան նկարագրելու, օրինակ, տրանսպորտի վերահաս թանկացման կապակցությամբ նրա պահվածքը: Տեղից չեն շարժվում… Սպասում են, որ ուրիշներն իրենց փոխարեն դուրս գան փողոց, վատամարդ դառնան հայրենի իշխանություններին, ծեծ ուտեն, բերման ենթարկվեն, բանտ նստեն, ու դրանից հետո, գուցե, տրանսպորտը մի քանի ամսով չթանկանա: Այսքանը՝ ժողովրդիս ուղեղի պահվածքի մասին: Բայց փոխարենը՝ ինչ ճոխ է ժողովրդիս լեզուն… Ո՜նց է աշխատում՝ ամիսը 4 շաբաթ, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, առանց դադարի ու ընդմիջման, գիշեր ու ցերեկ: Տիգրան Ավինյանի անունը գիտե՞ք ինչ են դրել… Դուք ինչպե՞ս կորակեիք տրանսպորտում ձեր գրպանը կամ պայուսակը մտած անծանոթին: Ջեբկի՞ր: Այո, հենց ջեբկիր, ջեբկիր Տիկո:

Փաստորեն, ջոկել են արդեն, որ ինչ-որ մեկն իրենց թալանում է` մտել է գրպաններն ու փողը տանում է: Ավտոբուսի «գողն» էլ «գող» է՝ ի՞նչ տարբերություն, ավտոբուսը «գազե՞լ» է, թե՞ «յութոնգ» կամ «ժոնգթոնգ»: Թեկուզ եվրոպական «ՄԱՆ» լինի, ջեբկիրի ու քաղաքացու համար ի՞նչ նշանակություն ունի ավտոբուսի մակնիշը: Ահա եւ ժողովուրդս կողմնորոշվել է քաղաքապետի հարցում:

Կարելի էր, թերեւս, ժողովրդին մի կերպ բացատրել, թե գիտե՞ք ինչ կա, սիրելի պողոսներ, պետությունը ծանր վիճակում է, չի կարողանում ծայրը ծայրին հասցնել, եթե կարող ես, տրանսպորտի համար մի քիչ ավելի վճարիր, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերն ու պարգեւավճարները տանք, Ավինյանին գործուղումների տանենք, տակն էլ ինչ մնա՝ ասֆալտ անենք, փոսերը լցնենք, ջրատարները մաքրենք, աղբահանություն կազմակերպենք… Ո՞ր մեկն ասեն խեղճերը՝ կանաչապատում, լուսավորություն, մանկապարտեզ, դպրոց… Փող, փող… Ամեն տեղ փող է պետք, իսկ փողը, սիրելի ժողովուրդ, միշտ քեզ մոտ է՝ քո թոշակի քարտի վրա, քո բանկային հաշիվներում, դրսից եկող տրանսֆերտներիդ մասին էլ չասած: Արածներս էլ ի՞նչ է, ընդամենը եռապատկում ենք տրանսպորտի գինը, իսկ դո՞ւք՝ թե բա՝ ջեբկիր Տիկո:

Ասեմ, սակայն, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեծ արժանապատվությամբ է ընդունել ժողովրդիս նետած մարտահրավերը եւ մի այնպիսի որոշում է կայացրել, որ ո՛չ ուտես, ո՛չ խմես՝ տրանսպորտի թանկացման ֆոնին դրանով հիանաս: Որոշել է «պադավատներից» զրկված իր պաշտոնյաների համար հեղուկ վառելանյութ դուրս գրել, որպեսզի տնից հասնեն քաղաքապետարան եւ հետ` տուն: Ձեւակերպումը, իհարկե, այդքան պարզ չէ` գրել են, թե դուրս գրված վառելիքը, իբր, ծախսվելու է այդ պաշտոնյաների կողմից քաղաքի կարիքների համար իրենց անձնական ավտոմեքենաները քշելու նպատակով: Պահոոոո… Ժողովուրդս սրա մասին դեռ չգիտի, ու պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե մի օր իմանա: Պարոն Ավինյան, իսկ ի՞նչ եք «դուրս գրելու» այն պաշտոնյաների համար, որոնց ավտոմեքենաները կարող են մաշվել, աստված մի արասցե, վնասվել, ջարդվել` քաղաքապետարանի կարիքների համար շահագործելիս: Եվ ապա՝ պաշտոնյա է ու իր զոքանչին քո տված հեղուկ վառելիքով (գազ, բենզին) տարավ շուկա, «Մեգամոլ» կամ «Երեւանմոլ»: Զոքանչը՝ դեռ հասկանալի է, իսկ ինչպե՞ս ես վերահսկելու այդ պաշտոնյայի «լեւի գնալը»: Բենզինը դո՞ւ ես տալու, պարոն Ավինյան: Անձամբ ես չէի անի, որովհետեւ դրանից հետո ժողովուրդն ինձ ավելի վատ անունով կկոչեր:

Մեկ-մեկ ուզում եմ ժողովրդիս հարցնել՝ իմ հնարամիտ ժողովուրդ ջան, բա որ դու այդպես կողմնորոշվել գիտես, ինչո՞ւ ոտքի չես կանգնում ու պատասխանատվության չես ենթարկում քո քաղաքային իշխանություններին: Ու մեկ էլ հիշում եմ, որ ժողովրդիս դարդուցավը, ախր, քաղաքային իշխանությունները չեն, որ այս ամեն ինչը վերեւից է գալիս՝ կառավարությունից, «մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանից»: Նա Ավինյանին փող չի տալիս, Ավինյանն էլ մտնում է ժողովրդի գրպանը: Բա էլ ո՞ւմ գրպանը մտնի: Ավինյանը չլինի, Հավինյանը լինի՝ չի՞ մտնելու:

