Հասարակություն

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին նորից հարցաքննեն

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին նորից հարցաքննեն

Վերջին օրերին հանրային քննարկումների կիզակետում է հայտնվել Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահներին «Մարտի 1-ի» գործով օրերս հարցաքննության կանչելը։ Եթե երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի դեպքում առայժմ հստակ է, որ նա շարունակում է մնալ  անազատության մեջ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, ապա տակավին անհայտ է, թե ինչ ընթացք կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը, նրանց կրկի՞ն կկանչեն հարցաքննության, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին Հատուկ քննչական ծառայությունում վկայի կարգավիճակով հարցաքննել են շուրջ վեց ժամ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 1,5 ժամ։
Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը կարծում է, անցած տասնմեկ տարիներին «Մարտի 1-ի» գործով նախաքննության մարմինները կանխամտածված կերպով իրեղեն ապացույցները խեղաթյուրել են, փաստերը՝ կոծկել, կեղծ ապացույցներ են ներկայացրել։ 

«Ակնհայտ է, որ Մարտի 1-ին բանակն օգտագործել են սահմանադրական կարգը տապալելու համար։ Այդ ուղղությամբ այժմ քննությունը ճիշտ է ընթանում, վկաներին են հարցաքննում, մասնակիցներին՝ բոլորին, պետք է հարցաքննեն։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին նորից հարցաքննեն, հարցաքննեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Չի բացառվում, որ կալանավորվի նաեւ Սերժ Սարգսյանը։ Չէ՞ որ ինքն էլ է մեղսակից, այն ժամանակ ինքը կեղծիքներով ընտրվել է ՀՀ նախագահ, իսկ մինչ այդ էլ վարչապետ էր»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Մալխասյանը։
Ազատամարտիկը նկատում է, որ ժողովրդին այն ժամանակ առաջնորդում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը չի տապալել սահմանադրական կարգը։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ ազատամարտիկի, Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ գործով տուժող է, եւ պետք է հարցաքննվի որպես տուժող։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա, ըստ ազատամարտիկի, նրան չկալանավորելու դեպքում գործը կարող է կիսատ-պռատ ընթացք ունենալ։ 
«Եվ ինչո՞ւ միայն Սերժ Սարգսյանը, պետք է պատասխան տան պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, բոլորն էլ պետք է պատասխան տան»,- նշեց  Վարդան Մալխասյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image