Հասարակություն

Մեր եկեղեցու սպասավորների մեջ հարյուրավոր հայրենիքի նվիրյալ, պինդ հոգևորականներ կան

Մեր եկեղեցու սպասավորների մեջ հարյուրավոր հայրենիքի նվիրյալ, պինդ հոգևորականներ կան

Ամեն աստծու օր մի գիծ էլ է հատում, մի սահման էլ է խախտում: Ու չես հասկանում` ինչի վրա է հույսը, ինչքան է սեղմելու զսպանակը` չհասկանալով, որ այն մի օր շրխկալու է դեմքին: Ի վերջո, եթե էս ազգը ռեպրեսիաներից վախեցող լիներ, եկեղեցին` կոտրվող լիներ, իր մեթոդներն աշխատող լինեին` պետք է վաղուց հասած լիներ իր նպատակին և ընդվզումի, քննադատության ծպտուն պետք է չհնչեր երկրում: Դժվար չէ նկատել, որ մարդիկ չեն նահանջում, չեն կոտրվում, չեն լռում, չեն վախենում: Ավելին` նրանց համբերության բաժակը լցվում է...
Այսօր մի կարմիր գիծ էլ խախտեց մարդը, կաթողիկոսի ելքը երկրից արգելելով, բայց ես ուզում եմ այս նողկալի արշավի «դրական» կողմերի մասին խոսել: Մի զարմացեք` իրոք որ չկա չարիք, առանց բարիքի: Այս արշավը շատ շատերին դեմքով դեպի եկեղեցին ու հավատքը դարձրեց: Մարդիկ սկսեցին եկեղեցական կանոններ ու վարքաբանություն ուսումնասիրել, պատարագների գնալ, աղոթել, եկեղեցու պատմություն կարդալ, հոգևոր հայրերին ճանաչել:

Եվ դա ամենակարևորն է: Ես, օրինակ, բացահայտեցի ինձ համար, որ մեր եկեղեցու սպասավորների մեջ հարյուրավոր գրագետ, խելացի, հայրենիքի նվիրյալ, պինդ, պայքարող հոգևորականներ կան, որոնց մենք չենք ճանաչել: Նրանք համեստորեն ու լռելյայն իրենց գործն են կատարել` առանց իրենց անձը կարևորելու: Ի զարմանս ինձ պարզեցի, որ Մայր Աթոռի ճեմարաններում հրաշալի կրթություն են տալիս և այդ կրթօջախներից դուրս են գալիս բազմակողմանի զարգացած, սիրուն և հոգևոր խոսք ունեցող, պատմություն ու մշակույթ իմացող-սիրող մարդիկ: Միանգամայն հասկանում եմ այս արշավը սանձազերծողի կատաղությունը, թե` եկեղեցին խառնվում է քաղաքականությանը: Նման գրագիտություն, խոսքի կուլտուրա ունեցող մարդիկ եթե մտնեն քաղաքականություն, նրանց հետ մրցելու որևէ շանս չունեն հայհոյանքի ու գռեհկաբանության վարպետ, կիսագրագետ ՔՊ-ականները: 

Ես ուշադիր կարդում-լսում եմ շատ հոգևորականների, հատկապես հիացած եմ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի, տեր Վրթանես քահանա Բաղալյանի, տեր Փառեն քահանա Առաքելյանի վեհանձն խոսքով և խելացի վերլուծություններով, դե Բագրատ, Միքայել և Արշակ սրբազանների խոր գիտելիքների, հայրենասիրության, համարձակության մասին ընդհանրապես խոսք չկա: 

Մի կտոր մեջբերեմ Տեր Փառենի երեկ մեզ տված հարցազրույցից.
«Հայ առաքելական եկեղեցին ավանդապաշտ, սրբություն պահող եկեղեցի է, դրա համար ոսկոր է կանգնած կոկորդներին: Չեն կարողանում հանդուրժել մեզ, որովհետև մենք շաբաթ օրը չենք գնում հարբելու, պարելու, կիրակի օրը՝ պատարագի: Մենք շաբաթ օրվանից սկսած պատրաստվում ենք պատարագին: Իմ ընկերները գիտեն, որ շաբաթ օրը ես գնալու եմ, նստեմ մի անկյունում և տրամադրվեմ պատարագին...

Ոչ ոք չի հաջողել իր սև գործում, այսօր էլ չի հաջողելու: Ասել ենք, ասում ենք ու կասենք` այս գործընթացը դատապարտված է ձախողման, որովհետև ազնիվ չէ, իսկ Հայ առաքելական եկեղեցին ուժեղացած է դուրս գալու էս ամեն ինչի միջից»:
Ամեն

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image