Դե, մի պակաս ջեբկիր էլ Նիկոլը չէ: Թե Ավինյանը թաքուն, ինչ-որ տեղ «ծիխարի» է տանում, Նիկոլը դա անում է բացահայտ, ինչպես ինքն է ասում՝ օրենքի տառին համապատասխան: Եվ դա լկտիություն է, որովհետեւ ժողովրդիս համար ոչ մի նշանակություն չունի, թե ով է տանում իր փողը եւ ինչ ճանապարհով: Արդեն մի այդպիսի խայտառակ դեպք գրանցվել է, երբ քաղաքացուց օրենքով պահանջել են հարկ վճարել սեփական կնոջ հետ, երեւի հասկանում եք, գիշերը «զվարճանալու» համար: Ինչո՞ւ բերաններդ բացեցիք, շա՞տ ծիծաղելի էր: Ծիծաղեք, ծիծաղեք, էս ուղտը ձեր դռանն էլ է չոքելու: Ուրեմն, մի օր էս քաղաքացի Սարգսի միտքը գիշերվա կեսին ծռվում է: Բզում է կնոջը՝ ախչի, ի՞նչ ես ասում, մի հատ… Կինը, թե՝ «Մեգամոլում» մի սիրուն դեյրա եմ տեսել, կառնե՞ս… Կառնեմ, ազիզ ջան, երկուսը կառնեմ՝ ասում է Սարգիսն ու անցնում գործի: Էդ գիշեր մի լավ փոդքաստ են անում իրար, իսկ հաջորդ օրը գնում են «Մեգամոլ»: Սարգիսն իր քարտով դեյրան առնում է, նստում են, մարդա 2-3 հատ լահմաջո են խեղդում եւ ուրախ-ուրախ վերադառնում տուն: Գալիս են՝ ի՞նչ տեսնեն… ՊԵԿ նախագահը, բանկի կառավարիչը եւ ԴԱՀԿ-ի զորքն իրենց դռան առաջ հավաքված: Էս ի՞նչ հաշիվ ա՝ հարցնում է Սարգիսը:
- Իբր չգիտես, դու քաղաքացի Սարգիսը չե՞ս,- հարցնում է ՊԵԿ-ը:
- Հա…
- Դու քիչ առաջ «Մեգամոլից» 25 հազարանոց շրջազգեստ չե՞ս գնել:
- Գնել եմ,- խեղճանում է Սարգիսն ու անհանգստացած հավելում,- կնոջս համար եմ գնել:
- Դա արդեն էական չէ:
- Բա ի՞նչն է էական:
- Էականն այն է, քաղաքացի Սարգիս, որ այդ գնումից հետո քո բանկային քարտի եկամտային մասն ուռել է:
- Այսի՞նքն…
- Այսինքն այն,- մեջ է մտնում բանկի կառավարիչը, որ մենք հետեւում ենք քո դրամական շարժին ու տեսել ենք, որ քո ամսական մուտքերը չեն համապատասխանում ելքերին:
- Ե՞վ,- կմկմում է Սարգիսը:
- Պիտի եկամուտներիդ հայտարարագիր լրացնես, որ տեսնենք՝ էդ ավել փողը քեզ որտեղի՞ց,- ասում է ՊԵԿ-ը,- դա պետք է հարկվի…
- Յա՜ա՜ա՜,- իրար է անցնում Սարգսի կինը,- գլուխներդ պատին եք տվել, իմ մարդն ինձ համար մի դեյրա առնելու իրավունք չունի՞…
- Չափավորեք ձեր խոսքերը, տիկին,- զայրանում է ՊԵԿ-ը,- մենք պետք է ամեն ինչ իմանանք: Այ, դուք, օրինակ, 25 հազարանոց նվեր եք ստացել՝ դեյրա, Դուք պետք է հայտարարագրեք դա՝ ումից եք ստացել, ինչու եք ստացել, ինչ հանգամանքներում, Ձեր ծննդյան օ՞րն էր…

«Մեգամոլից» նաեւ մի թավա էին առել… Սարգսի կինը թավան հանում է տոպրակից… ՊԵԿ-ն ու բանկի կառավարիչն իսկույն գոլորշիանում են դեպքի վայրից: ԴԱՀԿ-ի զորքը մնում է կանգնած: Սրանց հրամանատարը, թե՝ մենք ի՞նչ անենք, այ Սարգիս ջան, օրենքն է պահանջում, Նիկոլն է ասել՝ մինչեւ վերջին կոպեկը հարկեք…
- Դեյրան է՞լ…
- Դեյրան էլ, նվերն էլ… Քեզ առնելու համար են հարկելու, կնոջդ՝ նվեր ստանալու: Ու մի բան էլ, հարգելի Սարգիս, սա կապ չունի տրանսպորտի թանկացման հետ, Ավինյանն իր «գործն» է անում, Նիկոլը՝ իր:

ՀԳ. Քիչ էր մնում մոռանայի: Ժողովուրդս Նիկոլի համար էլ է նոր անուն գտել՝ «Ռեկետ Նիկոլ», իսկ ավելի փաղաքշաբար՝ «Ռեկետյոր Իջեւանսկի»: Բայց սա, ինչպես ընդունված է ասել, այլ զրույցի թեմա է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image