Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսնակը այսօր պատասխանել է մեր «Նախարար Ավանեսյանը տեղյակ չէ առողջապահության ոլորտի իրավական կարգավորումներից» հրապարակմանը։ Մենք անդրադարձել էինք Ավանեսյանի հայտարարությանը, թե որոշում է կայացվել ձմռան պայմաններում կոտրվածքների բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
Մեր ընթերցողներից մեկը, նաև Պետական Առողջապահության գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանն ասել էր, որ անհետաձգելի բուժօգնությունը նման դեպքերում դեռ 2019 թվականից անվճար է բոլորի համար, որ խոսքը միայն «ԷՄԵՐՋԵՆՍԻ» ծառայության, այսինքն՝ հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության մասին է, այն դեպքերի, երբ մինչև 24 ժամ անձի սպասարկումն իրականացնում են անվճար՝ գիպս են դնում, կար են դնում, ճնշում են իջեցնում, որից հետո մարդը վերադառնում է տուն եւ հետագա հսկողությունն արդեն իրականացվում է պոլիկլինիկայում: Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը պնդում է, որ նախարարի հրամանը սխալ է մեկնաբանվել եւ խոսքը «էմերջենսի» ծառայության մասին չէ՝ անհետաձգելի օգնության․ «Փետրվարի 20-27-ը ներառյալ եղանակով պայմանավորված և դրա հետևանքով վնասվածքներ ստացած ՀՀ քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը և սպասարկումը` այդ թվում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ մեխեր, հարթակներ, պտուտակներ, շյուղերի կիրառում և այլն կիրականացվի պետպատվերի շրջանակում: Դա է փոփոխված: Հրամանը կա, դժվար չէ գտնելը: Իրավական կարգավորումներից տեղյակ չէ լրագրողը և փորձագետը»:
Ծաղիկ Վարդանյանը՝ ծանոթանալով խոսնակի այս առարկությանը, շարունակեց պնդել իր ասածը՝ որ նախարարը մանեւրում է, հատուկ և դժվարամատչելի հետազոտություններն ու վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների օգտագործումն անվճար չէ, դա կարգավորվում է կառավարության որոշումով, նորմատիվ հրամաններով, որոնք փոփոխության չեն ենթարկվել։
«Շրջաբերականով կամ անհատական, լոկալ հրամաններով նորմատիվ հրամանների դրույթները փոփոխելը կամ լրացնելը մեղմ ասած իրավաչափ չէ և պետական գումարները չի կարող ծախսվել սիրողական կարգավորումներով․․․ Իսկ եթե ձեր նպատակը իրականում ձյան, սառույցի վրա վայր ընկած մարդկանց օգնելն է, ապա այն նույն ջանասիրությամբ, որ պիտակավորում եք ինձ, մանրամասն ներկայացրեք ի՞նչ փոփոխություն և ո՞ր իրավական նորմով եք արել, որպեսզի մարդիկ իրականում օգտվեին պետական պատվերից»։
Ծաղիկ Վարդանյանը չի ալարել եւ լուսանկարել է ԱՆ կայքից նորմատիվային ակտերը, որպեսզի հետին թվով որևէ նոր ու անհայտ թուղթ չմտցնեն։ Իսկ մենք ՀՀ քաղաքացիներին, մեր ընթերցողներին, որոնք այս օրերին ձեռք, կամ ոտք կկոտրեն, կամ այս պահին հիվանդանոցում են նման խնդիրներով, հորդորում ենք զանգել մեզ եւ հայտնել, թե որքան են վճարել ԿՏ, ՄՌՏ հետազոտությունների, կամ վիրահատությունների համար։ Անցյալ տարվա տվյալներով, կոտրվածքների ամբողջական սպասարկման և բուժման համար ՀՀ բուժհաստատությունները քաղաքացուց պահանջում էին 350 հազարից մինչև 700 հազար դրամ։