Հարցազրույց

«Հրապարակ». Վստահ եմ` Իսրայելը դիվանագիտական խողովակներով հայտնել է Բաքվին իր որոշման մասին

«Հրապարակ». Վստահ եմ` Իսրայելը դիվանագիտական խողովակներով հայտնել է Բաքվին իր որոշման մասին

«Հրապարակի» զրուցակիցն «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն է։

- Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, ինչպես խոստացել էր, կառավարության վերջին նիստերից մեկում ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւի նախագիծ, որը միաձայն ընդունվեց։ Հայ հանրությունը մեծ ոգեւորությամբ արձագանքեց փաստին՝ գիտակցելով, սակայն, որ սա նաեւ թուրք-իսրայելական հակասությունների արգասիք է։ Ըստ Ձեզ, ո՞րն է գլխավոր շարժառիթը։

- Գլխավոր շարժառիթը թուրք-հրեական թեժացող հարաբերություններն են, որի պատճառով էլ կայացվեց Իսրայելի կառավարության այս միանձնյա որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, եւ, ի դեպ, ոչ ավել, ոչ պակաս՝ վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ։ Վերջին շրջանում թուրքերը, հանձին Էրդողանի, հաճախակիացրել են իրենց քննադատությունները, մեղադրանքները Իսրայելի կառավարության հասցեին, մասնավորապես՝ Գազայում, այսպես կոչված, ցեղասպանություն իրականացնելու հետ կապված, ուստի Թել Ավիվի «համբերության բաժակը լցվել է», հարաբերություններն էլ նվազագույնի են հասցվել Թուրքիայի հետ՝ հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքերից հետո, որն էլ շարժառիթ եղավ նման որոշման։

- Կարծիք կա, որ Հոլոքոստ ապրած հրեա ժողովուրդն ու հրեական պետությունը մի փոքր ուշացրել է այս հարցի արծարծումն այն իմաստով, որ իբրեւ հայության հետ բախտակից ազգ՝ կարող էր ավելի շուտ բարձրացնել այն։ Այդուհանդերձ, վերջին շրջանում Իսրայելում գիտական, փորձագիտական հանրությունը, կարծեք, փոխել է Հայոց ցեղասպանության հետ կապված դիրքորոշումը, եւ դա, փաստորեն, հասել է պետական շրջանակներ։ Ի՞նչն է բերել այս հանգրվանին։

- Այո՛, Իսրայելը, որպես պետություն, եւ ինչքան մտավորականներ կան, որ բախտ եմ ունեցել՝ իրենց հետ զրուցելու, միշտ ասել են ու ասում են՝ այո, Իսրայելը Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչեր 1948 թվականին, այսինքն՝ իր պետության միջազգային ճանաչումից հետո, որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգ, որն իր երկիրն է կառուցում։ Բայց դա տեղի չունեցավ քաղաքական տարբեր պատճառներով, որովհետեւ շահական Իրանն ու քեմալական Թուրքիան, փաստորեն, միակ պետություններն էին, որոնք Իսրայելի վրա հարձակվելու նկրտումներ չունեին։ Սրանով պայմանավորված՝ մինչեւ 2000-ականների վերջը, մինչեւ Էրդողանը եկավ իշխանության, խաղաքարտերը փոխվեցին, ինչն էլ անխուսափելի հնարավորություն տվեց Իսրայելին՝ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Սա, իմ կարծիքով, «ապտակ» է Թուրքիային։ Խնդիրը փաստացի ճանաչումն է, որ պետությունն առ այսօր չի արել․ շուտով Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են, ինչը նշանակում է, որ ֆիզիկապես եւ տեսականորեն ժամանակ չկա ՝ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթ տանելու համար։

- Ուրախալի են նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքն ու դիրքորոշումն այս հարցում․ նա հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագծին աջակցելու մասին։ Սա մեծացնու՞մ է կառավարության կողմից բանաձեւի հաստատումն ու ապա՝ Քնեսեթում վերջնական վավերացումը։

- Իհարկե, լավ է, որ Իսրայելի վարչապետը նման հայտարարություն է անում։ Նա էլի է արտահայտվել, թե իբր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց փաստացի նման բան չի եղել, իր կուսակցությունն առաջինն է, որ տասնյակ տարիներ Քնեսեթում դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին։ Այս անգամ կառավարությունը ճանաչեց, բայց հաջորդ կառավարությունը կարող է ասել՝ ես չեմ ճանաչում։ Գլխավորը Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ու պաշտոնական ճանաչումն է, որը շուտով արձակուրդ է մեկնում, քննարկման հնարավորություն չկա, իսկ առաջիկա ընտրություններում մեծ հարց է՝ Նեթանյահուն մնալո՞ւ է վարչապետ, թե՝ ոչ, կամ՝ արդյո՞ք ընդդիմություն կդառնա, թե՝ չէ։ Կամ՝ կոալիցիա կլինի՞, եւ ինչ զարգացումներ․ հարցեր են, որոնց պատասխաններն այս պահին չկան։

- Ակնհայտ է, որ ինչ-որ շրջանակներ, հատկապես՝ թուրք-ադրբեջանական, կխոչընդոտեն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Այդ երկրներն արդեն բացասաբար են արձագանքել։ Ուշագրավն Ադրբեջանի դիրքավորումն է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, Բաքվի մանեւրելու տարածքը նեղանո՞ւմ է։

- Այո, Ադրբեջանն արդեն դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, առաջարկել՝ վերանայել այդ որոշումը, բայց վստահ եմ, որ Իսրայելն իր դիվանագիտական խողովակներով արդեն հայտնել է Բաքվին իր որոշման մասին, եւ դա չի փոխվելու, միանշանակ։ Ադրբեջանական եւ թուրքական լոբբին բավականին հզոր են Իսրայելում, հատկապես վերջին տարիներին՝ ադրբեջանականը։ Տնտեսական, ռազմական եւ ռազմավարական հարաբերություններն այս պարագայում, բնականաբար, հաշվի են առնվել։ Իսրայելն իր մեսիջները պարզ ու հստակ ուղարկել է Բաքվին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն ընդամենը ներքին լսարանի համար է։ Բայց երբ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը բերվի Քնեսեթ, այդ ժամանակ կտեսնենք ադրբեջանաթուրքական լոբբիի ռեալ աշխատանքը։ Իսկ հիմա սա ուղղակի ճանաչում է, որը, ըստ էության, դրական քայլ է հայության համար, բայց պաշտոնական ճանաչում չէ, կարելի է համարել որպես կառավարության պաշտոնական հայտարարություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image