Հասարակություն

«Ֆլեշի» նախկին իրավաբան, այժմ դատավոր Վահագն Թորոսյանի վերաբերյալ որոշումը հրապարակվեց

«Ֆլեշի» նախկին իրավաբան, այժմ դատավոր Վահագն Թորոսյանի վերաբերյալ որոշումը հրապարակվեց

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ 

Ըստ Դատական իշխանության կայքում առկա տեղեկատվության՝ Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Գուրգեն Թորոսյանը։ 

Ըստ տեղեկությունների՝ Թորոսյանը «Ֆլեշ» ընկերության դեմ ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունել ու քննել, սակայն դատավարության կողմերի համար չի բացահայտել այն հանգանմանքը, որ նախկինում 10 տարուց ավելի եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության հարցում։ Այսինքն` նա պետք է կողմերին տեղյակ պահեր այդ փաստի մասին, ինչը չի արել։

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր հրապարակեց գործի վերաբերյալ որոշումը` մերժելով հանձնաժողովի միջնորդությունը։ Վահագն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց եւ հեռացավ, նիստից ավարտից հետո հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Նշենք նաեւ, որ դատավոր Վահագն Թորոսյանի վերաբերյալ ևս մեկ կարգապահական վարույթ ԲԴԽ-ում քննվել է 2022 թվականին։ Այս դեպքում դատավորի վերաբերյալ վարույթը հարուցվել էր այն բանի համար, որ նա, լինելով դատավոր, վարչական գործերից մեկով հանդես է եկել որպես իր կնոջ ներկայացուցիչ։ Այս գործը, սակայն, մնացել էր առանց քննության, քանի որ Բարձրագույն դատական խորհրդում քվորում չէր ապահովվել։ Մասնավորապես, այն բանից հետո, երբ ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ԲԴԽ անդամներից մեկը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ մեկ այլ անդամ գործուղման մեջ էր գտնվել։ Այսպիսով՝ հնարավոր չի եղել ապահովել անհրաժեշտ քանակով խորհրդի անդամների ձայներ՝ Թորոսյանի գործով որոշում կայացնելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image