Նախորդ օրն Ազգային ժողովին Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը թույլատրելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունն այնպես խուճուճ էր ձևակերպված, որ իրական ժողովրդավարության պայմաններում այն կմերժվեր պատգամավորների կողմից: Քանի որ այն բավականին անհասկանալի էր, ինչը բավարար հիմք է, որպեսզի տիկին դատախազին խնդրեին վատ շարադրություն գրած աշակերտի նման կրկին փորձել: Որպեսզի վերջինս տեքստ սարքեր մարդկանց համար հասկանալի լեզվով: Այդ պարագայում ավելի ադեկվատ էր նայվում նախկին ՔՊ-ական Աղազարյան Հովիկը, ով անկեղծորեն փորձում էր հասկանալ, թե որն էր Մինասյանի մեղքը: Ու, ինչպես երևաց, ինքը մինչև վերջ էլ չկարողացավ հասկանալ՝ դա ևս անկեղծորեն խոստովանելով: «Մեծարգո վարչապետի» դեմ խռովություն բարձրացնելու համարձակություն ունեցող Աղազարյանին կարող եմ վստահեցնել, որ ինքը մեղք չունի այդ առումով, քանի որ փաստաթուղթն ինքնին անհասկանալի էր: Ավելին, ենթադրում եմ նույնիսկ, որ տեքստ գրողն էլ չի հասկացել, թե դրանով կոնկրետ ինչ մեղադրանք է ներկայացվում նախկին նախարար Մինասյանին: Բայց դա ամբողջությամբ իր մեղքը չէ՝ եթե ինքն է տեքստի հեղինակը, որովհետև իրեն հրահանգվել է «փակել» ընդդիմադիր դաշնակցական պատգամավորին, ով նաև խիստ ակտիվ է: Իսկ քանի որ քաղաքական գործչին կալանավորելու հիմքը բացակայել է, գրվել է մի տեքստ՝ էական չէ, թե իր կամ ուրիշի կողմից, որին ինքը ևս չէր տիրապետում: Ու հենց այդ պատճառով էլ հարցին պատասխանելու համար կրկին անցնում էր տեքստ կարդալուն՝ գրվածն իր բառերով ներկայացնելու փոխարեն: Ահա, այդպիսի կազուսի առաջ են կանգնում՝ երբ ոմանք փորձում են բռնաբարել իրականությունը:
Այսօր ՀՀ Սահմանադրության, պետական խորհրդանիշների օրն է: Այնպես չէ, որ նախկինների օրոք գրված ու փոփոխված Սահմանադրությունը բանի նման էր: Բայց «մեծարգո վարչապետ» Փաշինյանի օրոք Սահմանադրության, պետական խորհրդանիշների օր նշելն ընդհանրապես նմանվում է զավեշտի: Որովհետև վերջինիս օրոք բազմիցս բռնաբարվել է Սահմանադրությունը, բռնաբարվում են պետական խորհրդանիշները: Կարծում եմ, որ մենք իրավունք կունենանք նախկինի նման այս օրը նշել միայն այն դեպքում, եթե կարողանանք վարչապետի պաշտոնն ազատել «մեծարգո վարչապետ» Փաշինյանից: Այնպես որ այդ տոնը շնորհավորելու փոխարեն մտքովս անցավ մեկ այլ, «չտոնին» ավելի ադեկվատ գաղափար: Այն է՝ «տուրիստ» օտար բառը թարգմանենք ոչ թե երկարաշունչ «զբոսաշրջիկ» բառով, այլ դրա ավելի կարճ՝ «զբոսնիկ» տարբերակով: Դե իսկ «տուրիզմ»-ն էլ կլինի ոչ թե «զբոսաշրջիկություն», այլ շատ ավելի կարճ՝ «զբոսնիկություն»: Ինչո՞վ լավ չէ…
Լավ, քանի որ այսօր, թեկուզ ֆորմալ առումով, տոն օր է, այն էլ ոչ աշխատանքային, փորձեմ ավելի լուրջ թեմայով ավարտել այս հոդվածը: Հաշվի առնելով, որ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից շարունակվում է իրենց իսկ կողմից մոգոնած հեղաշրջման փորձ կոչվածը ծամծմելը, ներկայացնեմ դրա զավեշտական դրսևորումներից մեկը: Մեկ-երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Ռուբինյան Ռուբենն ասել էր, որ հեղաշրջման փորձը ոչ թե հանուն իշխանություն ստանձնելու էր, այլ հայաստանյան ժողովրդավարական կարգերը դեմոնտաժի ենթարկելու: Ստացվում է, որ Ռուբինյանի համար կարևորը ոչ թե իրենց իշխանությունն, այլ ժողովրդավարությունը պահպանելն է: Հլա մի հատ պատկերացրեք՝ փաստորեն Ռուբինյանը տեսականորեն դեմ չէ, որպեսզի իշխանությունը հանձնվի ընդդիմությանը: Դեմ է զուտ այն բանին, որ դեմոնտաժի չենթարկվի «մեծարգո վարչապետ» Փաշինյանի օրոք Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը: Պատկերացնո՞ւմ եք, պարզվում է որ իրավապահ ամբողջ համակարգը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելը հենց ժողովրդավարությունն է, որ կա: Որ անմեղ արտահայտության համար բարերարին կալանավորելը ժողովրդավարության դրսևորում է: Որ քննադատական խոսքի համար բարձրաստիճան հոգևորականին՝ չնայելով նրա տարիքին ու հիվանդությանը, կալանավորելը ևս ժողովրդավարության դրսևորում է: Որ մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի վրա կեղծված հիմքերով քրգործ կարելն ու կալանավորելը ժողովրդավարության դրսևորում է: Կարծում եմ, որ Ռուբինյան Ռուբենին կարելի էր շնորհել քաղաքականության ու ազնվության գծով շնոնոբելյան կամ հականոբելյան հատուկ մրցանակ: