Մեր երկիրը Բարեկենդանի կնկա պահած տան պես է։ Յուղն ու բրինձը տվել ենք, ու դեռ ասում ենք՝ խաղաղություն է։ Ախր շատ նմա՜ն ենք է։ Տեսեք մեր բարեկենդանը ո՜նց է խաղաղություն բերել, ո՜նց է պատահած մեկի շալակը տալիս էս երկիրը․« Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։ Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։ -Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
-Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ »։ Էսպես էլ Հայաստանը՝ տվել է յուղն ու բրինձը, սահմաններն ու ձորերը, գյուղերն ու արոտավայրերը, ու դեռ ասում է, թե խաղաղություն է եկել։ Բայց մեր յուղն ուրիշներն են կուլ տալիս, մեր բրնձով ուրիշներն են փլավ շինում։ Մեր երկիրը յուղ ու բրնձի պես տվել է Բարեկենդանին։ Էդ կնկա մարդը գոնե գնաց իր յուղ ու բրնձի հետևից, մենք դա՜ էլ չենք անում։
Ծիծաղում ենք, որ մարդը կնկանից է շաշ, կնիկը՝ մարդուց․․․ Ցավոք սրտի, սա հեքիաթ չէ, որ կարդանք ու ծիծաղենք։ Ծիծաղողը մեր յուղ ու բրինձը տանողներն են, որոնք ուրախացել են, որ յուղն ու բրինձը կնիկը տվեց, ձին էլ մարդը թողեց։ Կոնկրետ խոսեմ։ Փաշինյանն ասում է, որ խաղաղություն է բերել։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք նրա վարած խայտառակ պատերազմները, տասնյակ հազարավոր զոհերն ու հաշմանդամները և մտածենք՝ ճիշտ ա ասում էլի, Ադրբեջանը չի կրակում, էլի նորմալ ուղեղով հնարավոր չէ հավատալ։ Ասում է՝ մյուս նախագահների օրոք սահմաններին կրակել են։ Մյուս նախագահների օրոք սահմաններին կրակել են, որովհետև սահման ունեինք։ Հիմա աքցանի մեջ ենք։ Մյուս նախագահների օրոք կրակել են, որովհետև յուղն ու բրինձը մեր տանն էր։ Ասում է՝ խաղաղություն է, որովհետև գնդակ չկա։ Բայց գնդակ պետք չէ, երբ երկիրը աքցանի մեջ է։ Մեր այս վիճակին նայելով այնքա՜ն պրիմիտիվ է Փաշինյանի խաղաղությունը։ Ո՞նց եք հավատում մեծ տերությունների կողմից թղթով շինած այս տնակին, որը ցանկացած պահի կարող է փլուզվել։ Ադրբեջանն ինչու՞ կրակի։ Մեր բարձունքներին նստած կրակում է, որ ի՞նչ անի․․․ Թռչունը բռի մեջ է։ Փաշինյանը դա չգիտի՞․․․ Չի կրակում, որ ժողովուրդը հավատա Փաշինյանի խաղաղությանը ու նրան ընտրի։